Ամեն դեպքում՝ այդ հանդիպումը մյուս գործընկերներին չի կաշկանդել
Դեկտեմբերի 6-ին ՀՅԴ-ն հասարակական քննարկում էր կազմակերպել՝ մոտ մեկուկես ամիս առաջ հրապարակած իր յոթը կետից բաղկացած օրակարգը առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական պլատֆորմի վերածելու առաջարկով: Այդ քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», սկզբունքորեն համաձայնեցին ՀՅԴ-ի առաջարկած կետերը իբրեւ միասնական պլատֆորմ ընդունել: Իր դրական կարծիքը հայտնեց նաեւ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ որոշակի վերապահումներով եւ առարկություններով: Երկու օր անց նույն կետերը քննարկելու համար ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպեցին ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կետի վերաբերյալ եւ պնդել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով իր քայլերը ճիշտ են եղել: ՀՅԴ վերնախավի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Այդ առիթով «Առավոտի» հարցին էլ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նախօրեին պատասխանել էր, որ խորհրդարանական ուժերի «լուրջ, պատասխանատու անձանց կողմից նման դժգոհություններ չեն հնչել», ու հիմնավորեց, որ ՀՅԴ-ն թաքուն ոչինչ չի արել եւ ի սկզբանե հայտարարել է, որ իր օրակարգն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ՝ կոալիցիոն:
«Առավոտը» փորձեց ՀՅԴ-ի առաջարկների շուրջ սկզբունքորեն համաձայնության եկած ուժերի ներկայացուցիչներից ճշտել՝ արդյոք դաշնակցական վերնախավի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն իրենց կաշկանդե՞լ է կամ տարընկալումների տեղիք տվել: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ում «շատ թեթեւ» են նայում այդ հանդիպմանը, քանի որ գիտեն, որ հանդիպումը եղել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ. «Մեզ այդպես է հայտնի: Ինչպեսեւ Ծառուկյանի հետ հանդիպումը նույնպես եղել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Եթե նախաձեռնությունը եղել է, եւ ՀՅԴ-ն էլ կոալիցիայի մեջ է եղել, շփումները միշտ եղել են, չեմ կարծում, որ իրենք պետք է հրաժարվեին հանդիպումից: Կարող էին, իհարկե, նաեւ հրաժարվել: Բայց տվյալ դեպքում նաեւ զարմանալի չէ, որ հանդիպում են»: Տիկին Սարգսյանին միանգամայն արժանահավատ են թվացել Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունները, որ ՀՅԴ-ն պարտավոր էր այդ հանդիպումն ունենալ, իր ծրագրերը ներկայացնել՝ նաեւ հետագայում ճիշտ կողմնորոշվելու առումով. «Ճիշտ է, մեկնաբանությունները միանշանակ լինել չեն կարող, բայց դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն ետ է կանգնել կոնկրետ ընդդիմության հետ համագործակցելու եւ միասնական թեկնածուի շուրջ քննարկումներից: Ես չեմ ուզում ժամանակից շուտ հետեւություններ անել, շատ կարճ ժամանակ է մնացել, որի ընթացքում արդեն կհստականա՝ ո՞վ եւ ի՞նչ նպատակներ ունի, ո՞վ եւ ինչո՞ւ է հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, արդյոք ընդդիմությունը համախմբվելու հնարավորություն ունի՞»: Որ նախագահական ընտրություններում ընդդիմության համախմբման արդյունքում ձեւավորված միասնական թեկնածուով հանդես գալու տարբերակն ընդդիմության համար լավագույնն է՝ մեր զրուցակիցը մեկ րոպե անգամ չի կասկածում. «Եթե կհաջողվի՝ փառք ու պատիվ, եթե ոչ՝ նոր արդեն կարող ենք գնահատականներ տալ ամեն մի քաղաքական ուժի վարքագծին: Իսկ հիմա զսպվածությունն ամենաճիշտ գործիքն է, որն այսօր պետք է կիրառենք եւ սպասենք իրադարձությունների զարգացումներին»: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների հետեւում մեր զրուցակիցն, այսպես ասած, երկրորդ տարբերակն էլ է տեսնում. «Ընդդիմությունը բանակցում է՝ համախմբվելու համար, բնական է, որ Սերժ Սարգսյանն էլ պետք է ամեն ինչ անի՝ միավորումը տապալելու եւ ձախողելու համար, նույնիսկ կոնսուլտացիաների արդյունքում պետք է փորձի որոշ քաղաքական ուժերի ահաբեկել, շանտաժի ենթարկել, կոմպրոմատներ կիրառել: Բոլորին է հայտնի, որ շատ քաղաքական ուժեր որոշակի բիզնես-հետաքրքրություններ ունեն, եւ ահաբեկելու միջոց միշտ էլ կգտնվի, եթե իշխանությունը ցանկանում է դա անել»:
Կարդացեք նաև
«Ժառանգությունում» նույնպես նորմալ են վերաբերվում նախագահ Սարգսյանի եւ դաշնակցական վերնախավի հանդիպմանը: Կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն այդ առիթով «Առավոտին» ասաց. «Որեւէ կաշկանդվածություն չկա: Դաշնակցությունն, ըստ էության, խորհրդարանական բոլոր ուժերի ղեկավարության հետ հանդիպել է, քննարկումներ կազմակերպել, եւ այդ շարքից հերթականը եղել է ՀՀԿ-ի հետ: Հանդիպել են կուսակցության ղեկավարին, որը գործող նախագահն է: Հանդիպման ֆորմատն էլ՝ ՀՅԴ Բյուրոյի ղեկավար, ԳՄ ղեկավար, ամբողջությամբ համապատասխանում է ձեւաչափին: Որեւէ խնդիր չեմ տեսնում եւ որեւէ մեղադրանք չեմ ցանկանում ասել որեւէ կողմի համար: Հանդիպումը հրապարակային է եղել, գաղտնի չի եղել, դրանից հետո Հրանտ Մարգարյանը պարզաբանումներ է տվել, որ նախագահը երկու կետերի հետ կապված բացասական կարծիք ունի: Նորմալ է»:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ ինքը կոմպետենտ չէ՝ ՀՅԴ-ի դիրքորոշումները մեկնաբանել ԲՀԿ-ի դիրքորոշման տեսանկյունից եւ առավել եւս գնահատականներ տալ: Նա միայն փաստեց. «Ցանկացած քաղաքական ուժ իրավասու է սեփական գործողություններն իրականացնել սեփական հայեցողությունից ելնելով: Բայց այն, որ մենք ՀՅԴ-ի հետ ունենք քննարկելու, համատեղ նախաձեռնելու, միգուցե նաեւ ապագայում իրականացնելու շատ ու շատ քայլեր՝ հանուն այն փոփոխությունների, որոնց մասին խոսել ենք, ուզում եմ հավատացած լինել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ