«Միջոցառումների շրջանում, որպես շարունակություն 2 նպատակ ենք հետապնդում` նախ եւ առաջ փորձի փոխանակման միջոցով ցույց տալ, թե թվայնացումը որքան կարող է կարեւոր լինել գրքի հրատարակման գործում, եւ հայ մտքի զարգացման գործում»,- այսօր «Գրության, ընթերցանության և տպագրության նոր կիրառությունը թվային դարաշրջանում» թեմայով կլոր սեղանի շուրջ ծավալած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը:
Նրա համոզմամբ սա գիտաժողով չէ, այլ փորձի փոխանակման հավաք, որով նպատակ ունեն յուրաքանչյուրն իր փորձը հաղորդել եւ նոր մտքեր ու գաղափարներ ստանալ:
Ֆրանսիայի Ազգային գրադարանի հայկական պահոցի պատասխանատու Միքայել Նշանյանի խոսքով նախնական էտապում ենք գտնվում: Անցումային շրջան է տպագրության եւ թվայնացման աշխարհների միջեւ.
«Թվայնացումը նոր է սկսել առաջին ազդեցությունն ու օգուտները երեւան հանել գրի եւ ընթերցանության ոլորտներում: Մենք կարող ենք առաջին զարգացումները արձանագրել մանկավարժության բնագավառում: Թվային հրատարակության աշխարհը բազմաբնույթ է, մեթոդները տարբեր են, քանի որ նրանք ունեն թիրախային հասարակություն: Բոլորս դաստիարակված ենք տպագիր գրքի կանոններով»:
Նշանյանի պնդմամբ, որպեսզի լավ հասկանանք, թե ինչ է թվային հրատարակությունը, պետք է զննենք այն երեխաներին, ովքեր մեծացել են թվային միջավայրում, որպեսզի տեսնենք թե ինչ վարքագիծ է ձեւավորվել նրանց մոտ.
«Երեխաների եւ մեր միջեւ տարբերությունը արդեն շրջանցված է: Թվային աշխարհը նրանց համար առաջնային է, նոր տեխնոլոգիաների կիրառումը առաջացնում է ընթերցանության հետընթաց, որը երեւում է բոլոր էտապներում եւ երեխաները ավելի վատ են տիրապետում գրելու տեխնիկային: Մենք գիտենք, որ նոր տեխնոլոգիաների պատճառով հները այնքան էլ չեն ոչնչացել, պարզապես համակեցություն կա եւ անորոշ է դրա վերջը»:
Ըստ նրա մտորումներ կան հայոց լեզվի ընդհանուր զարգացման վերաբերյալ: Հայոց լեզուն զարգանում է Հայաստանից դուրս տարբեր վայրերում, հայախոսներից շատերը արտասահմանում են գտնվում, հայերեն խոսողների միայն 1/ 3-րդն է ապրում Հայաստանում.
«Հայոց լեզվի վիճակը սփյուռքում նույն ձեւով չի ներկայանում, այնտեղ այլ խնդիրներ կան լեզվի հետ կապված: Հայերենը սփյուռքում մարտահրավերներ ունենալով եղել է եւ կմնա որպես փոքրամասնության լեզու, իսկ թվային գործիքները եւ էլեկտրոնային հրատարակությունները կարող են հնարավորություն ստեղծել պայքարելու հայոց լեզվի վերացման դեմ, որովհետեւ համացանցը թույլ է տալիս պատասխանելու բոլոր հարցերին. սրանով իսկ կարող ենք պայքարել հայոց լեզվի ոչնչացման դեմ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ