Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դռներ են փակել, Mercedes-ի հայրենիքում գովել աղմուկ հանած ներկայացումը

Դեկտեմբեր 13,2012 16:22

 

 

Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի «Փսիխոզ 4.48» ներկայացումը՝ ըստ Սառա Քեյնի համանուն պիեսի, մեծ հաջողություն է ունեցել Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: Aravot.am-ի հետ զրույցում բեմադրիչը նշում է, որ Շտուտգարդը հայտնի է ոչ միայն որպես Mercedes-ի եւ Porsche-ի հայրենիք, այլեւ քաղաք, որը լուրջ թատերական ավանդույթներ ունի:

«Փսիխոզ 4.48» ներկայացումը մեծ դժվարությամբ վերականգնեցինք: Հիշեցնեմ, որ տարվա սկզբից Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի հետ նամակագրության մեջ էի, եւ նամակներիս չէին պատասխանում մինչեւ այն պահը, երբ գլխավոր ռեժիսորի սեղանին դրեցի օրենքը, ըստ որի՝ նամակներին պարտավոր են գրավոր պատասխանել: Դրանից հետո գեղխորհուրդը որոշեց, որ չի կարող ոչ մի կերպ աջակցել, ընդամենը կարող է փորձասենյակ տրամադրել: Թատրոնի գլխավոր ռեժիսորը հնարավոր բոլոր միջոցներով այնպես էր անում, որ մենք չմեկնենք Շտուտգարդի փառատոնին՝ պատճառաբանելով, թե թատրոնը զբաղված է: Իսկ ինչո՞վ է զբաղված: Ոչ միայն թատրոնի հոբելյանը չնշվեց, այլեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա խաղացանկում ոչինչ չկա: Ամեն դեպքում մեր ընկերների շնորհիվ («Դար» հիմնադրամ, «Լիա Կերամիքս», «Universal Orde) մեկնեցինք Գերմանիա, մեկ տոմսով էլ ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցեց: Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը ուրախությամբ ուզում էր օգնել, բայց գումար չուներ: Նրա շնորհիվ էլ աթոռները վերանորոգելու խնդիրը լուծվեց»,- պատմեց Սուրեն Շահվերդյանը:

Ըստ նրա, ներկայացման լեզուն ռուսերեն էր, բայց հանդիսատեսն ականջակալներով լսում էր թարգմանված տեքստը: Շահվերդյանի խոսքով. «Ամեն դեպքում ներկայացումը հասկանալի էր, որովհետեւ «Փսիխոզ 4.48»-ը աղմուկ հանած պիես է, տեքստն էլ՝ թատերասեր հանրությանը հայտնի է»:

Մեր զրուցակիցն ասում է, որ իրեն առաջարկել են պիեսը բեմադրել Շտուտգարդի թատերախմբի հետ, իսկ ներկայացումից հետո կայացել է 3,5 ժամանոց քննարկում, մինչդեռ փառատոնային մյուս ներկայացումները քննարկվել են 30-40 րոպե:

«Փսիխոզը» շատ լավ ընդունվեց, մեծ հաջողություն եմ համարում, որ Գերմանիայում այդ առիթով բարձրացավ Հայաստանի դրոշը, հաճելի էր ներկայացման մասին դրական կարծիքներ լսելը: Դա շատ կարեւոր փառատոն էր, եւ ընդհանրապես ցանկացած թատրոնի գերխնդիրներից մեկը պետք է լինի իր «արտադրանքը» այլ երկրում ներկայացնելը…Ափսոսում եմ, որ այս փառատոնը մրցանակային տեղերով չէր, մինչդեռ Պրահայի փառատոնում, որին մեկնելը մայր թատրոնի գլխավոր ռեժիսորի պատճառով ձախողվեց, կային մրցանակային տեղեր, եւ մեր ներկայացումն էլ մեծ շանսեր ուներ»,-ասում է բեմադրիչը:

Այժմ մի խնդիր էլ է ծառացած «Փսիխոզ 4.48»-ի առաջ, բազմաթիվ երկրներից մրցանակներ բերած ներկայացումը Հայաստանում խաղալու տեղ չունի, միայն Արմեն Էլբակյանն է առաջարկել իր թատրոնում խաղալ: Սուրեն Շահվերդյանը տարակուսած է. «Ես այսօր չգիտեմ՝ որտե՞ղ եմ խաղալու այդ ներկայացումը Հայաստանում, որովհետեւ Սունդուկյան թատրոնը ցանկություն չունի, որ խաղանք իր բեմում: Մի ժամանակ պատճառաբանում էր, որ ներկայացումը վերականգնելու ժամանակ չկա, հիմա էլ հո վերականգնվա՞ծ է: Դեռ սպասում եմ Սունդուկյանի որոշմանը: Թե՞ նրա բեմում խաղալու իրավունք ունեն միայն չակերտավոր աստղերը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31