Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. «Անդին» ամսագրի համար նշանակություն չեն ունենա հեղինակների քաղաքական հայացքները

Դեկտեմբեր 13,2012 15:45

Լույս է տեսել «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի նախահամարը: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում հայտնեց ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Նրա խոսքով. «Չկան կենցաղային արժեքներ, այլ կան ժամանակակից եւ հավերժական արժեքներ, որոնք պետք է տարբերակել իրարից: Ամսագրի նպատակն է` նոր սերնդի համար վերաիմաստավորել այդ արժեքները: Թյուր մոտեցում կա, թե անկախության սերունդը այսօր չի կարդում կամ չի սիրում կարդալ, սակայն պետք է հարց առաջադրել, թե ինչ ենք մենք առաջարկում կարդալ: Ամսագիրը նպատակ ունի առաջարկել այնպիսի ուղղվածության ստեղծագործություններ, որոնք երիտասարդ մարդը կկարդա»:

Տեր-Գուլանյանը նշեց, որ «Անդինն» առաջնորդվելու է «Գարուն» ամսագրի սկզբունքներով` այն տարբերությամբ, որ բարձրաձայնելու է մեր ժամանակների խնդիրները. «Դրանք այսօր կենցաղային մակարդակի վրա են դրված, մինչդեռ դրանք պետք է վեր հանել` ինքներս մեզ ճանաչելու եւ հասկանալու համար: Այդ առումով «Անդինը» հայելի կդառնա, որի մեջ կտեսնենք մեր դեմքը: Այս ընթացքում մեր ազգային արժանապատվությունը խաթարվել է, ինչը կապված է նաեւ անցումային շրջանի հետ, հետեւաբար` պետք չէ խնդիրը քաղաքականացնել: Անհրաժեշտ է վերադառնալ ազգային արժեքներին եւ հիշել, որ մենք հնագույն ազգ ենք: Օգոստոսին Գերմանիայի լեզվի ինստիտուտը հրապարակել էր 100-150 տարի տևած ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց, հայերենը ամենահին լեզուն է եւ 8000 տարեկան է: Այսինքն` մենք ամենահին քաղաքակրթությունն ենք: Այս փաստը բոլորիս պետք է սթափեցնի, որովհետեւ հզոր անցյալ ունենք, սակայն չենք գիտակցում դա: «Անդինի» մյուս նպատակն էլ դա է` ներկայացնել մեր սերնդին այդ հանգամանքը»:

Բանախոսը նաեւ ասաց, որ «Անդինի» համար նշանակություն չունի հեղինակների կուսակցական պատկանելությունը եւ քաղաքական հայացքները. «Ամսագրի դռները բաց են բոլորի առաջ»:

Հրապարակախոսը կարծում է, որ ունենք հրաշալի երիտասարդություն, որը հաղթում է տարբեր բնագավառներում` շախմատից մինչ մաթեմատիկայի օլիմպիադա. «Դա խոսում է այն մասին, որ հայկական միտքն այսօր պայծառ է եւ հայ ժողովրդի գիտակցության մեջ պետք է արթնացնի ազգային հպարտությունը»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31