Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու «ՄԻԱՑՈՒՄ» և ոչ թե «ինքնորոշում»

Դեկտեմբեր 13,2012 14:23

Ինչու բանակցություններ Մոսկվայի հետ և ոչ թե Բաքվի

Արցախի հիմնախնդիրը, որ հանդիսանում է Հայոց հարցի բաղկացուցիչ մասը,  եղել է և մնում է հայկական գրավված տարածքների վերականգնման հարց: Որն իր հերթին շաղկապված է հայոց պետականության վերականգնման գործընթացի, նրա ապահով եւ հեռանկարային զարգացման եւ հզորացման հետ, դրա  համար անհրաժեշտ եւ անվիճելի, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքների վրա:

Կիլիկյան Հայաստանի կորստից հետո հայերը շանս ունեցան վերականգնել իրենց պետականությունը Արևելյան (Ռուսական) Հայաստանի տարածքներում, երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց բոլշևիկների հակահեղափոխական հեղաշրջումի հետևանքով:

Սակայն հայերը, մինչ այդ, Հայոց հարցի լուծման ապագան տեսնում էին Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրությունում բարենորոգումների ծրագրերի իրականացման հետ, երբ հետագայում հնարավոր էր հասնել ինքնավարության, եթե ազգի ճակատագրի տնօրինողները ազգային գերխնդիր ընտրեին ոչ թե «հեղափոխությունը», «կամ մենք կամ նրանք», «մահ կամ ազատություն», «հիմա կամ երբեք» նշանաբաններով, այլ ազգի հարատևումը, հատկապես իր պատմական հարազատ տարածքում, նրա քանակի եւ որակի աճը, զարգացումը և հզորացումը ամեն գնով:

Հայերը մինչև վերջ չեն գիտակցում, թե ինչ հարված հասցվեց հայոց վերածննդին, նրա հեռանկարային զարգացմանը, ինչ ահավոր արհավիրք եղավ Մեծ Եղեռնը, երբ հայաթափվեց Արեւմտյան Հայաստանը և Կիլիկյան, նրա պատմական հայրենիքի մեծագույն մասը, ուր նրանք հարատեւել եւ կերտել էին իրենց քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում, ընդհուպ մինչեւ չարաբաստիկ 1915 թիվը:

Այդ գիտակցությունը կմնա մշուշապատ, կամքը և ոգին թերի և անբավարար, կատարվածին իրատես գնահատական տալու համար և իրական միջոցներ գտնելու նոր սխալներ չգործելու, նոր պարտություններ չկրելու, նոր կորուստներ չտալու, մերօրյա ձեռքբերումները պահպանելու, զարգացնելու և հզորացնելու համար,  այնքան ժամանակ, մինչև որ նրանք քաջություն ունենան գիտակցելու և տեսնելու, որ մեր պարտությունների և կորուստների մեջ մենք ունեցել ենք մեր  մեղավորության բաժինը: Թշնամու վայրագությանը արդարացում եւ ներում չկա: Բայց անհրաժեշտ է գտնել եւ ընդունել այն ճշմարտությունը, որ գոյություն ուներ մտածելակերպ եւ գործելակերպ՝ խուսափելու համար այն արհավիրքից, որ մինչեւ հիմա ներկայացվում է իբրեւ անխուսափելի ճակատագիր: Այդ «մեր չար բախտի» անհաղթահարելի մնացած բարդույթը փակուղի տանող ճանապարհ է հանդիսանում մինչեւ մեր օրերը: Հավատքի, ոգու եւ կամքի պակաս՝ ազգին իր ճակատագիրը իր ձեռքը վերցնելու համար:

Հայոց Ազգային Խորհուրդը, որ ստեղծվեց Ռուսահայերի համաժողովում ՝ 1917 թ սեպտեմբերին Թիֆլիսում, նպատակ ուներ հայերի շահերը պաշտպանել միացյալ Անդրկովկասում, որը անբաժան մաս պիտի կազմեր  Ռուսաստանի ֆեդերատիվ դեմոկրատական հանրապետությունում:

Ռուսական կայսրության նահանգներից, այդ թվում Բաքվի, Թիֆլիսի, Երեւանի, Ելիզավետպոլի նահանգներից,  ազգային ինքնուրույն պետություններ ստեղծելու անպատեհ հնարավորություն առաջացավ միայն կայսրության փլուզման հետևանքով և ոչ թե՝ իբրև ազգային ազատագրական, գիտակցված, ծրագրված պայքարի արդյունք:

Երբ վրացիները և կովկասի թաթարները իրար մեջ բաժանեցին Անդրկովկասը թուրքերի և գերմանացիների աջակցությամբ, հայերին բաժին թողեցին 12 հքկմ  տարածք:

Բայց երբ Թուրքիան և Գերմանիան պարտություն կրեցին Առաջին համաշխարհային պատերազմում, պետականության տեր կանգնած հայերին հաջողվեց մինչև 1920 թ վերադարձնել ՀՀ -յան  հովանու ներքո Արևելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը՝ Կարսի, Նախիջևանի, Արցախի, Երևանի, Զանգեզուրի, Տաշիրի մարզերում: Ավելին, համաձայն 1920թ օգոգտոսի 10- ի Սեվրի դաշնագրի Հայաստանի իրավասությունները դե-յուրե տարածվում էին ընդհուպ մինչև Վանի, Կարինի, Բաղեշի, Տրապեզունդի նահանգները:     Այդ տարածքները դե-ֆակտո պահպանելու համար, հայերին չհաջողվեց միասնականություն ցուցաբերել, բավարար ուժ ապահովել՝ Մեծ Եղեռնից հետո աշխարհում մնացած հայերի ջանքերով ընդիմադրելու և կանխելու թուրքերի և բոլշևիկների միացյալ արշավանքը:

Կարմիր բանակի առաջին արշավանքը՝ Հայաստանը բռնի խորհրդայնացնելու նպատակով, 1920 թ օգոստոսին հայերին հաջողվեց կանգնեցնել: Բոլշևիկները առաջարկեցին զինադադար, պայմանով, որ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը ժամանակավոր կերպով օկուպացվում են Կարմիր բանակի կողմից, համաձայն երկու երկրների լիազոր ներկայացուցիչների կողմից 1920 թ օգոստոսի 10 – ի ստորագրված համաձայնագրի: Դրա համաձայն, այդ տարածքների պատկանելիությունը որոշվելու էր միայն  ՀՀ – յան և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվելիք պայմանագրով: Այդ պայմանագրի նախագիծը, մշակված երկու երկրների ներկայացուցիչների կողմից, պատրաստ էր 1920 թ հոկտեմբերի  28 -ին:  Սակայն պայմանագիրը չկնքվեց և հայերին չհաջողվեց կանգնեցնել Կարմիր բանակի հաջորդ հարձակումը, որը ավարտվեց ՀՀ – յան խորհրդայնացմամբ, նրա անկախության և տարածքների կորստով:

Հայկական պետականության վերականգնման և նրա կորցրած տարածքների մասնակի վերադարձման նոր շանս առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:

1991 թ սեպտեմբերի 25 –ի Հայաստանի անկախության հռչակագիրը հիմնված է «Հայկական ԽՍՀ –ի և  Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի 1989 թ դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման վրա:

Թե ինչու անտեսելով հռչակագիրը ընդունվեց ՀՀ Սահմանադրությռւնը, որով ազատագրված Արցախը դուրս մնաց ՀՀ- յան սահմաններից, հարկավոր է հարցնել ՀՀՇ- ի ղեկավարությունից և ոչ միայն նրանցից:  Բայց դրան կվերադառնանք հաջորդ անգամ:

Ադրբեջանի իշխանությունները փորձեցին Արցախը վերադարձնել իրենց հսկողության տակ ռազմական գործողությունների միջոցով: Սակայն զրկված լինելով կարմիր Կրեմլի պաշտպանությունից, երբ խորհրդային բանակը հեռացավ տարածքից,  Ադրբեջանը պարտություն կրեց իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում: Խորհրդային Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը ապահովված էր միայն խորհրդային կարգերով եւ խորհրդային բանակի առկայությամբ այդ տարածքում:

Հայերը ազատագրեցին Կարմիր բանակի կողմից գրավված և խորհրդային իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին անօրեն և հանցագործ կերպով  տրված հայկական տարածքների մի մասը: Հայկական զինված ուժերը խաղաղություն պարտադրեցին ագրեսորին և կնքվեց Բիշկեքյան զինադադարի համաձայնագիրը: Թե ինչու զինադադարի համաձայնագրի բովանդակությունը չի համապատասխանում ագրեսորի դեմ տարած հաղթանակի հետեւանքով առաջացած նոր իրողությանը, այս էլ որիշ հարց է, որ սպասում է նույնպես իր պատասխանին:

Այսպիսով, Ադրբեջանի հետ բանակցություններ կարելի է վարել  միայն  հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակը՝ իբրև անվերականգնելի փաստ և հրաժարվի իր անօրեն և անիրականալի պահանջներից և սպառնալիքներից:

 

Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքները՝ Արցախը և Նախիջեւանը, գրավվել են Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի կողմից և հանցագործ կերպով հանձնվել են  Խորհրդային Ադրբեջանին 1921 թ մարտի 16- ի քեմալա-բոլշեւիկյան պայմանագրով եւ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշումներով:

Այդ իսկ պատճառով  բանակցությունները անհրաժեշտ է վարել ՌԴ – ի իշխանությունների հետ, որ իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության, և առաջին հերթին մեկ գլխավոր նպատակով հասնել նրան, որ այդ իշխանությունները դատապարտեն նախկին վարչակարգի հանցագործությունները և աջակցեն այդ հանցագործությունների հետևանքների ուղղմանը:

Հակամարտությունը, այսպես կոչված Ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվել է ոչ թե 1988 – ին, այլ 1921- ին, երբ հայերը պարտություն կրեցին քեմալա – բոլշևիկյան արշավանքից, երբ ՀՀ – ը բռնի խորհրդայնացվեց, ազատազրկվեց և մասնատվեց: Այս իմաստով այդ լոկալ կոնֆլիկտը կարելի է համարել ավարտված, այսօրվա վիճակով Արցախի դե-ֆակտո ՀՀ – ին միացումով, Հայաստանի տարածքային ամբողջականության մասնակի վերականգնմամբ,  երբ կարելի կլինի դե-յուրե այդ միացումը ընդունելի դարձնել համաշխարհային հանրությանը, առաջին հերթին Մոսկվային, հետո մյուսներին: Ի՞նչու սկզբում Մոսկվային: Որովհետև Կրեմլի հորինվածքն է հետխորհրդային մինի-կայսրությունների, այդ թվում և Ադրբեջանի «տարածքային  ամբողջականության» անձեռնամխելիությունը: Մյուսները կրկնօրինակում են Մոսկվային: Պաշտպանում են Լենինի, Ստալինի կողմից, մեծ մասամբ հանցավոր կերպով գծված, խորհրդային սահմանները: Սա աբսուրդ է, և հատկապես Արևմուտքի դիրքերից: Եվ սա բացատրել միայն երկակի ստանդարտի քաղաքականությամբ, պարզունակ է, ինքնարդարացման համար է: Բայց սա մեր, հայերիս հանցանքն է: Ալիևը, Սահակաշվիլին և մյուսները կարողացել են օգտագործել մերօրյա դեռ թույլ և խոցելի Ռուսաստանի այդ սխալ կեցվածքը: Այդպիսի կեցվացքը ակնհայտ  դարձավ, երբ Կրեմլը վերջապես ճիշտ և արդարացի վարվեց, երբ ազատագրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան վրացական մինի-կայսրության գերությունից, փաստորեն ուղղելով նախկին տոտալիտար ռեժիմի հանցագործություններից  մեկի հետևանքը,   բայց չհաջողեց մինչև այսօր դա այդպես ներկայացնել համաշխարհային հանրությանը, ինչպես, օրինակ, Արևմուտքը ներկայացրեց իր դիրքորոշումը, օրինակ՝ Կոսովայի դեպքում:

Շատերը իներցիայի ուժով համոզված են, որ Ռուսաստանի իշխանությունները ընդունակ չեն դատապարտելու նախորդ ռեժիմի հանցագործությունները և աջակցել այդ հանցագործությունների հետևանքները վերացնելուն: Բայց մերժամյա իրադարձությունները ապացուցում են հակառակը: Քրիստոնեությանը, դեմոկրատիային, իր ազգային շահերին վերադարձող Ռուսաստանը, ոչ պակաս հավանականություն ունի դատապարտելու Լենին – Ստալինյան տոտալիտար ռեժիմի հանցագործությունները, քան այսօրվա Թուրքիան երիտթուրք – քեմալական հանցագործությունները: Չնայած նրան, որ այսօրվա Թուրքիան էլ այն չէ, ինչ երեկ էր: Որովհետև աշխարհը փոխվել է և հիմա ավելի արագ են փոփոխությունները ընթանում աշխարհում:

Ռուս դիվանագետները սկսում են ելք փնտրել, երբ նրանց չի հաջողվում  հիմնավորում եւ արդարացում գտնել համաշխարհային հանրությանը ընդունելի դարձնել իրենց գործողությունները Վրաստանի նկատմամբ: Նրանք (օրինակ Լավրովը, Կոսաչովը) արդեն սկսել են խոսել Ստալինի հանցագործությունների մասին, արդարացնելու համար իրենց արարքները Վրաստանի վերաբերյալ: Սովետականությունից մինչև վերջ չձերբազատված Ռուսաստանը նույնն է ինչ կլիներ Գերմանիան, եթե գերմանացիները ձերբազատված չլինեին նացիզմից: Պուտինը եւ Մեդվեդեւը լուրջ ծրագրեր են առաջարկում ազգային, առաջադեմ, ազատ, հզոր Ռուսաստանի վերականգնման համար, այնպիսի Ռուսաստանի, որ ռուսները և աշխարհը կորցրին, երբ ռուսական առաջադեմ ազգային ընտրանին եւ ժողովրդավար Արեւմուտքը  անընդունակ եղան կանգնեցնելու 1917 թ  բոլշևիկների հակահեղափոխական հեղաշրջումը, որ հանգեցրեց ի վերջո Ռուսաստանի, իբրեւ ազգային պետության  կործանմանը, դրա բոլոր հետևանքներով՝ թե ռուսների, թե աշխարհի շատ ժողովուրդների, հատկապես հայերի համար:

Այս դիրքերից դիտված, հայերի վզին փաթաթված «ղարաբաղցիների ինքնորոշումը» իբրև միջոց «ղարաբաղյան հակամարտությունից»  հաջողակ դուրս գալու համար, անհեռանկար է և վտանգավոր: Ժամանակն է վերադառնալ ՄԻԱՑՄԱՆ դիրքերին, հավատարիմ մնալով ՀՀ անկախության հռչակագրին, իրերը իրենց անունով անվանելով, դուրս գալ թշնամու «դաշտում» թույլ պայքար տանելուց: (Ադրբեջանը «պատրաստ է ղարաբաղցիներին տալ ամենաբարձր ինքնավարություն» իր տարածքային ամբողջականության անձեռնամխելիության պայմաններում):

Առաջին հերթին անհրաժեշտ է, որ հասկանալի և ընդունելի դառնանք հայերս ինքներս մեզ և աշխարհին: Մեր ուժը նաև մեր ճշմարտությունն է: Ոչ թե պարզունակ խորամանկությունը, անհիմն կասկածամտությունը՝ թե ով ինչ կասի, այլ գիտակցված անհերքելի ազգային իրավունքները եւ շահերը, մեր կամքը, հավատքը և ոգին՝ արժանապատիվ ապրելու համար: Մենք այդ կարողությունը պարտավոր ենք դրսեւորել: Այն, որ ՀՀ  իշխանությունները գնում են բանակցությունների Անկարայի հետ առանց նախապայմանների, հանրաքվե չեն անցկացնում, նոր սահմանադրություն չեն ընդունում, ՀՀ – ը չեն հռչակում իրավահաջորդը առաջին հանրապետության (1918 – 1921 թթ), որի անունից ստորագրվել էր Սեւրի դաշնագիրը, եւ գումարած դրան նույնիսկ չեղյալ չեն համարում 1921 թ Կարսի պայմանագիրը, պահանջներ չեն ներկայացնում  Նախիջեւանի, Կարսի, Արդահանի, Սուրմալուի նկատմամբ, որոնք զավթվեցին Հայաստանից խորհրդա-քեմալական ագրեսիայի հետևանքով, ապա այս բոլորը պետք է դիտել վերջին զիջումները ՀՀ-ի կողմից, որոնց գինը պետք է լինի Արցախի և ազատագրված տարածքների դե-յուրե ՎԵՐԱՄԻԱՑՈՒՄԸ մայր հայրենիքի հետ:

Ինչ վերաբերում է պահանջատիրության  հարցին Թուրքիայի նկատմամբ, Մեծ Եղեռնի հետեւանքով հասցված բարոյական, նյութական եւ տարածքային վնասների հատուցմանը, ապա դա պետք է թողնել Արեւմտահայության, Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների  Լիազոր ներկայացուցչական մարմնին, որ այժմ ձեւավորվում է ի դեմս Արեւմտահայոց ազգային համագումարի, որ հիմնադրվեց 2011 թ դեկտեմբերի 10-11- ին Փարիզում (Սեւրում), Արեւմտայերի երրորդ համագումարում:

Կարեն Միքայելյան  

Հրապարակախոս

Մոսկվա 

Լուսանկարը` Ֆեյսբուքյան օգտատեր Գառնիկ Մարտինյանի ֆեյսբուքյան էջից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31