ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի խնդրի մասին
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի շրջանավարտ է, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այն ժամանակին հոգեւոր կրթօջախ է եղել, նմանը չի ունեցել ԽՍՀՄ-ի տարածքում. «Թերլեմեզյանի շրջանավարտը ո՛չ բարձրագույնի կարիք ուներ, ո՛չ էլ ակադեմիայի: Թերլեմեզյանականները շատ պատրաստված էին ու բազմակողմանիորեն զարգացած: Թերլեմեզյանը դեմքը եւ ձեռագիրը պահպանել է մինչեւ երջանկահիշատակ Սամվել Պետրոսյանի պաշտոնավարումը»: Մեր զրուցակիցը քլեջի տեղափոխումը այլ շենք՝ առաջին հարվածն է համարում կրթօջախին, իսկ ներկայիս լարված իրավիճակն էլ՝ երկրորդը. «Իսպառ ոչնչացնում ենք արվեստի հետքը, նախկին տնօրենները լավ, թե վատ, գոնե մասնագետներ էին, մինչդեռ այժմ կիբեռնետիկան է ուզում թափանցել արվեստ: Ընդ որում, այսօր կառավարիչների խնդիր չկա, մասնագետների՛ խնդիր կա: Կոչ եմ անում հեռու մնալ Թերլեմեզյանից, թող իրենք իրենց ընտրությունն անեն, որպեսզի տեղի երեխաները շարունակեն նույն ոգով եւ գնան առաջ»:
Արագած Ախոյանը նման տեսակի կրթօջախի համար պարտադիր է համարում մասնագետ տնօրենի առկայությունը. «Արվեստի հետ շփվող երեխան այլ առանձնահատկություններ ունի, լավ մենեջերը պետք է նաեւ մասնագետ լինի, որպեսզի ճիշտ ընտրի կադրերին: Իսկ եթե մարդը արվեստից չի հասկանում, ինչպե՞ս պիտի գնահատի, թե որ ուսուցիչն ինչ ընդունակություններ ունի: Վերջերս մի հեռուստահաղորդման ժամանակ քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Մնացականյանն ասաց, թե ինքը եկել է Թերլեմեզյանի մատից փուշ հանելու, որովհետեւ նախկին տնօրենները ոչինչ չեն արել, սխալ են աշխատել, նույնիսկ ասաց, թե իր ամուսինն էլ է ինչ-որ առումով սխալ աշխատել: Ախր, պետք է լինել կոռեկտ: Նրա սկեսուր Ալվարդ Պետրոսյանն իմ սիրելի ուսուցիչներից մեկին մականունով դիմեց՝ մի՞թե այդ աթոռը այդքա՜ն քաղցր է, որի համար արժի ինչ-որ բաների վրայով անցնել… Հիշում եմ, երբ Սամվել Պետրոսյանն էր մեզ դասավանդում, գնում էինք պրակտիկաների, ի՜նչ միջավայրում էր անցնում մեր օրը: Նա կարողանում էր այնպես ոգեւորվել, որ ամբողջ տարին հաճույքով նկարում էինք: Յուրահատուկ ձեւեր կան մշակույթ եւ արվեստը դասավանդելու, որովհետեւ արվեստ միայն նկարչությունը չէ»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ հիշո՞ւմ է իր ուսման տարիների տնօրենին: «Իհարկե… Իմ տնօրենը եղել է Արշամ Շահինյանը, ապա նրան փոխարինել է Արամ Դավթյանը, այնուհետեւ Սամվել Պետրոսյանը…լավ էին ղեկավարում ուսումնարանը եւ լավ մասնագետներ էին: Այն ժամանակ լրիվ ուրիշ էր. արվեստը հովանավորվում էր պետության կողմից, գոյություն ուներ գեղարվեստական խորհուրդ, գեղարվեստական ֆոնդ, արվեստագետներին պետությունը պատվերներ էր տալիս, ամեն ինչ անում, որպեսզի կարողանային ապրել եւ ստեղծագործել: Խորհրդային տարիների կրթական մակարդակը եւս բարձր էր: Այսօր չեմ ուզում ցեխ շպրտել ներկայիս համակարգի վրա՝ լավ չեմ տիրապետում այսօրվա ողջ կրթական համակարգը, բայց կոնկրետ Թերլեմեզյանը լավ գիտեմ: Գիտեմ՝ ի՞նչ է պետք անել, դրա համար էլ կոչ եմ անում, որ չխանգարեն: Թող հոգեւոր կոլորիտը մնա Թերլեմեզյանի պատերի ներսում»:
«Առավոտի» դիտարկմանը, թե ոմանք դեմ են Աննա Մնացականյանի թեկնածությանը, սակայն կոնկրետ ծրագրերով չեն ներկայանում, պարոն Ախոյանը նշեց, որ չի ցանկանում կոնկրետ անուններ հնչեցնել՝ ինչ-ինչ խոսակցությունների տեղիք չտալու համար, որ ամեն համայնքի կամ ուսումնական հաստատության խնդիրը հենց իրենն է, ու հարկ է, որ որեւէ մեկը չմիջամտի. «Ի վերջո պիտի գանք այն մշակույթին, որ լինեն ազատ ընտրություններ: Թե չէ՝ միտում եմ նկատում, որի մասին Շուշան Պետրոսյանը ասել էր՝ հո Թուրքմենբաշու ընտանիքը չէ՞… Պետք է վերջ տալ այս ամենին՝ քեռին, եգանը, կինը… չի կարելի: Իմ հին ուսուցիչներից քոլեջում մնացել են մի քանիսը, օրինակ՝ Սուքիասյան Լաուրան, որին տնօրենի պաշտոնակատարը մեկ-երկու ամսվա մեջ երկու նկատողություն է տվել, իսկ գիտե՞ք, թե ինչ մանկավարժ էր նա»:
Մեր այն դիտարկմանը, թե սովորաբար տնօրենի կամ ռեկտորի թեկնածուն դառնում է տնօրեն կամ ռեկտոր, պատգամավորն ասաց. «Ուրեմն վե՞րջ, համարենք, որ ընտրվա՞ծ է… Ինքս ընտրության պրոցեսը չեմ կարող վերահսկել, ուղղակի պետք է թողնել մարդկանց խղճին, թող մեկն էլ մաքուր ընտրեն: Ով կընտրվի՝ կընտրվի: Բոլորին կոչ եմ անում՝ մի վիրավորեք իրար, էդ աթոռը չարժե, որ հրապարակային վիրավորանքների անցնեք: Այսօր մեր ժողովուրդը կարիք ունի, որ անգամ գյուղապետի ու համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի ու բուհի ռեկտորի ընտրության պարագայում նոր մշակույթ ձեւավորվի՝ հերիք է քաղաքական քվոտաներով անգրագետ ու առանց հասկանալու գալ ոլորտ զբաղեցնել»:
Եթե վիճակն այդքան լուրջ է, ինչո՞ւ անվանի նկարիչները համապատասխան հայտարարությամբ հանդես չեն գալիս, չէ՞ որ Թերլեմեզյանը բազան է Գեղարվեստի ակադեմիայի: «Իսկ անվանիներ մնացե՞լ են.. Այժմ անգամ ամենալուրջ արվեստագետը հանապազօրյա հացի խնդիր ունի, շատերին այլ բան չի հետաքրքրում, ոմանց հետաքրքրում է Թերլեմեզյանի հարցը, մի մասն էլ զայրացած է: Ովքեր էլ ինչ-ինչ պատճառներով ուզում են խառնվել, բայց քայլ չեն անում: Բոլորը գիտեն, որ սկեսուրն ուզում է լավություն անել հարսին, դա ես էլ գիտեմ, միգուցե ուրիշ բա՞ն էլ կա, որ մարդիկ տեղյակ են, դրա համար էլ չեն խառնվում: Ամեն դեպքում, լավ կլինի, որ սա մաքուր ընտրության նախադեպ լինի: Մեզ հայտնի բոլոր արվեստներից բացի, գոյություն ունի նաեւ ապրելու արվեստը: Եվ եթե արցունքը մաքրում է մարդու աչքերը, ապա արվեստը՝ հոգին: Թողեք էս հոգեւոր կենտրոնը մնա, չմտնենք էնտեղ՝ ոչ ես, ոչ մի ուրիշը, թող թերլեմեզյանցիները որոշեն: Իսկ մեզանից հասնում է՝ պիտանի լինել այն կրթօջախին, որը մեզ մարդ է սարքել»,- ասում է Արագած Ախոյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ