«Ուզում եմ ձեզ ի սկզբանե հիասթափեցնել: Այդ երիցուկային քաղաքականությունը մեր այսօրվա՝ սիրում է, չի սիրում, կդնի, չի դնի, դրա շուրջ ծավալված խմորումները, ով ում հետ սիրախաղ սկսեց, ով ում հետ ինչ կարգի ֆլիրտ արեց, ով ում քցեց, ում հետ քցեց, ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Որովհետեւ դրանք իմ ընտանիքի հետ, առավել եւս, իմ ժողովրդին առաջընթաց ապահովելու հետ կապ չունեն եւ դրական ակնկալիք չունենք»,- այսօր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը ԲՀԿ-ի որոշումն այսպես մեկնաբանեց:
Նա ասաց, որ իր համար սպասելի էր ԲՀԿ-ի որոշումը, քանի որ ինքը գիտի այդ կուսակցությունն ինչի համար է ստեղծվել:
Սուրեն Աբրահամյանի խոսքերով՝ «Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի՝ Սերժ Սարգսյանը նորից նախագահ կդառնա»: Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի՞ առաջադրվի այսինքն՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, դա ՀԱԿ-ին հարցրեք, Լեւոն Զուրաբյանին հարցրեք, որովհետեւ ամենածանրը նա տարած կլինի»:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը կդնի՞ թեկնածությունը թե ոչ՝ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ դա կորոշեն համագումարում, իսկ ինքը՝ պարոն Աբրահամյանը հաստատ չի առաջադրվելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ