Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ– նախկին պատգամավորի հարցաքննությունն ավարտվեց

Դեկտեմբեր 13,2012 12:17

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր ավարտեց վաշխառության մեջ մեղադրվող, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի հարցաքննությունը: Նա մեղադրվում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանից տոկոսով գումար ստանալու համար:

Դատարանին հետաքրքրում էր, թե արդյոք Սամսոն Ղազարյանը դատարանում պնդո՞ւմ է իր ցուցմունքը, թե՞ ոչ: Ղազարյանը հայտնել էր, որ Մեխակ Գաբրիելյանն իրեն պարտք է 60.000 դոլար: Ղազարյանը պնդեց այն: Հետեւեց հաջորդ հարցը, որ Մեխակ Գաբրիելյանի ընկերներից, մասնավորապես՝ Վարդան Հարությունյանը դատարանում ասել է, թե վեճի առարկան ոչ թե 60.000 դոլարն է, այլ 10.000 դոլար: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանն ասաց, որ Վարդան Հարությունյանը սուտ ցուցմունք է տալիս, ավելին՝ նախկին քաղբանտարկյալի համար հավելեց. «Բացարձակ ստախոս է: Որտեղի՞ց է մոգոնել այդ գումարները»:

Ինչ վերաբերում է տուժող Մ. Գաբրիելյանի կողմից գումարը չտալուն, այս գործով ամբաստանյալ Ս. Ղազարյանն ասաց. «Երբ պետք է, տուժողը մոռանում է, ինչ որ պետք է՝ հիշում է: Ու երբ ուզում ես, հոգեբանական տրյուկ է՝ խռովում-գնում է: Միայն ինձ հետ չէ, որ այդ տրյուկը կիրառել է»: Դատարանը հրապարակեց նաեւ անցյալ տարվա նոյեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնի բաժնի քննիչ Գրիգորյանի մոտ Սամսոն Ղազարյանի տված բացատրությունը՝ էական հակասություն տեսնելով նրա ցուցմունքների մեջ, չնայած հրապարակելուց հետո Ս. Ղազարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը առարկեց, գտնելով, որ էական հակասություններ չկային:

Այնուամենայնիվ, պարզ չդարձավ, թե անցյալ տարվա մարտ ամսին Գաբրիելյանը վերադարձրե՞լ է Սամսոն Ղազարյանի պարտքը, թե՞ ոչ: Բացատրության մեջ Սամսոնն ասել էր, որ գումարի մի մասը վերադարձրել է, իսկ դատարանում ասաց, որ ընդամենը 2000 դոլար է վերադարձրել: Մ. Գաբրիելյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Գեւորգյանն էլ հավելեց, որ տրվել է 27.000 դոլար: Դատաքննությունն ավարտվեց:

Վարդան Զուռնաչյանը խնդրեց աշխատանքային 3 օր ժամկետ՝ լրացուցիչ վկաներ դատակոչելու համար, ինչին առարկեց տուժող կողմը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31