«ԲՀԿ-ն կուսակցություն է, ունի ներքին խնդիրները եւ գերակայությունները: ԲՀԿ-ի որոշումը որոշ ուժերի համար վճռորոշ է, միգուցե փոխեն իրնեց մարտավարությունը եւ ռազմավարությունը, բայց դա իրենց խնդիրն է»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:
Պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է մոտեցումը, որ այդ որոշմամբ ԲՀԿ-ն գնաց ՕԵԿ-ակցման ճանապարհով, պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն գնում է իր՝ այլընտրանքային ճանապարհով:
Գագիկ Մինասյանը դեռ վաղ է համարում խոսել նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիայի մասին: Իսկ ԲՀԿ-ի 450 հազարից ավելի ձայներն, ըստ բանախոսի, կբաժանվեն այլ թեկնածուների միջեւ, մեկի օգտին չեն գնա:
ՀՀԿ-ական պատգամավորը ցանկացավ առավելապես անդրադառնալ իր կուսակցության խնդիրներին: Հիշեցնենք, որ շաբաթ օրը կայանալու է ՀՀԿ համագումարը, որտեղ կպաշտոնականացվի Սերժ Սարգսյանի առաջադրումը: Գագիկ Մինասյանի հավաստմամբ, այն առաջարկները, որոնք կհնչեն Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթում, կլինեն հասարակության համար «ամենաընկալելին եւ ամենաիրատեսականը»: ՀՀԿ թեկնածուի առաջարկները, պատգամավորի հավաստմամբ, կտարբերվեն մյուսներից իրենց «իրատեսությամբ, առարկայությամբ եւ նպատակին հասնելու մեծ հնարավորությամբ»:
Կարդացեք նաև
Իսկ Սերժ Սարգսյանի հաղթանակի գրավականն, ըստ բանախոսի, հետեւյալն է. «Այն փորձությունը, որը պատուհասեց ողջ աշխարհին եւ Հայաստանին, Հայաստանը ավելի մեղմ անցավ, քան աշխարհի մեծամասնությունը, թեեւ մեր նախնական պայմանները չափազանց ավելի վատ էին՝ շրջափակում, չհայտարարված պատերազմ, այս ամենը պահանջում էր շատ ավելի մեծ ջանքերի ներդրում, քան մյուս երկրները»: Պարոն Մինասյանը նկատի ուներ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Պատգամավորը վստահ է, որ նախագահական ընտրությունները կանցնեն «աննախադեպ լավ պայմաններում», քաղաքացիներին էլ կոչ է անում ակտիվ լինել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ