Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նյույորքյան կոնվենցիան բեռնափոխադրողներին կպաշտպանի՞ տարանցիկ երկրների քմահաճույքներից

Դեկտեմբեր 13,2012 17:47

«Մեր բեռնափոխադրողները կոնկրետ խնդիր ունեն պաշտպանվելու: Հիմա չենք կարողանում դիմել որեւէ ատյանի, չենք կարողանում հղում անել որեւէ կոնվենցիայի, որպեսզի կարողանանք բեռնափոխադրողների շահերը պաշտպանել»,-այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով լսումների ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մելտրանս» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Սամվել Մելիքյանը: Գործարարը, տարիներ ի վեր, սեփական մաշկի վրա զգալով իր բիզնեսի կազմակերպման ընթացքում առաջացած մի շարք դժվարություններն ու Նյույորքյան կոնվենցիային չանդամակցելու բացասական հետեւանքները, վկայակոչում է Վրաստանի օրինակը, որը բեռնափոխադրող ընկերության բեռնատարների մուտք ու ելք գործելուց ամեն անգամ 200 լարի ($170 ) է գանձում:

Մինչդեռ ինչպես լսումների ժամանակ վստահեցրեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Նյույորքյան կոնվենցիան վավերացնելու պարագայում,

դեպի ծով ելք չունեցող երկրները հարեւան երկրների տարածքով անցնելիս, որպես տարանցիկ երկիր որեւէ տարանցման տուրք չպետք է վճարեն: Բացի այդ, ծովափ չունեցող երկրները ծովափնյա պետությունների պես ծովից հավասարապես օգտվելու եւ դեպի ծով ելքի իրավունք են ձեռք բերում: Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավորվում է, որ ծովափ չունեցող պետությանը պետք է տրամադրի ազատ տարանցում` փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Պարոն Մելքոնյանը նաեւ ասաց, որ կոնվենցիայի սկզբունքներից է տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավերին ազատ մուտք դեպի նավահանգիստներ եւ այդ նավահանգիստներից օգտվելու հնարավորություն տալը. «Դեպի ծով ելք չունեցող երկրների նավերը տարածքային եւ ներքին ջրերի վրա պետք է ունենան նույն իրավունքները եւ արժանան նույն վերաբերմունքին, որին արժանանում են տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավերը»:

«Մելտրանս»-ի ղեկավարի խոսքերով, այն բանից հետո, երբ Հայաստանը սահմանի վրա վրացական մեքենաների համար էլ սահմանեց ԱՊՊԱ-ի վճարները, Վրաստանը մեկ շաբաթ անց մտցրեց 200 լարի հարկը. «Անունը դրեցին ճանապարհների շահագործման գումար, ինչը որոշակի թանկացումների բերեց բեռնափոխադրումների ծառայությունը: Իսկ կոնվենցիայի առկայությունը հնարավորություն կտա միջազգային ատյաններում պաշտպանվել, խնդիրները դարձնել քննարկման առարկա, հղում, դատական վեճերի լուծման հիմք եւ այլն»:

Լսումներին ներկա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Հայաստանի տնտեսական դիվանագիտությունը խիստ կաղում է» եւ մերոնք որեւէ նախաձեռնողականություն չեն ցուցաբերում նման հարցերում. «Պարտադիր չէ կառավարության ղեկավարը այդ քայլերը նախաձեռնի: Արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարություններն են պարտավոր նախաձեռնողականություն ու ակտիվություն ցուցաբերել եւ հասկանան, որ կան այդ իրավունքները եւ բարձրաձայնեն դրանք»:

Ըստ տնտեսագետի, պետք չէր սպասել Նյույորքյան կոնվենցիային, այլ, Հայաստանը, լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, որին անդամակցում են նաեւ Վրաստանը եւ Թուրքիան, կարող էր մինչ այս էլ հարց բարձրացնել ոչ խտրական վերաբերմունքի. «Այսինքն`խնդիրը ոչ այնքան արտաքին մեր հարեւանների կողմից իրավունքների խախտման մեջ է, որքան մեր կողմից մեր իրավունքների չբարձրաձայնման»:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով էլ, Վրաստանի եւ Թուրքիայի նավահանգիստները Հայաստանի համար կարեւոր են, սակայն տնտեսության զարգացման համար ավելի մեծ խոչընդոտ են հանդիսանում փակ սահմանները, քան ծովի ելքի բացակայությունը:
 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31