Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Վարդանյան. «Այսօր չորս անգամ պակաս է տրամադրվում գիտությանը՝ համախառն ներքին արդյունքի 0,5 տոկոսը»

Դեկտեմբեր 13,2012 14:42

«2012թ. հուլիսի 1-ից մեկնարկեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը: ԱՊՀ երկրներում մենք առաջատար դիրքերում ենք, սակայն դա երկար տեւել չի կարող՝ հինգ տարի հետո մենք կունենանք անկում, գիտության ծերացում»,-այսօր երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի 2012թ. ամփոփման ժամանակ նշեց ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը:

Նրա համոզմամբ, այս տարի իրականացվել է Երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների ֆինանսավորում, գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսավորում, գիտական դրամաշնորհների ֆինանսավորում եւ մրցանակաբաշխության կազմակերպում.

«Երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 21 հայտ, որի ընդհանուր ֆինանսական ծավալը կազմում է 6.395.257 դրամ: Սեմինարների, դպրոցների համար 16 հայտ, որի ընդհանուր ֆինանսական ծավալն էլ կազմում է 15.984.880 դրամ»:

Դրամաշնորհների հետ կապված՝ բանախոսը նշեց, որ համաֆինանսավորման սկզբունքով՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, «Բարեպաշտ սերունդ» եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամների հետ համատեղ, իրականացվում է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթը՝ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով, որտեղ ԵԳԱԾ-ը հանդես է եկել 3 միլիոն դրամ համաֆինանսավորմամբ:

Իրականացվում է նաեւ գիտական լրագրության մրցույթ՝ գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր սեպտեմբերի 1-ից մինչեւ 2013թ. փետրվարի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստառադիոհաղորդումներում կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին, որի ընդհանուր ֆինանսական ծավալը կազմում է 1 միլիոն դրամ.

«Ողջունելի է, որ կան նմանատիպ ծրագրեր, սակայն սրանք բավարար չեն, որպեսզի մենք կանխենք ուղեղների արտահոսքը: Թվում է, թե երիտասարդ կադրերի աճ կա, սակայն կայուն հիմք չունենք, այսօր չորս անգամ պակաս է տրամադրվում գիտությանը՝ համախառն ներքին արդյունքի 0,5 տոկոսը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31