Ծառայության 5 ամսից 3-ը հոսպիտալում է
«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է զինծառայող Արմեն Հարությունյանի խնդիրներին: Նա այս տարվա հուլիսի 20-ին է զորակոչվել բանակ, սակայն ծառայության 5 ամսից 3-ը անցկացրել է հոսպիտալում:
Հիշեցնենք, որ Զինվորական բժշկական հանձնաժողովը, չնայած հայտնաբերված բազմաթիվ հիվանդություններին, նրան պիտանի էր ճանաչել ոչ շարային ծառայության համար: Զորամասում Արմենին ազատել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սակայն ընդամենը 2 օր զինվորական կոշիկ կրելուց հետո ոտքերին առաջացել են վերքեր, կապտուկներ, կապտել են նաեւ անոթները: Նրան թույլատրել են մի քանի օր հողաթափեր կրել, սակայն զինվորական կոշիկ կրելուց հետո ոտքերը նորից ուռչել են, կարմրել, կապտել ու նա տեղափոխվել է Երեւանի հոսպիտալ:
Կարդացեք նաև
10 օր բուժում ստանալուց հետո տեղափոխվել է զորամաս: Զորամաս վերադառնալուց հետո, դարձյալ պատմությունը կրկնվել է. մի քանի օր զինվորական կոշիկ կրելուց հետո ոտքերն ուռչել են, անոթները կապտել, այս անգամ արդեն ավելի մեծ չափով, ոտքերին առաջացել են հանգույցներ: Հրամանատարությունը նրան թույլատրել է հողաթափեր կրել եւ ուղարկել է բուժմաս, որտեղ Արմենը գտնվել է երկու շաբաթ, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի հոսպիտալ, ուր երկու ամիս բուժում է ստացել:
Արմենը երկկողմանի ծնողազուրկ է, նրա խնամակալը մորաքույրն է, որը դիմել էր պաշպանության նախարար Սեյրան Օհանյանին, բողոքելով, որ Արմենի նկատմամբ բուժհանձնաժողովը հանցավոր անփութություն է դրսեւորել, արհամարհել է հիվանդի գանգատները, ինչպես նաեւ համապատասխան բժշկի կարծիքը եւ բանակ տարել հիվանդ պատանուն՝ բուժման ուղարկելու փոխարեն:
Երկու ամիս հոսպիտալում գտնվելով, Արմենը լուրջ հետազոտությունների է ենթարկվել, սակայն Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը եզրակացրել է, որ Արմենը պիտանի է ծառայության եւ ուղարկել էր զորամաս: Ընդամենը մեկ շաբաթ զորամասում գտնվելով, Արմենի մոտ դարձյալ առաջացել են նույն խնդիրները, եւ զորամասի բժիշկը նրան դարձյալ ազատել է զինվորական կոշիկներ կրելուց:
«Դա ի՞նչ ծառայություն է, 2-3 օր բատինկա է հագնում, 10 օր բուժվում, մինչեւ ե՞րբ: Արմենի մոտ հիվանդությունն այս մի քանի ամսվա ընթացքում խորացել է: Բանակ ճանապարհելիս, ճիշտ է, օրվա ընթացքում ոտքերը ուռչում էին, կարմրում, բայց կապտուկներ չկային: Հիմա արդեն կապտուկները չեն անցնում, ոտքերին հանգույցներ են առաջացել: Միջնադարում խոշտանգման մեթոդ կար, որը կիրառում էր ինկվիզիցիան: Այն կոչվում էր «իսպանական սապոգ»: Դրա էությունը նրանում էր, որ ոտքերը դնում էին կաղապարի մեջ ու սեղմում: Հիմա նույն վիճակում է հայտնվել Արմենը, մի՞թե նույն բանը չի կատարվում նրա նկատմամբ: Արմենը խոշտանգվում է սեփական պետության կողմից: Չէ՞ որ հիվանդությունը այդպես խորանում է եւ մի օր էլ կարող ենք անդառնալի կետում հայտնվել: Ո՞վ է պատասխան տալու, երբ, Աստված մի արասցե, երիտասարդը հաշմանդամ դառնա: Իսկ այսպես շարունակվելու դեպքում, չեմ կասկածում, հենց այդպես էլ լինելու է»,- վրդովված բողոքում է խնամակալը:
Թեպետ բժիշկները պնդում են, որ զինվորն առողջ է, սակայն փաստը, որ նա չի կարողանում զինվորական կոշիկ կրել, հակառակն է ասում: Արմենի հիվանդության դեպքում հիվանդին հակացուցված է հոգնելը, տեւական ժամանակ կանգնած մնալը, երկար քայլելը, ծանրություն բարձրացնելը, անհարմար կոշիկ կրելը: Իսկ այդ բոլոր պայմաններն ապահովելը բանակի պայմաններում անհնար է, կարծում եմ՝ նաեւ անիմաստ, որովհետեւ, ինչպես այս 5 ամիսներն են ցույց տվել, պետությունը նման զինվոր պահելու համար անտեղի եւ մեծ ծախսեր է կատարում՝ առանց արդյունք ստանալու: Ի դեպ, շատ բժիշկներ գտնում են, որ զինվորի խնդիրները ժառանգականության հետեւանք են. Արմենի մայրը ունեցել է սրտի բնածին արատ, մահացել է թրոմբից եւ բնական է, որ երեխան մորից ժառանգեր նրա հիվանդությունները:
«Ես չեմ կարող անտարբեր նայել, թե ինչպես է Արմենի մոտ օր օրի հիվանդությունը խորանում: Շատ եմ բողոքել, բայց՝ անարդյունք: Բայց հասկացել եմ նաեւ, որ Արմենը կարող է ազատվել զինծառայությունից, եթե լինի համապատասխան մարմնի սրտացավ վերաբերմունքը, եթե ամեն բժիշկ մտածի, թե ինչպես կվարվեր, եթե դիմացինը իր որդին լիներ»,- հուզված ասաց նրա խնամակալը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ