Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անի ԲՀԿ-ի կես միլիոն ընտրողը, եթե նրան չեն ասելու ո՞վ է նախընտրելի ԲՀԿ-ի վերնախավի համար

Դեկտեմբեր 13,2012 10:52

Ծառուկյանի որոշումը ոչինչ, այնուամենայնիվ, չի բացատրում, հարցականները նույն ձեւով մնում են անպատասխան: Արդյոք Քոչարյանը կառաջադրվի՞: Կամ գուցե Օսկանյանն է ինքնառաջադրվելու: Կամ` այդ դեպքում ի՞նչ անի ԲՀԿ-ի կես միլիոն ընտրողը, եթե նրան չեն ասելու ո՞վ է նախընտրելի ԲՀԿ-ի վերնախավի համար, որոնք խաբված մնացին փաստորեն, քանի որ վեց ամիս նրանց սնում էին հույսով, թե միգուցե իրենց նախընտրած ուժը նախագահի սեփական թեկնածու կունենա: Ուրիշ բան, որ Ծառուկյանը մինչեւ ուղնուծուծը գործարար է, այն էլ հաջողակ, եւ նա մինչեւ վերջին պահը հաշվում էր կորուստն ու շահը` եւ առաջադրվելու, եւ չառաջադրվելու դեպքում: Երեւում է` առաջադրվելու հաշվարկների ցույց տված վնասները մեծ էին, կարող էր «տակ տալ», ինչպես ժողովուրդն է ասում:

Սակայն երեկվա որոշմամբ ամբողջանում է մեր քաղաքական դաշտից սովորաբար ստացվող տպավորությունը, թե գործընթացները նույն կերպ, ինչպես եղել են ոչ հրապարակային, ինտրիգներով կառավարվող, մեկ մարդու որոշմամբ` նույն կերպ էլ մնում են: Ծառուկյանը գոնե իր հեռուստաալիքով կես միլիոն ընտրողին բացատրեր, թե ինչո՞ւ եւ ո՞ր հիմնավորմամբ է հրաժարվում առաջադրվել:

Բացի դրանից` մի քանի ամիս ձգվող ինտրիգը ցույց է տալիս, թե որքան ողբալի է մեր քաղաքական դաշտը, որի ընդդիմադիր եւ իշխանական հատվածները կախված էին փաստորեն մեկ մարդու որոշումից: Մեր ողջ ընդդիմությունն սպասում էր, թե ի՞նչ կորոշի մեկ մարդ` որպես ընդդիմադիր առաջադրվի՞, թե իշխանական թեկնածուին պաշտպանի (ու սա բոլորովին էլ տարօրինակ չէր համարվում` գաղափարական, քաղաքագիտական մոտեցում` չիք): Մի ամբողջ ընդդիմություն ընդդիմադիր կոնսոլիդացիայի գաղափարը կապում էր Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի` որպես գեներացիայի կազմակերպչի հետ: Ինչպիսի~ գաղափարական ընդդիմություն` Ծառուկյանը չկա, կոնսոլիդացիա նույնպես չկա (էն է` իմանային, ՀՀԿ-ի հետ կկոնսոլիդանային):

Ծառուկյանը բացատրելու բան ունի` նախ ընտրողին, հետո սեփական կուսակցությանը, հետո` Օսկանյանին, ով փաստորեն չէր թաքցնում, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ինքը պատրաստ է առաջադրվել…ԲՀԿ-ից: Միգուցե Օսկանյանն էլի՞ չի հրաժարվել իր մտադրությունից:

Եթե հայացք ձգենք այդ որոշումից հետո իշխանական դաշտին ու նրա թեկնածուին` ընդհանուր առմամբ իշխանական թեկնածուի համար Ծառուկյանի չառաջադրվելու որոշումից շահել-տուժելը 50-50 է: Շահում է, քանի որ եթե կասկածում էր, որ Ծառուկյանը բավական ձայն կտանի, այժմ հանգիստ կլինի. այլ թեկնածու, ով էլ առաջադրվի, լուրջ մրցակից չի դառնա, ու երկրորդ փուլի մասին խոսք անգամ լինել չի կարող: Տուժում է, որովհետեւ քվե ունեցող մրցակիցը միշտ էլ ավելի նշանակալից եւ լեգիտիմ է դարձնում հաղթանակը: Մյուս կողմից էլ, Ծառուկյանի չառաջադրումը նրան կարող է օժտել մի լրացուցիչ շտրիխով, թե իշխանությունը ստիպեց նրան, չթողեց առաջադրվի, սա ժողովրդի աչքում, որքան էլ տարօրինակ, բայց կարող է «տուժած տղայի» նոր երանգ հաղորդել Ծառուկյանի կերպարին:

Եթե ստեղծված նոր իրավիճակից նայենք ՀԱԿ-ին, ապա այս ուժը ԲՀԿ-ին հավատալու պատճառով կորցրեց վերջին շանսը ընդդիմադիր ինչ-որ բեւեռ ձեւավորելու, քանի որ ԲՀԿ-ին ուղղված նրա հայացքը շատերին վանեց նրանից, իսկ հիմա ինչ-որ ջանքեր գործադրելու ժամանակ չկա, այսինքն` կրկնվեց խորհրդարանական ընտրությունների ֆենոմենը (ի սկզբանե ՀՀԿ-ԲՀԿ դերաբաշխումը հենց դա էլ երեւի նկատի էր ունեցել, սակայն չենք կարող պնդել, որ վերջին մեկ-երկու ամիսը այդ դերաբաշխումը իմիտացիայից չէր վերաճել իսկական մրցակցության): Այժմ ՀԱԿ-ը մի ելք ունի սեփական դեմքը գոնե մասամբ փրկելու համար` Տեր-Պետրոսյանի առաջադրումը, որն, իհարկե, գուցե ՀԱԿ-ին այս պահին որոշ առումով փրկի, բայց Տեր-Պետրոսյանի համար քաղաքական կարիերայի ոչ հաճելի ավարտ կարձանագրի:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31