Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա և «Երիտասարդության կամք» կազմակերպությունների համագործակցությամբ տարեսկզբից մեկնարկել է «Ընտանիք-բանակ-դպրոց» ծրագիրը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը` Հայաստանի Ազգային գրադարանում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Երիտասարդության կամք» ռազմահայրենասիրական-երիտասարդական կազմակերպության նախագահ Աննա Գրիգորյանը` հավելելով, որ վաղը հայտնի կլինեն ծրագրի «Լավագույն ընտանիք», «Լավագույն դպրոց» «Լավագույն աշակերտ» անվանակարգերի հաղթողները. «Ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտները հաջորդ տարի կմասնակցեն մեր ծրագրերին եւ կայցելեն զորամասեր` տեղում ծանոթանալու զինվորի առօրյային եւ կենցաղին: Ծրագիրը 2013թ-ից ավանդական է լինելու, պետք է ներգրավենք նաեւ մարզերը եւ Ջավախքը»:
Աննա Գրիգորյանի խոսքով. «Ընտանիք-բանակ-դպրոց» ծրագրի շնորհիվ ցանկանում էինք իմանալ նախազորակոչային տարիքի տղաների եւ նրանց հասակակից աղջիկների կարծիքը` ընտանիք, դպրոց եւ բանակ հասկացությունների վերաբերյալ, ինչպես նաեւ` պարզել, թե ըստ նրանց` ինչպիսի՞ն պետք է լինի ազգային բանակը, կամ արդյո՞ք պարտադիր է զինվորական ծառայությունը: Հաճելի էր լսել, որ պատանիների խոսքով` տղաները պետք է պարտադիր ծառայեն: Հետաքրքիր էր, որ մասնակից աղջիկների մեծամասնության կարծիքով` աղջիկները նույնպես պետք է ծառայեն բանակում: Ընդհանուր առմամբ` մասնակից 79 դպրոցի ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների վերաբերմունքը ազգային բանակի հանդեպ դրական էր»:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում համագործակցություն է հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև