Երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստի արդյունքում ԲՀԿ-ի կայացրած որոշումը ՀՀ ներքաղաքական դաշտում որոշ փոփոխություններ առաջ բերեց: Գ. Ծառուկյանի չառաջադրվելու և ոչ մի քաղաքական ուժի չսատարելու որոշումը ինչպե՞ս կազդի ՀԱԿ-ի հետագա գործողությունների վրա: Կամ արդյոք ԲՀԿ-ի ընտրազանգվածը կկողմնորոշվի՞ դեպի ՀԱԿ, այլ ընդդիմադիր ուժի կողմ, թե՞ ընդհանրապես չի մասնակցի ընտրության: Այս մասին Aravot.am-ը մեկնաբանություններ ստացավ որոշ քաղաքագետների հետ զրույցում:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեր բարձրացրած հարցերի կապակցությամբ նշեց, որ ՀԱԿ-ը պարզապես պետք է չշփոթվի և մանրամասնեց. «ԲՀԿ-ի գործողությունը կաթվածահար արեց ՀՀ քաղաքական իրականությունը: Դա միայն իշխանություն-ընդդիմություն հարց չէր, այլ ՀՀ-ի նորմալ քաղաքական պայքարի գործընթաց մտնելու հարց: Այստեղ կարևոր հարց է այն, թե նայած ինչքանով ընդդիմությունը կկարողանա իրեն գտնել, չհայտնվի շփոթված իրավիճակում: Բոլորն էլ հասկանում են, որ այն ռեսուրսը, որ կա ԲՀԿ-ի մոտ, չկա ուրիշ տեղ և ֆավորիտը մինչև երեկ Ծառուկյանն էր: Թե որքանով ՀԱԿ-ը կկարողանա արագ կողմնորոշվել և համախմբել դաշտը, դա արդեն ընդդիմության մեջ կուսակցության ղեկավարության հարցն է: Ամենի ինչ կորած չէ: ԲՀԿ-ի ընտրազանգվածը շուռ կգա, որտեղ ընդդիմություն կտեսնի: Վարպետության հարցն այստեղ մեծանում է, որ հանկարծ տատանում չլինի, քաղաքական ղեկավարությունը ժողովրդին նորից չշփոթեցնի: ՀԱԿ-ը կարող է ընտրազանգվածի հսկայական ռեսուրս ստանալ՝ ասելով, թե տեսաք ժողովուրդ, բա որ մենք ասում էինք: Ժողովրդին պիտի հույս տալ, քանի որ ովքեր փոփոխություն էին ուզում, ընկճված են»:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ ասաց. «Վերջին 20 տարվա ընթացքում հայ հասարակությունը այդպես էլ ընտրությունների միջոցով չի կարողացել իր ուժերով իշխանափոխություն անել: Ուստի եթե իշխանությունը չի ձևավորվում ներսից, այն ձևավորվում է դրսից: Երեք ազդեցիկ ուժերից ԲՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, Հանրապետականը առաջադրելու է իր թեկնածուին, մնում է ՀԱԿ-ի դերը: Կա մի նրբություն: Եթե դու մասնակցում ես ընտրություններին զուտ մասնակցելու համար, դա ուրիշ հարց է, բայց այլ է, եթե մասնակցում ես հաղթելու համար: ՀԱԿ-ի առաջնորդը պիտի առաջնորդվի այն սկզբունքով, որ եթե մասնակցում է, ուրեմն պետք է հաղթի: Բայց խնդիրն այն է, որ ՀՀ-ում չի որոշվում նախագահի հարցը: Եթե ուզում ես հաղթել նախագահական ընտրություններում, ապա դու պիտի ունենաս առնվազն ՌԴ-ի կամ Արևմուտքի տեսանելի աջակցությունը: Այս պարագայում չկա այդ պայմանը: Նման պայմաններում հարց է առաջանում, իսկ իմաստ ունի՞ մասնակցելը, եթե դու դառնալու ես գործող նախագահի ընտրարշավի ընդամենը մեկ դետալը»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի ընտրազանգվածի հնարավոր կողմնորոշման մասին էլ պարոն Բադալյանն ասաց. «Նրանց թվում են մարդիկ, ովքեր գիտակցաբար են ընտրել ԲՀԿ-ին և այնպիսիք, ովքեր ընտրել են նյութական շահագրգռվածությունից: Այս խմբի համար խթանը տասը հազար դրամն է: Կստանան, կգնան դեպի գործող նախագահ: Իսկ այն խումբը, ովքեր գիտակցաբար են ընտրել ԲՀԿ-ին, կարող են ձայն տալ ՀԱԿ-ին, բայց այդ մասը շատ փոքրիկ է, այն լուրջ գործոն չի հանդիսանալու նախընտրական քարոզարշավի ժամանակ»:
Ամփոփելով՝ Ա. Բադալյանն ասաց. «Դրսից պահանջ կա, որ ՀՀ-ում լինի մրցակցային ընտրապայքար: Բայց եթե ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, այսինքն՝ ստացվում է, որ Արևմուտքը ցանկանում է մրցակցային ընտրապայքար, բայց ստացվում է ոչ թե ընտրություն, այլ նշանակովի, այն, որ ասում էի, թե Հայաստանում նախագահ չի ընտրվելու, այլ նշանակվելու է՝ արևմտյան, կամ ռուսական տեխնոլոգիաներով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ