Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Դեկտեմբեր 12,2012 14:35

«Չնայած դժվարություններին՝ շատ համերաշխ ենք ապրել»

Ռաֆիկ Սաղոյանի կինը՝ տիկին Քնարիկը, հիշում է, որ 29 տարի առաջ՝ 1983թ., ամուսնու հետ ծանոթացավ նրա քույրերի միջոցով եւ Չորաթան գյուղից հարս եկավ Չինարի գյուղ. «Ամուսինս արհեստավոր մարդ է եղել, դիպլոմ չի ունեցել, բայց ահագին գործ է արել: Մեր տունն ինքն իր ձեռքով է կառուցել: Կյանքը շատ դժվարությամբ ենք ապրել, բայց Ռաֆիկը շատ աշխատասեր ու խոչաղ է եղել: Նա տան տղամարդ էր, ամեն ինչ անում էր, որ ապահովի իր ընտանիքին: Չնայած դժվարություններին՝ շատ համերաշխ ենք ապրել»:

Ռաֆիկ Սաղոյանն այգեգործությամբ էր զբաղվում եւ միշտ օգնում էր համագյուղացիներին թե՛ այգի մշակելու եւ թե՛ շինարարական աշխատանքներում:

 

Սահմանամերձ Չինարի գյուղում ապրող Սաղոյանների ընտանիքը պատերազմի տարիներին շատ դժվարությունների է դիմագրավել, սակայն երբեք չի մտածել գյուղը լքելու մասին:

«Այդ օրն էլ առավոտյան գնաց այգին մշակելու, բայց մի ժամ չանցած հետ եկավ: 4 երեխեքս էլ տանն էին: Կրակոցների ու մեր համագյուղացի Լեւոնի վիրավորվելու մասին որ լսեց՝ նորից գնաց: Իրան էլ նույն տեղում խփեցին… Չէին թողնում իրան մոտենալ, որ հետ բերեին, քանի որ շարունակում էին կրակել: Ահավոր վիճակ էր»,- հուզված պատմում է տիկին Քնարիկն ու ավելացնում, որ շատ է ցավում, որ այդքան դժվար կյանք ունենալուց հետո իր ամուսինն այդպես էլ հնարավորություն չունեցավ տեսնել իր թոռներին:

Նրանց չորս զավակներից ավագ որդին արդեն 2 տարեկան երեխա ունի, ով իր պապիկի անունն է կրում՝ Ռաֆիկ: Դուստրը՝ Լեռնուհին, նույնպես ամուսնացել է եւ 11 ամսական որդի ունի: Կրտսեր որդիներից Գեւորգն արդեն 2 տարուց ավելի է՝ աշխատում է գյուղի գործարանում, իսկ Անդրանիկը ծառայում է բանակում: «Երեխաների հետ միասին, ինչքան որ կարողանում ենք, նրա կիսատ գործերն ավարտին ենք հասցնում, բայց ուժս չի պատում, որ ամեն բան հասցնեմ: Բոլոր հարեւաններն արդեն գազը քաշել են, բայց մենք դեռ չենք քաշել, իսկ Ռաֆիկը որ լիներ՝ գազն արդեն վաղուց քաշած կլիներ: Իմ հարեւաններն ու բարեկամները շատ լավն են, բայց դե ինչքան էլ օգնեն, տանն ամուսնուս տեղը շատ է զգացվում»,- սրտի կսկիծով ասում է տիկին Քնարիկը:

Ռաֆիկ Սաղոյանը զոհվեց 2008թ. հունիսի 18-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած գնդակից, երբ փորձում էր օգնել համագյուղացուն, ով արդեն մահացու վիրավոր էր: Նա 50 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ ceasefire.am

@gmail.com կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Լուսանկարները՝

ԿԱՐԻՆԵ ԻՈՆԵՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31