ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Երեւանի պետական համալսարանի հրատարակած «Հայոց պատմություն» աղմկահարույց դասագրքին, «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել է. «Ոչ մի նախադասություն չի փոխվի»: Իր այդ կատեգորիկ դիրքորոշումն Աշոտյանը պարզաբանել է հետեւյալ կերպ. «Իհարկե, չենք պատրաստվում որեւէ բան անել։ Կարծում եմ, որ առաջինը՝ որեւէ մեկին իրավունք չի վերապահված փորձելու սահմանափակել այլոց ազատությունները, հատկապես՝ ակադեմիական ազատությունները։ Կա գիտնականների խումբը, որն ունի ինչ-որ մի կարծիք, այդ կարծիքը շարադրելու իրավունք իրենց հեղինակած գրքում»։
Սա, կարելի է ասել, ուղղակի զավեշտալի հայտարարություն է։ Ի՞նչ է նշանակում՝ չենք վիճարկում այլոց ակադեմիական ազատությունները։ Ի վերջո, խոսքը ոչ թե որեւէ գիտնականի ստեղծագործական ազատության, այլ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդվող դասագրքի մասին է։ Բայց դատելով Աշոտյանի հաջորդ հայտարարություններից, տպավորություն է ստեղծվում, որ հայրենի ԿԳ նախարարն այնքան էլ լավ չի պատկերացնում ԲՈՒՀ-ում դասավանդվող դասագրքերի նշանակությունը։ Աշոտյանը նույն հարցազրույցում ասում է, թե «գիտնականներն այս դեպքում ազատ են իրենց կարծիքը արտահայտել՝ հիմնվելով իրենց ունեցած տպավորությունների եւ փաստական նյութերի վրա»։ Եվ ամենազարմանալին՝ ըստ նախարարի. «Որեւէ մեկը չի կարող ամբողջությամբ պատասխանել, թե ինչ է եղել այդ ժամանակ»։ Բայց ներեցե՛ք՝ եթե որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ է եղել, այդ դեպքում ինչպե՞ս են դա արել այդ դասագրքի հեղինակները։ Պարզվում է, ըստ նախարարի, դասագրքի հեղինակները դա արել են՝ չհավակնելով «վերջին ատյանի ճշմարտություն գրել»։
Սա արդեն ինքնախոստովանություն է։ Փաստորեն Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը հայտարարում է, որ երկրի ուսումնական հաստատություններում դասավանդվող դասագրքերում մեր երեխաներին կարող է մատուցվել ամեն տեսակ աղբ, քանի որ այդ աղբի հեղինակներն ունեն ակադեմիական ազատություններ եւ չեն հավակնում իրենց ուսանողներին վերին ատյանի ճշմարտություններ մատուցել։ Ստացվում է, որ հայրենի ԲՈՒՀ-երում մեր երիտասարդ սերնդի ընտրյալ հատվածը, որի հետ է կապված մեր երկրի վաղվա ապագան, պարտադրված է սովորել վիճելի ճշմարտություններ, այդ թվում եւ նույն մարտի 1-ի հետ կապված։ Այս պնդումը վիճարկողներին արժե հարցնել, ի՞նչ են կարծում, նույն Էդիկ Մինասյանը եւ նրա գործընկերներն իրենց ուսանողներին բարձր գնահատականներ կնշանակե՞ն, եթե նրանք կոնկրետ մարտի 1-ի հետ կապված հարցին պատասխանեն, որ դասագրքում ներկայացվածը «վերին ատյանի ճշմարտություն չէ», ուստի իրենք դա չեն սովորել։ Բնականաբար՝ ոչ։ Հետեւաբար՝ ուսանողները ստիպված են լինելու սերտել այն, ինչ նրանց հրամցվում է «վերին ատյանի ճշմարտություն չգրող», չափազանց «ազատ» դասախոսների կողմից։
«Ժողովուրդ»