ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով այժմ Սերժ Սարգսյանի խորհրդականն է, չի ընդունում Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի մեղադրանքները, որոնցով վերջինս նրան մեղադրում է պետական գումարները յուրացնելու և «Արտաշատ» ռեստորանը կառուցելու մեջ: Ալիկ Սարգսյանը նաև ճիշտ է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը և կարծում է, որ նա իրենց հետ միասին կկանգնի Սերժ Սարգսյանի կողքին: «Առաջին լրատվական»-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Ալիկ Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, նախկին մարզպետն ասում է, որ Ձեր դեմ կրկնակի փաստեր կարող է բերել, որ Դուք յուրացրել եք պետական գումարները և կառուցել եք «Արտաշատ» ռեստորանը:
– Ես ընդամենը կխնդրեի, որ այդ փաստերն ավելի շատ ուսումնասիրվեին և կրկին անգամ համոզվեին, որ դրանք անհեթեթ են: Որևիցե փաստ չկա և չի կարող լինել իմ տեսակի հետ կապված: Կարծում եք` ես բարեկամներ չունե՞մ, եղբայրներ չունե՞մ, իրենք ոչինչ չունե՞ն: Ես պետական գումարների նկատմամբ խիստ ուշադիր եմ եղել, և մի կոպեկ չի կարող ծախսված լինի իմ անձնական նպատակների համար:
– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, ինչպե՞ս է Ձեր հսկայական ունեցվածքը գոյացել: Ձեր աշխատավարձո՞վ:
Կարդացեք նաև
– Եթե դուք դա գնահատում եք հսկայական, շնորհակալություն եմ հայտնում: Իմ ունեցվածքը ճիշտ չի այդքան գնահատելը, բայց ամեն դեպքում, իմ ունեցվածքը պաշտոնապես հայտարարագրով ներկայացրել եմ: Պատրաստ եմ ներկայացնել` ինչը ոնց է ձեռք բերվել: Նման խնդիր չունեմ: Ամեն դեպքում, ես տենց մեծ ունեցվածք չունեմ, հանգիստ եղեք: Ի վերջո, ես էս երկրին 30-40 տարի ծառայել եմ ու անբասիր ծառայություն եմ ունեցել մեր ժողովրդի և պետության նկատմամբ, հիմա էլ խիղճս հանգիստ ա շատ, որ էս ամեն տեսակի հերյուրանքները ինձ որևիցե կերպ չեն առնչվում:
– Այդ դեպքում` ինչո՞ւ Ձեզ մեղադրող նախկին մարզպետին դատի չեք տալիս զրպարտության համար:
– Ես որևիցե մեկին դատի տալու տրամադրություն չունեմ: Եթե որևիցե մեկն այդ շահը հետապնդում է, թող շարունակի: Էս ամեն ինչի կոնտեքստը հասկանում եմ: Ես որևիցե պետական միջոցի ձեռք չեմ գցել:
– Պարոն Սարգսյան, ժամանակին` մոտ մեկ տարի առաջ, Ձեր պաշտոնանկությունը կապվում էր նաև այն հանգամանքի հետ, որ ԲՀԿ դեմ որոշակի գործողություններ էին նախապատրաստվում, և Ձեր միջոցով, թերևս, դրանք այնքան էլ հնարավոր չէին լինի: Այսինքն` քաղաքական պատճառ կար:
– Չեմ կարծում, ես համամիտ չեմ: Ես կատարող անձ եմ եղել: Չեմ կարծում` լիներ մի բան, հանձնարարական լիներ կամ պետության շահերից բխող մի խնդիր լիներ, ես որևիցե մեկին խնայեի կամ ասեի` չէ, իմ օրոք ես դա չեմ կարող անել: Ես դա չեմ կարծում:
– Այսօր, որպես նախագահի խորհրդական, ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի որոշումը:
– Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Չեմ էլ ուզում պատասխանել: Գագիկ Ծառուկյանն ինքն է որոշել` որն է ավելի ճիշտ:
– Սա նահանջ չէ՞ր իր կողմից` Ձեր կարծիքով:
– Չէ, չէ, նա երկրի ղեկավարի հետ 20 տարի աշխատել է: Քաղաքականության մեջ է եղել, ինքն ավելի ճիշտ, ռեալ որոշում է կայացրել: Ես չեմ կարծում, թե ինչ-որ արկածախնդրության կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու խնդիր կար: Դա էլ է նորմալ: Գագիկ Ծառուկյանին երբևիցե չեմ գնահատում, բայց կարծում եմ, որ ճիշտ է արել, և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ մարդկայինով ճիշտ է որոշել, որ էս պահին ապակայունացնել, ավելորդ պրոբլեմներ ստեղծել երկրում իմաստ չունի: Մենք երկրի ղեկավարի կողքը կանգնելու ենք, մեր ընտրությունը կատարելու ենք, կարծում եմ` նույն կերպ էլ Ծառուկյանն է մտածել ու ճիշտ է վարվել, իմ կարծիքով:
– Սակայն Գագիկ Ծառուկյանը ասել է, որ որևէ մեկի թեկնածությունը չի սատարելու, չի կանգնելու երկրի ղեկավարի կողքին: Չե՞ք հավատում իր այդ հայտարարությանը, կարծում եք` սատարելո՞ւ է:
– Իրավունք չունեմ ոչ հավատալու, ոչ էլ չհավատալու: Ես գիտեմ, որ Ծառուկյանը ակտիվ քաղաքականության մեջ ինչ-որ բան որոշում, հայտարարում է, և կարծում եմ, որ ինքը ինչ-որ բան քննարկել է, որոշել է իր կուսակցության հետ: Էնպես չի, որ միայնակ ինքը որոշեց էդպես անել: Իմ կարծիքով` ինքն էդ ամեն ինչին քաղաքական մոտեցում է ցուցաբերել և ճիշտ որոշում է կայացրել:
– Այսօր արդեն տեսակետներ կան, որ ԲՀԿ այդ որոշումը վերջակետ էր ԲՀԿ համար որպես քաղաքական ուժի:
– Ես ձեր հետ համամիտ չեմ: Քաղաքական ուժն էլի կարող է դրսևորվել, էլի շատ տարիներ կան, որ ինքը պիտի աշխատի, օգտակար լինի պետությանը, ժողովրդին: Կարծում եմ` ինքը կշարունակի գործունեությունը, և սա իր ավարտը չէր, ոչ էլ վարկանիշի թուլացում էր: Նորմալ ա շատ:
– Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
– Նորմալ, ես որևիցե մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ: Որևիցե խնդիր որևիցե մեկի հետ չունեմ, ամեն դեպքում` քաղաքական դաշտում:
– Պարոն Սարգսյան, այս ընտրություններում ինչպիսի՞ն է լինելու Ձեր դերակատարությունը ՀՀԿ-ում:
– Ինչպես բոլոր հանրապետականները, ես իմ բաժինը կբերեմ չափի մեջ, առանց ավելորդ, աղմկոտ քայլերի:
– Իսկ ինչպե՞ս եք պաշտպանելու Սերժ Սարգսյանին:
– Ձեզ թվում է` իմ կողքը մարդիկ չկա՞ն, ձեզ թվում է` իմ կարծիքն այդքան էժա՞ն կարծիք ա: Իմ խոսքը որևիցե կասկած չի հարուցում իմ լսողների մոտ: Ես իմ հնարավորություններն ինչքան ունեմ, պաշտպանելու եմ գործող նախագահին, որովհետև գտնում եմ` նա արժանի ա:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ համարյա Ձեր բոլոր կադրերին Վլադիմիր Գասպարյանը հանեց աշխատանքից ու ցաքուցրիվ արեց:
– Ես չեմ կարծում, որ բոլորին հանեց աշխատանքից: Աշխատողների 70-80 տոկոսը ժամանակին իմ կադրերն են եղել, այսօր էլ նորմալ, պատվով աշխատում են: Կարող է մի քանի մարդ նպատակահարմար չեն եղել իրենց տեղում: Կարծում եմ` նախարարը սխալ չի վարվել: Բոլոր նախարարների մոտ էլ այս պրոցեսը սկսվում և ավարտվում է: Իմ կարծիքով` ամեն ինչ նորմալ է: Ոստիկանությունն աշխատում է, աշխատանքը շատ տեսանելի է:
– Իսկ հիմա Ձեզ ինչպե՞ս եք զգում նախագահի խորհրդականի պաշտոնում, քանի որ ասվում է, դա ավելի թոշակառուի պաշտոն է:
– Բոլորովին թոշակառուի պաշտոն չի, դա շատ լուրջ պաշտոն ա: Ես էլ ինձ շատ լավ եմ զգում, իմ դերակատարությունն էլ եմ հասկանում և սիրով աշխատում եմ: Միգուցե ավելի հանգիստ է, քան ոստիկանապետի պաշտոնը: Դա էլ է ինձ պետք, որովհետև ամեն ժամանակ լիցքաթափվել է պետք: