Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ջհանգիրյանը ապօրինությունների համահեղինակներից մեկն է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2012 17:08

«Միանշանակ ինձ համար պարզ է, որ Գագիկ Ջհանգիրյանը այս գործով համահեղինակներից մեկն է ապօրինությունների: Ես գիտեմ Գագիկ Ջհանգիրյանի այս վերջին քաղաքական գործունեության մեջ ներգրավված լինելը, գիտեմ, որ այնտեղ ինքն անմեղ է եղել: Բայց այս գործով ես համոզված եմ, պնդում եմ, որ նա համահեղինակներից մեկն է»,- այսօր նախագահական նստավայրի դիմաց «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նախաձեռնության անդամները պահանջագիր կարդացին` ուղղված Սերժ Սարգսյանին` հայ հասարակությունից: Պահանջում էին պատժի ենթարկել Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանությունն իրականացնողներին:

Գագիկ Ջհանգիրյանին մեղադրում են նաեւ 90-ականների աղմկահարույց գործերի հետ կապված: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Մատաղիսի գործով պետք է հասնեն նախադեպային որոշման, որը կարող է ճանապարհ բացել նաեւ այն դատապարտյալների համար, որոնք այս պահին անմեղ գտնվում են բանտախցում. «Շուրջ 9 տարի է` Մատաղիսի գործը դատարաններում է, արդեն ՄԻԵԴ է հասել գործը: Ես այս գործով մասնակից եմ եղել որպես փաստաբան: Այն ժամանակ էլ էր ինձ համար պարզ եւ դատախազության համար էլ էր պարզ, որ այդ մեղադրանքը շինծու է, եւ իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ: Դատախազությունը առաջարկ է արել պաշտպանական կողմին` մեղքը ընդունել, գնալ գործարքի, որ մենք ձեզ կտանք մեղմ պատիժ, դուք ուղղակի համաձայնվեք: Իհարկե, նման առաջարկները, որոնք ապօրինի են, պաշտպանական կողմից մերժվել են: Սկզբից դա էին առաջարկում, 15 տարի ազատազրկման դատավճիռ կայացվեց, որից հետո` ցմահ ազատազրկման դատավճիռ կայացվեց եւ այդ երկու դատավճիռները բեկանվեցին ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից: Բայց ցավոք սրտի, այն քննությունը, որը պետք է բացահայտեր իրական մեղավորներին, մինչ օրս տեղի չի ունեցել:

Հիմա էլ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող գործի շրջանակում, դատախազությունը նորից գործարքի հայտարարություն է արել. Այս անգամ փոխել են մեղադրանքը, պահանջում են ուղղակի 7 տարի Ռազմիկ Սարգսյանի համար եւ 8 տարի Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի համար: 7 տարին հիմնավորում են նրանով, որ այն ցուցմունքները, որոնք կորզվել են Ռազմիկ Սարգսյանին` դրանք համարվել են որպես համագործակցություն իրավապահ մարմինների հետ: Պատկերացնո՞ւմ եք աբսուրդը որտեղ է: Ուզում են ավելի մեղմ պատժատեսակ, պահանջելով` գալ մի այնպիսի հանգրվանի, որ այն ժամանակաշրջանը, որ դուք գտնվել եք ազատազրկման մեջ, դրանով կբավարարվենք, իրական մեղավորները կգտնվեն ազատության մեջ:

Այն իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր այս ապօրինի մեղադրանքը մղել են դատարան, կատարել են դատական ակտերի կայացում, նրանք կմնան անպատիժ: Բայց իմ պաշտպանյալներից ոչ մեկին դա չի բավարարում: Իրական հանցագործներն այսօր գտնվում են ազատության մեջ: Գտնվում են, ես չեմ բացառում` ՀՀ Զինված ուժերում, շարունակում են իրենց գործունեությունը շարքային զինծառայողների նկատմամբ: Այսօր մենք պահանջում ենք` մենք չենք ցանկանում գործարքներ, ցանկանում ենք առաջին հերթին բացահայտել սպանություն կատարողներին, տուժողներին տան արդարացի փոխհատուցում, իսկ արդարացի փոխհատուցումը եւ նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցումն է: Իմ պաշտպանյալները, լինելով անմեղ, շուրջ 3 տարի գտնվել են ազատազրկման վայրում: Նրանք անցկացրել են ահավոր օրեր` հացադուլ, անմարդկային վերաբերմունք են տեսել»:

Փոխհատուցում ասվածը, ըստ Զարուհի Փոստանջյանի, նշանակում է յուրաքանչյուր պատժախցում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար 400 եվրո. «Դե հաշվեք տեսեք, թե 3 տարվա համար 3-ից յուրաքանչյուրին ինչքան գումար է կազմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31