Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տարուն խոզի բդի փոխարեն գառան բուդ դրեք սեղանին. համ էժան է, համ էլ՝ խոլեստերինն ավելի քիչ է

Դեկտեմբեր 13,2012 14:44

Ամանորի նախաշեմին հնարավոր է մոտ 10 տոկոսով թանկանա խոզի ազդրի միսը, ուստի, գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վերադառնալ մեր հին ավանդույթներին եւ օգտագործել ոչխարի եւ գառան միս, քանի որ այն ավելի էժան է, քան խոզինը:

Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին 4 ամիսներին անասնամսի գնի նվազում է եղել. խոզի միսը, եթե ամռանը խոզի միսը վաճառվում էր 1 կիլոգրամը՝ 3,500 դրամով, իսկ չալաղաջը՝ մինչեւ 4000 դրամով, ապա այսօր՝ 3,100 դրամով, իսկ խոզի ազդրը՝ 3,400: Ըստ պարոն Հովհաննիսյանի, գառան միսն էլ 30%-ով նվազել է, այսինքն՝ մոտ 1000 դրամով, մի փոքր գնանկում կա նաեւ տավարի մսի:

Ամանորի տոնական սեղանին խոզի բդի փոխարեն, ըստ Աշոտ Հովհաննիսյանի, կարելի է ոչխարի ազդրեր օգտագործել. եւ համային հատկանիշներն են լավը, ավելի քիչ խոլեստերին են պարունակում, եւ ավելի էժան է. «Վերականգնենք մեր հին ավանդույթները, ժամանակին ավանդական ղավուրման միայն ոչխարի մսից էին պատրաստում, տոլման էլ, մեր հանրահայտ բոզբաշն էլ»:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված խոզի գնի անկումը, արդյոք սիբիրախտի դեպքերից հետո ժողովուրդը խուսափել է խոզի միս գնել, ինչն էլ գների նվազման է հանգեցրել, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ անասնագլխաքանակն է բավականին ավելացել. «Սիբիրախտի հետ կապված չէ: Մեզ մոտ ընդամենը 14 դեպք է եղել, իսկ Վրաստանում՝ 147, Թուրքիայում, Ադրբեջանում՝ 200-ից ավել: Սիբիրախտն այդքան էլ սարսափելի չէ, որքան թվում է, ուղղակի սիբիրախտի հարուցիչը կարող է սպոռավորվել հողում եւ մինչեւ 100 տարի մնալ, ու բարենպաստ պայմանի դեպքում գլուխ բարձրացնել, բարեբախտաբար լոկալիզացվել են դեպքերը: Վերջին 2 շաբաթում նման դեպք չկա»:

Հարցին, թե ջայլամի միս շուկայում կլինի՞, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ջայլամի միսն ու ջայլամաբուծությունը Նոր տարվա հետ առնչություն չունի եւ շուկայում չի վաճառվի, միայն մի քանի հարյուր կիլոգրամ, այն էլ՝ սուպերմարկետներում: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը՝ մսի քանակն է քիչ, գինն էլ՝ թա՞նկ է, վարչության պետն ասաց, որ այդ միսը սովորական մարդկանց համար չէ. «Մեզ համար չէ, 1 կիլոգրամը մոտ 8 հազար դրամ արժե: Բայց ընդհանրապես Հայաստանում մեծ հեռանկարներ կան ջայլամաբուծության: Արդեն մի քանի հարյուր գլուխ ջայլամներ կան ու գրեթե բոլոր մարզերում բուծում են: Հիմա ջայլամները սեռահասուն են եւ կարող են ձվադրել այնքան, որքան ապրում են՝ 60-70 տարի»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, բացթողումներ կան թռչնամսի արտադրությունում. «Մենք արտադրում ենք մեր պահանջարկի ընդամենը 25%-ը, տարեկան սպառում ենք 43-44 հազար տոննա թռչնամիս, որից ընդամենը 8-9 հազարը մենք ենք արտադրում, մնացածը ներկրում ենք»: Մասնագետի դիտարկմամբ, պոտենցիալ ունենք, սակայն դրսից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, իսկ տեղականի գինը պայմանավորված է ներկրովի թռչնակերով, ենթակառուցվածքներով ու տրանպորտային միջոցներով, սակայն նախարարությունը փորձում է աջակցել տեղական արտադրողին, որպեսզի թռչնամսի արտադրությունն ավելանա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31