«Քաղաքապետարանը ամանորյա մշակութային ծրագրի համար 14 մլն դրամ է հատկացրել: Բովանդակային առումով այս տարի ավելի հետաքրքիր ելեւէջներ ու մոտեցումներ կլինեն, որոնք կզարմացնեն Երեւանի բնակիչներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
Նրա պնդմամբ՝ դեկտեմբերի 20-ին տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Տոնական մթնոլորտը կապահովվի հատկապես Երեւանի կենտրոնում: Բեմահարթակներ կտեղադրվեն Ազատության եւ Հանրապետության հրապարակներում, կվառվեն այնտեղ տեղադրված լուսադիոդային շատրվանները.
«Հանրապետության հրապարակի շատրվանը աննախադեպ երեւույթ է եւ ունի 8 մետր բարձրություն: Ազատության հրապարակն առավել ակտիվ կլինի մանուկների համար ` դեկտեմբերի 22-ից հունվարի 11-ը կանցկացվեն խաղեր, կլինեն լաբիրինթոսներ և այլ զվարճանքներ, իսկ հունվարի 5-ին հրապարակը լիովին երեխաների տրամադրության տակ կլինի: Երևանի թատրոնները հանդես կգան բացօթյա մանկական ներկայացումներով»:
Արամ Սուքիասյանի համոզմամբ՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կլինի տոնական- երաժշտական ծրագիր, որին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, JAZZLE խումբը եւ մի շարք այլ ճանաչված երաժիշտներ: Անհատ կատարողները հանդես կգան դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ին, որը կտևի մինչև հունվարի 1-ի ժամը 2:00-ը.
«Ուշ ժամերին կաշխատի Երևանի մետրոպոլիտենը, ինչպես նաև ավտոբուսներն ու երթուղային տաքսիները: Բոլոր հարթակներում կհերթապահեն շտապօգնության, հրշեջ և ոստիկանության ծառայությունները: Հունվարի 6-ի համար հոգեւոր եւ ազգային նշանակության ծրագիր է մշակվել: Օրհնության խոսքով հանդես կգա Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից հոգևոր հայր տեր Շահեն, ում խոսքից հետո ելույթ կունենան մի շարք ազգագրական խմբեր ու պարախմբեր»:
Խորհրդականի խոսքով՝ ամանորյա միջոցառումների ցանկը կամփոփվի հունվարի 13-ին` Ազատության հրապարակում, համերգային մեծ ծրագրով և հրավառությամբ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ