Բրազիլահայ կիթառահար Ժոան Կույումջյանը տպավորված է
«Ես իսկապես երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել մասնակցելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված համերգին»,- «Առավոտի» հետ զրույցի սկզբում այսպես ասաց նախնիների հայրենիքում առաջին անգամ համերգային այցով ժամանած բրազիլահայ կիթառահար Ժոան Կույումջյանը: Նա հավելեց. «Սիրտս բրազիլացի է, հոգիս՝ հայ»: 28-ամյա երաժիշտը դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
Կիթառահարը 2010թ. ավարտելով Ջուլիարդի դպրոցը, հասցրել է բեմ բարձրանալ այնպիսի հեղինակավոր սրահներում, ինչպիսիք են «Քարնեգի հոլլը», «Քենեդի» կենտրոնը, «Մետրոպոլիտեն» թանգարանը եւ այլն: Նա Ամերիկայում, Եվրոպայի երկրներում բեմ է բարձրացել ճանաչված այնպիսի անունների հետ, ինչպիսիք են սոպրանո Նադին Սիեռայը, ջութակահար Տանիա Կամարգո Գվարիներին, երգեհոնահար Հարրի վան Վիյկին եւ մյուսները: Անցյալ տարի էլ «Քարնեգի հոլլում» մասնակցել է «Երաժշտական Հայաստան» համերգաշարին: Դիտարկմանը՝ ենթադրում ենք, թե այդ համերգաշարին մասնակցություն են ունեցել նաեւ հայաստանցի երաժիշտներ, մեր զրուցակիցը նախ հայտնեց, թե հեղինակավոր այդ սրահում արդեն որերորդ անգամ ավանդաբար է անցկացվում «Երաժշտական Հայաստանը»՝ Հայ առաքելական եկեղեցու ամերիկյան թեմի նախաձեռնությամբ, հետո էլ ասաց, որ համերգաշարին մասնակցում են միայն Հայաստանից դուրս բնակվող ու հայկական ծագում ունեցող արտիստներ:
Տեղեկանալով, որ պատրաստվում է թողարկել առաջին CD-ն, հետաքրքրվեցինք, թե հայ հեղինակի երկ կամ դասական կիթառի համար որեւէ փոխադրություն ընդգրկվա՞ծ է: Ժոանը պատասխանեց. «Վերջերս հունահայ կիթառահար Հակոբ Քոլանյանն ինձ տրամադրեց ազգային պարերի կիթառի համար փոխադրություններ, որ պատրաստվում եմ ընդգրկել իմ համերգներում: Առաջին CD-իս մեջ՝ ոչ, բայց առաջիկայում անպայման կընդգրկեմ նաեւ հայ հեղինակներից փոխադրումներ: Հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու օրերին կստանամ նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորներից հատուկ դասական կիթառի համար գրված ստեղծագործություններ»: Հարցրինք, արդյոք լրագրողները հետաքրքրվո՞ւմ են իր ծագումով: Ժոանն ասաց. «Ինձ հաճախ ներկայացնում են բրազիլացի հայ արտիստ: Ասեմ, որ հայրս, մայրս ծնունդով Բրազիլիայից են: Միայն հորս նախնիներն են Հայաստանից»: Հարցին՝ այսօր իր ծննդավայրում ո՞րն է երաժիշտների ամենամեծ խնդիրը, Կույումջյանը պատասխանեց. «Որպես այդպիսին, խնդիր չկա, բայց ես, օրինակ, նախընտրում եմ երկար ժամանակ ապրել ու ստեղծագործել Նյու Յորքում, որտեղ հնարավորությունները մեծ են ու աննկարագրելի հարգանք կա դասական արվեստի նկատմամբ: Ինչ վերաբերում է Բրազիլիային, ես ու իմ համախոհները հաճախ համերգներով հանդես ենք գալիս սոցիալապես անապահով ընտանիքների համար, ավելին՝ գործող կազմակերպությունների շնորհիվ փողոցներից աղքատ երեխաներ ենք հավաքագրում ու, բառիս լայն իմաստով, կրթում՝ ոչ միայն երաժշտական գիտելիքներ հաղորդելով»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ