Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է նաև, որ իշխանությունը որոշեց մինչև վերջ չխաղարկել Ծառուկյանի գործոնը

Դեկտեմբեր 13,2012 12:38

Գագիկ Ծառուկյանի չառաջադրման հետ կապված կա երկու բացատրություն. առաջինն այն է, որ Ծառուկյանը լավ չէր հաշվարկել իր մանևրելու հնարավորությունը, և համոզված էր, որ կկարողանա խուսափել իշխանության կողմից իր վրա գործադրվող ճնշումներից կամ կկարողանա դիմանալ այդ ճնշմանը։ Բայց սա չափազանց միամիտ պնդում է, քանի որ Ծառուկյանը չէր կարող չիմանալ, թե իր ընդդիմախոսներին ճնշելու ինչ լծակներ ունի իշխանությունը, և որն է իր՝ դիմանալու սահմանը։ Ավելի հավանական է այն տարբերակը, որ Ծառուկյանն ի սկզբանե իր վրա էր վերցրել հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու և իշխանության մյուս ընդդիմախոսներին ասպարեզից հեռացնելու ֆունկցիան։ Ըստ այդ սցենարի, խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում խաղարկվում էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անհաշտ մրցակցության ներկայացում, որի հանգուցալուծումը պետք է լիներ Ծառուկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում, որի ժամանակ նա պետք է փորձեր հաղթել իշխանության թեկնածու, նախագահ Սերժ Սարգսյանին։ Նման սցենարի խաղարկման իմաստը կարող էր լինել այն, որ քաղաքական մյուս ուժերը պետք է դուրս մղվեին «տիտանների» պայքարից և հայտնվեին դիտորդի կարգավիճակում, ինչը և տեղի ունեցավ։ Եթե այդպես է, ինչո՞ւ Ծառուկյանը չգնաց մինչև վերջ և չառաջադրեց իր թեկնածությունը՝ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին իր նկատմամբ տարած հաղթանակի համար շնորհավորելու նպատակով։ Իշխանության նկատմամբ առկա դժգոհությունն իշխանությանը, թերևս, ստիպեց հաշվել, որ եթե անգամ իր կողմից վերահսկելի Ծառուկյանն առաջադրվի, ապա կառաջանա իշխանության թեկնածուի լեգիտիմության խնդիր, հասարակության մի զգալի մասը կհամարի, որ Ծառուկյանը ավելի շատ ձայն էր ստացել, քան Սերժ Սարգսյանը։ Նույնիսկ, եթե Ծառուկյանը հրապարակայնորեն շնորհավորի Սերժ Սարգսյանին և նրա հաղթանակը համարի արդար մրցակցության արդյունք, միևնույն է, դրանով լեզիտիմության խնդիրը չի լուծվի: Հնարավոր է նաև, որ իշխանությունը որոշեց մինչև վերջ չխաղարկել Ծառուկյանի գործոնը, քանի որ նա կարող է պետք գալ այլ առիթների համար:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31