Հինգ ամիս մատիկները ծալելով՝ 4-ամյա թոռնուհիս՝ Վարսենիկ Այվազյանը, հաշվում է, թե ինչքան մնաց հայրիկի վերադարձին, ում նա երբեք չի տեսել ճաղերից այս կողմ: Սակայն նա դեռ չգիտի, որ երկար է սպասելու:
Ինչպես բացատրեմ թոռնուհուս, որ մեր հանրապետության փտած արդարադատության համակարգի շնորհիվ է, որ հայրիկիդ եւս 12 տարի չես տեսնելու ճաղերից այս կողմ: Ինչպես բացատրեմ, որ բազմիցս դիմել եմ ՀՀ իրավասու բոլոր ատյաններին, այդ թվում՝ նաեւ ՀՀ մեծարգո նախագահին՝ պարոն Սերժ Սարգսյանին, ով նաեւ ՀՀ փտած արդարադատության խորհրդի նախագահն է:
Մեծարգո պարոն նախագահ.
Կարդացեք նաև
Մի՞թե Ձեզ բնավ չի հետաքրքրում ՀՀ հասարակ քաղաքացիների ճակատագիրը, այն քաղաքացիների, ովքեր Ձեր կարգախոսին հավատացին:
Ես՝ Վարսենիկ Այվազյանս, բնակվում եմ ք. Աբովյանի երիտասարդական փողոցի 18/38 բնակարանում՝ վարձով, առողջություն էլ չունեմ, չեմ կարողանում աշխատել, ամուսինս մահացավ, երբ Արմանս արդեն բանտում էր, գոյատեւում ենք 21. 500 դրամ նպաստի շնորհիվ: Տանս միակ հենարանը տղաս է՝ Արման Այվազյանը, ով 24. 03. 2006թ.-ից իր կողմից կատարած հանցագործության համար ազատազրկվել էր 7 տարի ժամանակով եւ իր պատիժն էր կրում արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
11.10. 2010թ. ք. Արտաշատի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության 4 աշխատակից «Վանաձոր» ՔԿՀ-ից առեւանգեցին որդուս եւ բերման ենթարկեցին վերը նշված ոստիկանության բաժին:
14.10. 2010թ. Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կ. Ե. Մելքոնյանի կողմից ապօրինի ձերբակալվեց եւ նոր շինծու մեղադրանք առաջադրվեց (ՀՀ քրօրի 34-266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-215 հոդ. 2-րդ մասով), ինչը ի սկզբանե նաեւ խոստովանել էր անձամբ քննիչ Կ. Ե. Մելքոնյանը, ասելով, որ եթե իր ձեռքում լիներ՝ քրգործը միանշանակ կկարճեր, բայց վերադասները չեն թողնում եւ ավելին՝ առաջարկում են, որ տղաս՝ Արման Այվազյանը, ընտրություն կատարի եւ ընտրի՝ վատի եւ վատագույնի միջեւ, այսինքն՝ իրեն մեղավոր ճանաչելով՝ 34-266 հոդ. կփոխվի եւ կդառնա 34-268 հոդ. 3-րդ մաս, ինչը ավելի քիչ պատիժ է սահմանում, սակայն որդիս չի գնում այդ շինծու գործարքին:
21. 07. 2011թ. Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող Թ. Պողոսյանի գլխավորությամբ, ուղղորդվելով մեղադրական ուղղվածությամբ եւ խախտելով ՀՀ քրդատօրի17-18-րդ, 25-րդ, 35 հոդ. 2-րդ մասի, 127-րդ, 265-րդ, 353 հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 358-րդ, 365 հոդ. 2-րդ մասի, 366 հոդ. 2-րդ մասի, 394-398-րդ հոդվածների եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, ավելի շուտ իրականացրեց շինծու մեղադրանքի հաստատումը իրականացնող նոտարի դեր, քան արդարություն իրականացնող մարմին: Դատարանը, առաջնորդվելով շինծու մեղադրանքի պարտադիր հաստատման նախախնամությամբ, գտնվեց անհետեւողական, անարդարացի, շինծու մեղավորության ճանաչման հրապարակողը, այն էլ՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» եւ դատապարտելով 12 տարի ազատազրկման: Նույն կերպ վարվեցին նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, բայց վերաքննիչ դատարանը գոնե արձանագրեց, որ խախտվել են ՀՀ քրդատօրի 365 հոդվածի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Այս անօրինականությունների մասին բազմաթիվ դիմումներով տեղեկացրել եմ Ձեզ, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ԱԱԾ-ի տնօրենին, նախկին ոստիկանապետին, բոլորն էլ՝ անարդյունք:
Մեծարգո պարոն նախագահ, ապավինում եմ Ձեր արդարամտությանը, խղճին եւ խնդրում եմ Ձեզ վերականգնեք արդարությունն ու դատարանի առաջ կանգնեցրեք թիվ 27120010/1 շինծու քրգործի պատվիրատուներին:
ՎԱՐՍԵՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ
Անմեղ դատապարտվածի մայր
Հ. Գ. Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ այս նամակը անպատասխան չթողնելու: Դրանով Դուք կարող եք փոխել մի ընտանիքի ճակատագիր: