Այսօր «Իրատես de facto» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ քաղաքագետ, «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ երեկ տարածած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանն ու ասաց, որ կուսակցության այդ որոշմամբ կանխորոշվեց նախագահական ընտրությունների ելքը. «Բարգավաճ Հայաստանը» ձեւավորվել է որպես իշխանության պրոյեկտ ու, ըստ էության, նա չի կարող լինել ընդդիմություն: Իսկ ընդհանրապես այս կուսակցությունը նման է փակ բաժնետիրական ընկերության»: Պատասխանելով հարցին, ըստ քաղաքագետի, ո՞րն էր Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու պատճառը, Սուրենյանցը հետեւյալն ասաց. «Հազվադեպ է լինում, որ օլիգարխը համարձակություն ունենա հակառակվել իշխանությանը»:
Իսկ թե ինչ Է անելու Վարդան Օսկանյանը, այս պարագայում Սուրենյանցը նշեց, որ նա կամ ստիպված կհամակերպվի իրականության հետ, կամ էլ մի քանի օր դադարից հետո կսկսի ինքնուրույն գործել:
Սուրենյանցը մեկնաբանելով իրավիճակի «սկզբնաղբյուրները»՝ կարծիք հայտնեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերլուծությունը ու ԲՀԿ-ի այլընտրանքային ուժը շատ յուրահատուկ ձեւակերպում է. «Ռուսական ուժերի ուղղորդմամբ սկսվեց ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը: Եվ այդ ուժերն էլ փորձում էին վերահսկելի դարձնել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ռուսական ուժերը ճնշումների միջոցով փորձեցին Սերժ Սարգսյանից երաշխիքներ ստանալ Եվրասիական տնտեսությանը ինտեգրվելու համար, բացի այդ՝ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվեց ու ռուսները հասկացան, որ այս պրոյեկտը ժամանակավրեպ է»:
Քաղաքագետը մեկնաբանելով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը՝ նշեց, որ վերջին տարիներին ՀՀ առաջին նախագահը շատ սխալներ է գործել ու դանով ստվերել է իր քաղաքական տաղանդը: Սուրենյանցի խոսքով՝ «ՀԱԿ-ը կորցրել է իր ինքնուրույնությունն ու դարձել ԲՀԿ-ի փաստաբանը: Իսկ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումից հետո՝ նմանվել ռեստորանի մի մատուցողի, որի ամենահարուստ այցելուն առանց թեյավճարի հեռացել է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ