Այսօր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնի համատեղ միջոցառման ընթացքում ուսանողները, համալսարանի դասախոսները և լրագրողները նշեցին ՄԱԿ-ում արաբերենի օրը և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարևոր դերի ու ՄԱԿ-ի արժեքների և բազմազանության խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները վճռորոշ դեր ունեն խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների առաջմղման հարցում: Հայ ուսանողների հետ մենք նշում ենք ՄԱԿ-ում արաբերենի օրը՝ կարևորելով այդ լեզվի ներդրումը մշակութային և լեզվական բազմազանության զարգացման հարցում և խթանելով ՄԱԿ-ի բոլոր վեց պաշտոնական լեզուների (արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն) հավասար կիրառությունը»:
«Կարևոր է, որ հայաստանցիները սովորեն արաբերեն, քանի որ արաբերենն ամենատարածված լեզուներից է՝ այդ լեզվով խոսում է ավելի քան 422 միլիոն մարդ, որոնց մեծամասնությունն ապրում է Հայաստանին մոտ գտնվող տարածաշրջաններում, և արաբերենը 22 պետության պաշտոնական լեզուն է»:
Կարդացեք նաև
«Մենք շատ ենք կարևորում մեր համագործակցությունը և ուրախ ենք իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք մեր ուսանողներին ՄԱԿ-ի աշխատանքներում ներգրավվելու, ՄԱԿ-ի արժեքների, Հայաստանում ՄԱԿ-ի կարևոր առաքելության մասին տեղեկանալու հնարավորություն են տալիս»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ոչ միայն խոսեցին ՄԱԿ-ում արաբերենի դերի մասին, այլև վայելեցին արաբական պոեզիա, պարեր և Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության արաբերեն տարբերակի բեմականացումը՝ պատրաստված ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ուսանողների կողմից, ինչպես նաև համտեսեցին արաբական ավանդական ուտեստներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ ՀՏՎ-ի և ԵՊՀ-ի միջև ստորագրված Համագործակցության ծրագրի շրջանակներում:
ՄԱԿ-ում արաբերենի օրը նշվում է դեկտեմբերի 18-ին՝ 1973 թ. այն օրը, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու: ՄԱԿ ՀՏՎ-ն գործընկերների հետ 2012 թ. ընթացքում նշել է ՄԱԿ-ի պաշտոնոկան բոլոր լեզուների օրերը: