Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակվելու են կառավարության գրպանում

Դեկտեմբեր 13,2012 10:04

Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ներդրվող կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգով հավաքագրվելիք միջոցները ոչ թե ծառայելու են տնտեսության զարգացմանը, այլ լուծելու են կառավարության ընթացիկ խնդիրները։ Կապիտալի շուկայի թերզարգացվածության պայմաններում տարեկան առնվազն Դ25 մլրդ ուղղվելու է պետական պարտատոմսերի շուկա՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ներդրվող կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգով հավաքագրվելիք միջոցների մի մասը առաջին տարիներին ծառայելու է ընդամենը պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Թերզարգացած կապիտալի շուկայի պայմաններում կուտակային ֆոնդերում առաջին տարում հավաքագրվելիք մոտ Դ40 մլրդ-ը կամ երկրորդ տարվա Դ45 մլրդ-ը հնարավոր է լինելու միայն տեղաբաշխել կա՛մ ավանդների տեսքով, կա՛մ պետական պարտատոմսերում։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ Հայաստանի տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել «բանկային հաշիվներում և ավանդներում, Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, Հայաստանում գործող կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված արժեթղթերում (բաժնետոմս, պարտատոմս)»։

Իհարկե, կառավարությունը դեռևս չի սահմանել ակտիվների ներդրման սահմանաչափերը, բայց քննարկվում է, որ դրանց ընդամենը 30-40%-ը կարող է ներդրվել արտարժութային ակտիվներում, մնացած մասը պետք է ուղղվի ազգային արժույթով ակտիվներ։ Սա նշանակում է, որ ֆոնդերի կառավարիչները առաջին տարում պետք է Դ24-28 մլրդ տեղաբաշխեն ազգային արժույթով արտահայտված արժեթղթերում։

Ֆինանսների նախարարության պետական պարտատոմսերի տեղաբաշխման վերջին մի քանի տարիների քաղաքականության հետևանքով ազգային արժույթով միակ արժեթուղթն այսօր պետական պարտատոմսն է։ Իհարկե, «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում վաճառվում են «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսեր, սակայն ընկերությունը երեք թողարկումներով տեղաբաշխել է ընդհանուր առմամբ Դ5,5 մլրդ-ի բաժնետոմս։ Հասկանալի է, որ եթե նույնիսկ բոլոր մինորիտար բաժնետերերը որոշեն վաճառել իրենց արժեթղթերը, այն չի բավարարի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները տեղաբաշխելու համար։

Կուտակային ֆոնդերի ակտիվների տեղաբաշխման միակ ուղղությունը, ըստ էության, պետական պարտատոմսեր են. ու որքան էլ զարմանալի է, դրանց եկամտաբերությունն ավելի բարձր է, քան բանկային ավանդներինը։

2014թ. բյուջեի դեֆիցիտի ծրագրային ցուցանիշը Դ120,1 մլրդ է, որից Դ35,8 մլրդ-ը պետք է ֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին։ 2015թ. համար դեֆիցիտի ուղենշային ցուցանիշ է սահմանված Դ118,9 մլրդ-ը, ներքին աղբյուրների հաշվին պետք է ֆինանսավորվի Դ38,4 մլրդ-ը։ Հաշվի առնելով պետական պարտատոմսերի շրջանառության ներկայիս ծավալներն ու մարման ժամկետները՝ 2014թ. անհրաժեշտ է լինելու մարել մոտ Դ50 մլրդ-ի պարտատոմս։ Այս ծավալն աճելու է, քանի որ ֆինանսների նախարարությունն ամենայն հավանականությամբ գալիք տարի ևս թողարկելու և տեղաբաշխելու է կարճաժամկետ պարտատոմսեր։ 2013թ. մարման ենթակա է Դ33 մլրդ-ի կարճաժամկետ պետպարտատոմս։

Հայաստանի պետական պարտատոմսերի շուկայում վերջին մի քանի տարվա ընթացքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարեցտարի ավելանում է նախկինում թողարկված պարտատոմսերի մարման և սպասարկման համար պահանջվող միջոցների ծավալը։ Այսպես, եթե այս տարի նախատեսված է իրականացնել Դ78,6 մլրդ-ի պարտատոմսերի մարում և մոտ ֌24 մլրդ-ի սպասարկման ծախս, իսկ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղել է Դ30,2 մլրդ, ապա 2013թ. պետբյուջեում նախատեսվել է շուրջ Դ29,7 մլրդ-ի պարտատոմսերի սպասարկման ծախս։

Սպասարկման ծախսերի ավելացումն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ մի կողմից տեղի է ունեցել պետական պարտատոմսերի կառուցվածքի փոփոխություն՝ ավելացել է միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի մասնաբաժինը (եկամտաբերությունը ավելի բարձր է քան կարճաժամկետներինը), մյուս կողմից՝ տարեցտարի բարձրանում է պարտատոմսերի միջին եկամտաբերությունը։

Պետական պարտատոմսերի շուկայում եկամտաբերությունը թելադրում է ոչ թե առաջարկը, այլ պահանջարկը։ Հաշվի առնելով, որ կառավարությունը դեֆիցիտի ֆինանսավորման և մարումների ապահովման խնդիր ունի, խաղի կանոնները թելադրում են բանկերը՝ բարձրացնելով պարտատոմսերի եկամտաբերությունը։ Իհարկե, 2014թ. ներքին շուկայում լրացուցիչ մոտ Դ30 մլրդ կառաջանա, սակայն այս ծավալը հազիվ թե էական փոփոխություն մտցնի պարտատոմսերի եկամտաբերության հարցում։ Պետական պարտատոմսերի սպասարկման և դեֆիցիտի ֆինանսավորման խնդիրները շարունակելու են օրակարգային մնալ կառավարության համար։

Ակնհայտ է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգում հավաքագրվելիք միջոցները գոնե առաջին մի քանի տարիներին օգտագործվելու են պետական պարտատոմսերի բուրգաշինությունում և լուծելու կառավարության օրակարգային մեկ խնդիր՝ դեֆիցիտի ֆինանսավորում և պետական պարտատոմսերի նախկին թողարկումների մարում։ Զարգացած կապիտալի շուկայի պայմաններում այս երկար փողերը հնարավոր կլիներ ուղղել տնտեսության զարգացմանը։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31