«Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց ես կասկածում եմ, որ այն նույն թափը լինի»,- այսօր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը «Հայելի» ակումբում այսպես պատասխանեց հարցին, թե իր կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի՞ նույն կերպ հավաքներ կազմակերպել, ինչ նախկինում՝ լռությունից հետո:
Սուրեն Աբրահամյանը ժամանակին ասել էր՝ «ՀԱԿ-ի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ»: Լրագրողների դիտարկմանը, որ այդպես հանգուցյալների մասին են ասում, Ձեր գնահատմամբ՝ ՀԱԿ-ը չկա՞ արդեն, հանգուցյա՞լ է՝ նա պատասխանեց. «ՀԱԿ-ում նվիրյալներ կան, որոնց առաջ գլուխ կարելի է խոնարհել: Ես կաթողիկոս ընտրելուց այն զգացումներն ապրել եմ, երբ այդ մարդկանց հետ եմ եղել այն 8-9 օրերը: Ես ո՞նց կարող եմ ՀԱԿ-ի մասին վատն ասել: Տակտիկական սխալներ եղել են , դե հիմա՝ Աստված մեծ է: Ես ազատության զգացողություն եմ ունեցել իրենց հետ»:
Հարցին՝ Ազատության հրապարակը ազատ է, ինչո՞ւ միտինգ չեք անում, ինչո՞ւ եք լռում, ձեր կուսակցությունն ասելիք չունի՞՝ նա պատասխանեց, որ անտեր քաղաքականությունը մենակ միտինգը չի: Նորից ՀԱԿ-ին անդրադառնալով՝ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ իր համար միտինգներից մեկի ժամանակ շատ զարմանալի արտահայտություն է արել Լեւոն Զուրաբյանը. «Ասաց ՝ երեկ Մատենադարանի մոտ հուժկու միտինգ արեց ԲՀԿ- ու նրա ղեկավարը հայտարարեց, որ ընտրախախտողներին ներում-բեկում չի լինելու: Ինձ համար դա անընդունելի է, դու քո ընտրազանգվածին նման բա՞ն ես ասում»:
Սուրեն Աբրահամյանի դիտարկմամբ՝ երբեմն շատ անբաններ, գործից հասկացող կամ չհասկացողներ փնովում են ազգին, սկսում են շատ բարդություններ վերագրել ոչ թե սխալ մարտավարությանը, այլ՝ ժողովրդին. «Մենք հազիվ ղարաբաղյան շարժումից հետո այդ բռնաբարվողի բարդույթից դուրս էինք եկել: Հիմա պատեհ-անպատեհ՝ մեր ժողովուրդը, մենք փողամոլ ենք, էս ենք, էն ենք: Եթե կա խավ, որի համար եջանկությունը այդ 5000-ն է, դա իր մեղքը չի: Դա իշխանությունների մեղքն է, որ այս վիճակում են հասցրել: Թող չպիտակավորեն՝ դավաճան…Բոմժը իրենք են, սրիկան իրենք են»:
Կարդացեք նաև
Սուրեն Աբրահամյանը դժգոհեց նաեւ, որ այսօր որ կայքը բացում է՝ Քիմ Քարդաշյանի կրծքերն են ու հետույքը: Նա հորդորեց օրվա հերոս դարձնել արժանի մարդկանց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ