Դեկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը` նվիրված անսամբլի ստեղծման 25-ամյակին:
Aravot.am-ի հետ զրույցում անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը հայտնեց, որ մենահամերգի ընթացքում կցուցադրվեն համույթի ոսկե ֆոնդում պահպանվող պարերը. «Ամպագոռգոռ չհնչի, բայց շուրջ 100 գործ ունենք բեմադրած, մեծամասնությունը իմ բեմադրություններն են»:
Ամփոփելով համույթի 25-ամյա գործունեությունը`Նորայր Մեհրաբյանն ասաց. «Որտեղ եղել ենք, բարձր մակարդակով ներկայացրել ենք մեր պետությունը, արվեստը եւ մշակույթը: Մեր հյուրախաղերի ընթացքում մարդիկ զարմացել են, որ Հայաստանում ոճի, լեզվի, մշակույթի ու կուլտուրայի նոր խոսք կա: Եթե արածդ գործի մեջ կուլտուրա չեղավ, ուրեմն այն անիմաստ է»:
Կարդացեք նաև
Մեհրաբյանի խոսքով` «Բարեկամության» առջեւ դրված խնդիրներն այսօր առավել բարդ են. «Պետական կոլեկտիվը պահելը դժվար է այն իմաստով, որ մենք չունենք մեր բեմը, որտեղ կկարողանանք ազատ աշխատել, չէ՞ որ անհրաժեշտության դեպքում փորձ պետք է անել: Այս տարիքում ես կուզենայի իմ թատրոնն ունենալ, ներկայացումներ բեմադրել, դեկորացիաներ կախել, լույսեր դնել…: Տեխնիկական բարդություններով հանդերձ` այնպես ենք անում, որ դրանք չազդեն խմբի տրամադրության վրա: Միշտ պետք է գլուխը բարձր պահել: Առհասարակ` գլոբալ խնդիրները միշտ լուծելի են»:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ «Բարեկամությունը» հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի օրվա առիթով ելույթ կունենա Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում, իսկ համույթի մենահամերգները կմեկնարկեն փետրվարից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ