Հրապարակային քաղաքականություն Հայաստանում գոյություն չունի, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են միանձնյա, դրանց ընդունման ընթացքն ու մեխանիզմը թափանցիկ չեն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ վիճակը ձեւակերպել է շատ դիպուկ՝ «ինչ որ անում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է անում»: Եվ նույնը, ըստ էության, ասում են նաեւ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները: Նման իրավիճակը բերում է առնվազն երեք հետեւանքների՝ ա/ վերոհիշյալ անձինք, անկախ իրենց անձնական հատկանիշներից, գործնականում զրկվում են ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, բ/ նրանց շրջապատող մարդիկ պարտադրված են արդարացնել եւ գովերգել իրենց առաջնորդների ամեն մի քայլ, գ/ այդ քայլերը կարող են բացատրել միայն դրանց «հեղինակները», որովհետեւ մնացածներն իսկապես չգիտեն դրանց դրդապատճառները եւ բացի ձոներ հնչեցնելուց՝ ոչինչ չեն կարող անել:
Օրինակ՝ մեկնաբանությունների եւ վերլուծությունների հեղեղում չհնչեց շատ պարզունակ հարցերի պաշտոնական կամ կիսապաշտոնական պատասխան՝ իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԲՀԿ ղեկավարը չմտավ ընտրապայքարի մեջ, արդյոք այն որոշումը, որը կայացրել էր «իր մեջ»՝ այդ պայքարից հրաժարվե՞լն է, եւ արդյոք հենց դա՞ էին հուշում ԲՀԿ-ականների հանդիպումները Հայաստանի տարբեր շրջաններում: Տիգրան Ուրիխանյանը եւ մնացած հայտնի կուսակցականները այդ հարցերի լիարժեք պատասխանը չգիտեն եւ այդ պատճառով ստիպված են սահմանափակվել ընդհանուր ձեւակերպումներով՝ ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի, նրա բարօրության եւ այլն:
Բայց եթե ԲՀԿ-ի վարքագծում կարելի է, այդ ամենով հանդերձ, գտնել որոշակի տրամաբանություն, որն, ըստ երեւույթին, թելադրվում է իշխանությունների բանեցրած տնտեսական եւ վարչական ճնշումներով կամ դրանց սպառնալիքներով, ապա ՀԱԿ-ի ուղեգիծը (հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո) ընդհանրապես տրամաբանությունից դուրս է: Իհարկե, այսօր էլ Կոնգրեսի կողմնակիցները կգտնեն բառեր, որոնք իրավիճակը կնկարագրեն լավատեսական գույներով: Կարելի է, օրինակ, գրել, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը «Տեր-Պետրոսյանի ստրատեգիայի տրիումֆն էր», կամ՝ որ դրանով «մահացու հարված հասցվեց ավազակապետությանը»: Բայց լեզուն, ինչպես հայտնի է, ոսկոր չունի՝ ասելով չի: Այսօր ցանկացած չնախապաշարված մարդու պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոնսուլտացիաների անվան տակ չպիտի սպասեր այլ թեկնածուների առաջադրվել-չառաջադրվելուն՝ դա նսեմացնում է առաջին նախագահի քաղաքական կշիռը: ՀԱԿ-ը չպիտի հույսեր կապեր համակարգի ներսում՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առաջացող ճեղքերի հետ, պիտի խաղար իր սեփական խաղը:
Հիմա սպասենք Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելուն: Բայց երկու դեպքում էլ, կասկած չունեմ, ՀԱԿ-ականները կասեն, որ դա հանճարեղ քայլ է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ