Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները կկեղծեն ընդդիմության համար

Դեկտեմբեր 13,2012 10:26

«Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը փաստացի նոր իրավիճակ է առաջացնում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում, ըստ էության, մնում է մենակ, անմրցակից: Իհարկե, նա մրցակիցներ կունենա՝ նոմինալ մրցակիցներ, սակայն Գագիկ Ծառուկյանը կարող էր լինել այն թեկնածուն, որը, եթե իրապես ընդդիմանար Սարգսյանին, կարող էր ձևավորել մրցակցային միջավայր:

Ի դեպ, մրցակցային ընտրությունները այն պահանջն էր, որ ցանկության տեսքով Սերժ Սարգսյանին ներկայացնում էին Եվրոպան և Ամերիկան: Փաստորեն, ընտրությունները մրցակցային չեն լինելու, թեև, մյուս կողմից, Սերժ Սարգսյանը ներկայումս ստացել է մի բավական հետաքրքրական հնարավորություն՝ ընտրությունները կեղծել ընդդիմության օգտին, այսինքն՝ մրցակցային տպավորություն ստեղծելու համար կեղծիքներ թույլ տալ և մի 30 տոկոսի չափ ձայն գրել որևէ ընդդիմադիր թեկնածուի օգտին՝ նայած, թե ով կլինի ընդդիմադիր թեկնածու:

ԲՀԿ-ին դուրս բերելով խաղից և իրեն ապահովագրելով ռիսկերից, Սերժ Սարգսյանը ինքն իրեն ընձեռում է ԲՀԿ-ի այդ մոտ 30 տոկոս ձայնը վերագրել մի որևէ այլ թեկնածուի, քանի որ պարզ է, որ մյուս բոլոր թեկնածուները, անգամ եթե առաջադրվի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօրվա դրությամբ, չունեն 30 տոկոս ձայն, և հարկ կլինի նրանց համար ավելացնել այդ ձայները: Այսինքն՝ մրցակցային ընտրությունները կապահովվեն, այսպես ասած, հակառակ ծայրից՝ ընդդիմության համար կեղծելով, ինչը, բնականաբար, չի առաջանի ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ միջազգային հանրության դժգոհությունը:

Ընդդիմադիր դաշտում համախմբվածության լիակատար բացակայությունը, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներից հասարակության հիասթափությունն ու հուսահատվածությունը վկայում են, որ Սերժ Սարգսյանի համար այս խնդիրը միանգամայն լուծելի է: Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում, ինչքան էլ որ ընդդիմությունը ջանա, պատկերը հազիվ թե էական փոփոխությունների ենթարկվի: Եվ այստեղ, իհարկե, գլխավոր մեղավորը հենց ընդդիմությունն է, առաջին հերթին՝ ՀԱԿ-ը, որը «Բարգավաճ Հայաստան»-ի գործոնը ուռճացրել էր այն աստիճանի, որ գործոնը դաշտից հանելուց հետո տեղում առաջանալու էր մեծագույն դատարկություն, ինչն էլ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո:

Ընդդիմադիրներն իհարկե կարող են չեղած տեղից ձիու քայլ անել և հրաժարվել մասնակցությունից ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանին մենակ թողնելով էպոսագետի հետ, բայց երբ կար նախագահական ընտրություններում արդյունավետ մարտավարություն մշակելու երկար ժամանակ, սակայն ընդդիմությունը ստացավ այն, ինչ կա այսօր, ապա դժվար է կարծել, որ ցայտնոտային այս ժամանակահատվածում ընդդիմությունը կկարողանա առավել ռացիոնալ որոշումներ կայացնել և Սերժ Սարգսյանին փաստի առաջ կանգնեցնել:

Սերժ Սարգսյանն ինքը կարողացավ փաստի առաջ կանգնեցնել ընդդիմությանը՝ Գագիկ Ծառուկյանի միջոցով խաղարկելով իսկապես «գրոսմայստերական» կոմբինացիա, հասունացնելով իրավիճակը մինչև կրիտիկական աստիճան և ՀՀԿ համագումարից առաջ ուղղակի ծակելով այն փուչիկը, որը հենց ինքն էլ փչել էր և բավական հեռացրել իրենից՝ մոտեցնելով հասարակությանն ու ընդդիմությանը: Բարեբախտաբար, այս անգամ այրվածքներ չկան ՀՀԿ փչած փուչիկների պայթյունից, սակայն չի կարելի ասել, որ այդ ամենից հասարակության ստացած վնասը և կորուստները խորքային իմաստով առավել փոքր են: Նման փուչիկները փչելու ու հետո իքս պահին պայթեցնելով իշխանությունը պահելու հետևանքով, ի վերջո, այրվածքներ է ստանում Հայաստանը:

Եվ այս իմաստով, Սերժ Սարգսյանը պարզապես ջրածնային ռումբ է պայթեցրել Հայաստանի քաղաքական դաշտում, երկար ժամանակով ամայացնելով այն: Ասում են, որ ջրածնային պայթյունից հետո այլևս անհնար է այդ տեղում կյանք պատկերացնել: Մեծ հաշվով, այն պետք էլ չէ, որովհետև Հայաստանի հասարակությանը անհրաժեշտ է լիովին նոր քաղաքական դաշտ և նոր համակարգ: Երեկվա իրադարձությունները եկան հենց այդ բանը վկայելու, և երևի թե նախախնամության կամքն էր, որ վկայեցին 2012 թվականի 12-րդ ամսի 12-րդ օրը՝ 12.12.12-ին:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31