Լրահոս
Օրվա լրահոսը

Ու երբ ընդդիմադիր դաշտը սպասում է, որ Գագիկ Ծառուկյանը սեփական կյանքի գնով ընդդիմությանը բերի իշխանության, Ծառուկյանը ասում է՝ դե՛ դուք կայֆ արեք, ես թռա

Դեկտեմբեր 13,2012 10:55

Հայաստանում, փաստորեն, կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրադարձության գնահատականը տալիս են ոչ թե ըստ այնմ, թե ինչ է դա նշանակում, այլ ըստ այնմ, թե ինչպես են իրենք ուզում տեսնել այդ իրադարձությունը կամ ինչպես է իրենց ձեռնտու։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե չի առաջադրվում նախագահի թեկնածու, նախագահական առաջիկա ընտրություններում որեւէ մեկին չի սատարում, եւ ընդդիմադիր դաշտում ոմանք ձեւ են անում, թե տոնում են իրադարձությունը, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին չի սատարում։

Ծառուկյանը, սակայն, չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանին չի սատարում, նա ասել է՝ որեւէ մեկին չի սատարում։ Սա նշանակում է, որ չի սատարում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ոչ մի թեկնածուի, որ կառաջադրվի նախագահի թեկնածու կամ թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի։ Թվում է, թե սա առնվազն նույնպիսի վերաբերմունք է նախագահի բոլոր թեկնածուների նկատմամբ։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանը միակ թեկնածուն է, որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը չունի։ Գագիկ Ծառուկյանից Սերժ Սարգսյանի միակ ակնկալիքն այն է, որ նա գնա՝ նստի իրենց տանը եւ ոչ մի բանի չխառնվի։

Ծառուկյանը հենց դա էլ արել է։ Ընդ որում, արել է այն բանից հետո, երբ շատերն ընդդիմադիր դաշտում իրեն են վերապահել իրադարձությունները հանգուցալուծողի գլխավոր դերը, ժողովրդին հավաստիացրել են, թե հեսա-հեսա ԲՀԿ-ն անցնում է ընդդիմության կողմը, որ կազմաքանդի ավազակապետությունը։ Ու երբ ընդդիմադիր դաշտը սպասում է, որ Գագիկ Ծառուկյանը ստանձնելու է Չապաեւի դերը եւ սեփական կյանքի գնով ընդդիմությանը բերի իշխանության, Գագիկ Ծառուկյանը ասում է՝ դե՛ դուք կայֆ արեք, ես թռա: Այսինքն, անում է այն, ինչ պետք է աներ, եւ կույր էր պետք լինել՝ այդ դերակատարումը չտեսնելու համար։

Գլխավոր հարցը հետեւյալն է. ինչու Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում, թե սատարում է Սերժ Սարգսյանին։ Պատասխանը տրվեց արդեն, որովհետեւ Սերժ Սարգսյանը հիմա չունի Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը։ Սերժ Սարգսյանի առաջ կանգնած հակառակորդի ուժերն այնպիսին չեն, որ նա ողջ բանակը օգտագործի։ Գագիկ Ծառուկյանը մնում է ռեզերվում եւ Սերժ Սարգսյանի հրամանով մարտադաշտ կմտնի այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի։ Ծառուկյանը կատարում է այն դերակատարումը, որ պետք է կատարեր, նա ապահովում է Սերժ Սարգսյանի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում։ Հարցերի հարցը, ուրեմն, հետեւյալն է. իսկ ի՞նչ էին անում նրանք, ովքեր դիֆերամբներ էին ձոնում Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Կամա, թե ակամա՝ ընդամենը մեկ բան, ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական ընտրությունններում:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31