«Ոնց հասկացանք, քաղաքական դաշտում ինչպես հիմնական դերակատարումն ունի ՀՀ-ն, այնպես էլ լինելու է նաեւ նախագահական ընտրություններից հետո: Մեր գերխնդիրն է այս պարագայում չենթարկվել որեւէ պրովոկացիաների եւ առնվազն կազմակերպել միջազգային ստանդարտներին համահունչ ընտրություններ, որովհետեւ ամբողջ աշխարհը Հայաստանի ապագան դիտարկում է հենց այս ընտրական պրոցեսի ձեւաչափի մեջ»,- այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ ժամանակներն անցել են, որ իրենք պետք է ռոմանտիկ լինեն, պիտի անցկացնեն մեր նորագույն պատմության մեջ ամենալուրջ, ամենաարդար, ամենաթափանցիկ ընտրությունները, որովհետեւ դրանից են կախված այն բարեփոխումները, որին երկար են սպասել:
Ըստ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի, այս բոյկոտի պայմաններում լավագույն ընտրությունները չեն մեզ սպասում, առավել եւս, որ թիվ 1 ընտրատարածքում տեսանք, որ կարելի է առանց քարոզարշավի ընտրվել: Հովհաննես Սահակյանն արձագանքեց՝ ասելով, որ Ստյոպա Սաֆարյանը լավ է իրեն դրսեւորել ԱԺ-ում, բայց իր թիմը արժանի չգնահատեց նրան, եւ դա էր պատճառը, որ նա խոհրդարանում չէ:
Կարդացեք նաև
Հարցին՝ կարո՞ղ է վերջում մնա միայն ՀՀ նախագահն ու էպոսագետը եւ նախագահի համար վիրավորական չի՞ լինի, որ իր մրցակիցը էպոսագետը լինի՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ գնա որեւէ մեկի անձը վիրավորեմ՝ էպոսագետի հետ կապված: Մեզ համար ցանկացած մրցակից մրցակցության մեջ համարվում է լուրջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ