Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Ասում են, որ այս օրերին նա գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ վերջին շտրիխները ճշգրտելու նպատակով: Aravot.am-ն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ում հավանական համարո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն առաջիկա ընտրություններում, մանավանդ, որ նախագահի պաշտոնից հեռանալիս, երբ լրագրողները հետաքրքրվեցին թե ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ՀՀ երկրորդ նախագահը, նա խոստացավ, որ դեռ անականկալներ կմատուցի: «ՀՀԿ-ում նման քննարկումներ չեն եղել: Քաղաքական դաշտում զարգացումներն, իսկապես, կարող են տարբեր ուղղություններով գնալ եւ եթե այդպիսի քայլ լինի՝ մենք կանդրադառնանք: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց պարոն Մինասյանը: Հարցին՝ մտավախություններ կա՞ն, ասաց, որ «մտավախություններ» բառը ճիշտ ընտրված չէ ու ՀՀԿ-ն կանդրադառնա այդ հարցին միայն անհրաժեշտության դեպքում:
Նկատեցինք, որ ՀՀԿ-ում մշտապես հայտարարում են, որ անկախ առաջադրումներից, պայքարը գնալու է երկրորդ տեղի համար: Տեսնո՞ւմ է Գագիկ Մինասյանը Ռոբերտ Քոչարյանին երկրորդ տեղում՝ հարցին հնչեց հետեւյալ պատասխանը. «Շատ եք առաջ գնում: Դեռ այդպիսի առաջադրում չկա: Եթե լինի՝ մենք կանդրադառնանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ