Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը մերկացնում է իր նախկին մրցակցի՝ Տարոն Մարգարյանի աներձագի գործունեությունը

Դեկտեմբեր 13,2012 18:30

Երեկ Սահմանադրական դատարան հանձնվեց  դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 1 ԸԸՀ-ի 07.12.12 որոշումը չեղյալ ճանաչելու մասին Ժառանգություն կուսակցության պատգամավոր թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանի դիմումը:

Ս. Սաֆարյանը Aravot.am-ին փոխանցեց դիմումի ամբողջական տեքստը: Ներկայացնենք 25 էջանոց  փաստաթղթի առավել ուշագրավ մանրամասները: Դիմումում ներկայացվել և հիմնավորվել է ընտրությունների կազմակերպման, նախընտրական քարոզչության ժամանակահատվածներում և քվեարկության օրը տեղ գտած համակարգային ու համատարած բնույթի այն օրինախախտումները, որոնք խաթարել են սահմանադրորեն երաշխավորված (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2) ազատ ընտրությունների և այլ սկզբունքներ: Պարոն Սաֆարյանը նշում է, որ գրանցվել են համատարած բնույթի խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա:  Ս. Սաֆարյանը պնդում է. «Ընտրությունների կազմակերպման ու օրինականության ապահովման համար պատասխանատու մարմինները՝ ԿԸՀ-ը, թիվ 1 ԸԸՀ-ը ու պետության իրավասու մարմինները (Երեւանի քաղաքապետարանը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավարությունը, Ոստիկանությունը, Վարչական դատարանը) խախտել են իմ՝ թեկնածուիս ու ընտրողների իրավունքները, ինչպես նաև՝ ստեղծել էական անհավասարություն ու խտրականություն թեկնածուների ու ընտրողների միջև, էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա և կանխորոշել ընտրությունների ելքը ՀՀԿ թեկնածուի օգտին»: Որպես վերոնշյալի ապացույց՝ ներկայացվում է 2011թ. մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ վերջնական եզրակացության (հրապարակված` 2011թ. հոկտեմբերի 17-ին) 54-րդ մասի ներքո հայտնած մտահոգությունները, որոնք մանրամասնորեն ներկայացված են դիմումում:

Ս. Սաֆարյանը փաստերով ցույց է տալիս նաև, որ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար իր մրցակից թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ցույց տրված փաստացի չափերը նվազեցված են, և գերազանցում են հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին: Մերկացնելով Ռ. Սարգսյանի գործունեությունը և կասկածի տակ դնելով դրա օրինականությունը՝ դիմումատուն գրում է.  «Գրեթե անհնար է, որ նվազագույնը 50 ընտրական շտաբեր, դրանցից որոշները` տպավորիչ տարածքներում, նվիրատվության կարգով տրամադրված լինեն թեկնածուին: Ակնհայտորեն, դրանք վարձակալված տարածքներ են, որոնց վարձակալության վճարը թեկնածուն թաքցրել է, իսկ հայտարարագրում այն չհիշատակելու ու թաքցնելու հիմք է հանդիսացել Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի վերաբերյալ ԿԸՀ տված կամայական մեկնաբանությունը»: Հղում անելով Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի  7-րդ մասին, որն է «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ», պարոն Սաֆարյանը փաստում է. «ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը առաջադրման ու նախընտրական քարոզչության պահին եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կադաստրի Երեւանի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ: Նրա փեսան` Երեւանի քաղաքապետը: Նրա փեսայի ազգական Մանվել Ջավադյանը Ավան վարչական շրջանի ղեկավարն է և ՀՀԿ կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Ընտրատարածքի մեջ մասամբ մտնող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը նույնպես ՀՀԿ տարածքային ստորաբաժանման ղեկավարն է: Ակնհայտ է եղել, որ ՀՀԿ ներկայացնող պաշտոնյաները՝ Երեւանի քաղաքապետը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները համայնքային ռեսուրսները ծառայեցրել են իրենց կուսակցությունից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի օգտին ձայներ ստանալու նպատակով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31