Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում ոգեւորվա՞ծ են ԲՀԿ-ի որոշումից

Դեկտեմբեր 13,2012 13:54

ԲՀԿ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ «ԲՀԿ-ն խաղում է միայն ժողովրդի խաղը», ՆԺԿ նախագահն առաջարկում է՝ «շարունակել քաղաքական բոյկոտը»:

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջապես հրապարակեց իր՝ այդքան երկար սպասված որոշումը 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ի հեճուկս կամ ի արդարացումն որոշ քաղաքական ուժերի, անհատների՝ ԲՀԿ առաջնորդը որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին: Ավելին՝ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում չի սատարի որեւէ մեկին: Քաղաքական ուժերի արձագանքը տարբեր էր. ՀԱԿ-ը, օրինակ, քաղխորհրդի նիստ հրավիրեց՝ վերլուծելու համար ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հայտարարությունը: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումները ՀԱԿ-ում դեռ շարունակվում են, վերջնական որոշում դեռ չկա: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստը բավականին աշխույժ մթնոլորտում է անցել: Քաղխորհրդի անդամները ոգեւորված են ԲՀԿ-ի սույն կեցվածքից: ՀԱԿ-ում համարում են, որ ԲՀԿ-ի «ԱԽՔ-ացման» վտանգն այսպիով վերանում է, եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման համար «կանաչ լույս» է վառվում, քանի որ Գագիկ Ծառուկյանի սույն որոշումը բացառում է նաեւ Վարդան Օսկանյանի առաջադրումը: Հուսով են՝ հիմնական պայքարն ընթանալու է ՀՀ առաջին եւ երրորդ նախագահների միջեւ, եւ որ ԲՀԿ-ի չորս հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր յոթանասուներեք ընտրողների մեծամասնությունը կկողմնորոշվի դեպի առաջին նախագահը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը սկսեց աշխատել»,- այս կարծիքին են ՀԱԿ-ում ու ոգեւորությամբ սպասում են դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարին՝ գրեթե վստահ, որ հենց այդ օրն առաջին նախագահը կհայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին: ՀՀ երկրորդ նախագահի վերադառնալու գործոնը, գոնե այս ընտրություններում, ՀԱԿ-ում բացառում են: Երեկ «Առավոտին» չհաջողվեց այս ամենի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ ստանալ: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամների հեռախոսները կամ անջատված էին, կամ նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին:

Երեկ ԲՀԿ հայտարարությունը հրապարակելուց մի քանի ժամ անց արդեն սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ ԲՀԿ-ում լուրջ դժգոհություններ են առաջացել առաջնորդի նման կեցվածքի պատճառով, քանի որ ի դեմս Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցական մի խումբը մարտականորեն էր տրամադրված: Օսկանյանական թեւն իբրեւ նախագահի թեկնածու տեսնում էր նախկին արտգործնախարարին, Զոհրաբյանական թեւը՝ Գագիկ Ծառուկյանին: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ այդ որոշման արդյունքում ԲՀԿ-ական որոշ գործարարներ պատրաստվում են լքել կուսակցությունը: Այդ ամենի առիթով երեկ «Առավոտի» հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «ԲՀԿ-ի յուրահատկությունն ու ամրությունը պայմանավորված է նրանով, որ չնայած «տարատեսակ անհատական նախապատվություններին, ցանկություններին»՝ թիմը անվերապահորեն հավատում է առաջնորդին՝ ինչպես ընտրազանգվածը հավատաց, ու պատրաստ է անվերապահորեն ընդունել ցանկացած որոշում ու գնալ առաջնորդի եւ այդ որոշման հետեւից: Իսկ եթե լինեն էլ բացառություններ, ապա նրանք միայն կհաստատեն կանոնը»: Հարցին՝ Դուք վստահեցնում եք, որ այս պահին ԲՀԿ-ից առնետավազք չկա՞, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ես վստահեցնում եմ այն, ինչն ասացի՝ առանց որեւէ բառակապակցության»: ԲՀԿ-ի հայտարարության մասին Ուրիխանյանի այլ հիմնավորումները կարդացեք www.aravot.am կայքում: Երեկ արդեն հրապարակվեցին վերլուծություններ, որ ԲՀԿ-ն շարունակում է «խաղալ Սերժ Սարգսյանի խաղը»: Նման մտահոգությունների տեղիք է տվել այն, որ պաշտոնական հայտարարությունից 2-3 օր առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ: «Կարծում եմ՝ հարցն անիմաստ կդառնա, երբ միառժամանակ անց բոլորը տեսնեն, որ ԲՀԿ-ն ոչինչ էլ չի փոխել իր քաղաքական կուրսի մեջ եւ օր օրի, քարը քարի վրա դնելով՝ շարունակում է իր ջանքերը՝ Հայաստանը բարգավաճման, զարգացման ճանապարհով տանելու համար»: Նա վստահեցնում է, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող ստիպել ԲՀԿ-ին, հատկապես առաջնորդին, կայացնել որոշումներ՝ բացի հանրության նպատակահարմարությունից ու շահից:

«Առավոտի» հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ անդրադառնալով ԲՀԿ-ի որոշմանը եւ դրա արդյունքում քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին, մասնավորաբար՝ երեկ հնչած այն կարծիքներին, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման համար պարարտ հող է ստեղծվում՝ ասաց. «Մենք ընտրություններ չունենք, եւ դա բոլորը գիտեն: Իշխանությունն ընտրությունները միշտ էլ վերածում է համապատասխան միջոցառման: Հետեւաբար, քաղաքական ուժի մասնակցությունը պետք է բերի զուտ հաղթանակի՝ այն իմաստով, որ կարողանա իր հաղթանակը տեղ հասցնել: Ռեալ ընտրությունների պարագայում ժողովուրդը ձայն կտա ընդդիմությանը, Սերժ Սարգսյանին կհաղթի ցանկացածը: Եթե ընտրություններ չկան, կա միջոցառում, ուրեմն ամեն ինչ պետք է արվի հետագայում՝ փողոցի միջոցով: Հասարակությունն այսօր պատրա՞ստ է փողոցում կռիվ տալ այնպես, ինչպես 2008-ին: Դժվար: Փաստորեն, ընտրություններ չկան, հասարակության պատրաստվածության այդ աստիճանը չկա՝ ինչի՞ համար է ընդդիմության կողմից լուրջ մարդու առաջադրումը: Ի՞նչ է ապահովելու Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ որեւէ մեկը, եթե դնի իր թեկնածությունը: Հաղթանակի շանս կա՞ ընտրակեղծիքների եւ ֆինանսական ռեսուրսների այս պայմաններում: Չկա: Ուրեմն դառնում է լեգիտիմացման ճանապարհ Սերժ Սարգսյանի համար՝ ապահովելով մրցակցային ընտրություններ գաղափարը»: Փաստարկված այլ մոտեցում Արամ Կարապետյանը չի տեսնում: Նա վստահ է, որ ամենաճիշտ ճանապարհն այժմ քաղաքական բոյկոտն է. «Որպես քաղաքական ուժ՝ չես մասնակցում ընտրությունների գործընթացին: Այն, ինչը որ արեցինք մենք, արեց Գագիկ Ծառուկյանը՝ չեմ դնում, չեմ էլ սատարում, գործընթացից դուրս եմ: Ես լուրջ ընդդիմադիր ուժերին առաջարկում եմ շարունակել քաղաքական բոյկոտը, մեկ անգամ եւս չլեգիտիմացնել Սերժ Սարգսյանի ռեժիմը: Չստացվի խորհրդարանական ընտրությունների նման՝ բոլորը բողոքեն, բայց գնան մանդատը վերցնեն, լեգիտիմացնեն այդ խորհրդարանը, որը հետո հենց իրենց նկատմամբ իրեն շատ վատ է պահում՝ ստորագրությունները հավաքում են, ու ոչ մի բանի տեղ չի անցնում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31