Պարույր Սեւակը վստահ էր, որ «Լավագույն խոսքը լռության խորքում լռին ասածն է»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է այս մտքին կիրառական նշանակություն տալ եւ կառավարման համակարգում «իրացնել»:
Այս տարվա հոկտեմբերի 30-ի թիվ 1054-Ա որոշմամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք» համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն: Ցուցակում կա 21 անուն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, յուր կինը՝ Գոհար Սարգսյանը, հետո թվարկված են նախարարներ, փոխնախարարներ, վարչությունների պետեր եւ այլն: Նույն օրվա 1053-Ա որոշմամբ հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Տիգրան Սարգսյանը 2012 թվականի դեկտեմբերի 6-8-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) է գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ 25 հոգի: Ու էլի պատվիրակության ցուցակը գլխավորում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, յուր կինը՝ Գոհար Սարգսյանը, հետո թվարկված են նախարարներ, փոխնախարարներ, վարչությունների պետեր եւ այլն:
Դեկտեմբերի 3-ի թիվ 1197-Ա որոշմամբ վարչապետը չեղյալ է հայտարարել 1053-Ա եւ 1054-Ա որոշումները, այսինքն՝ ոչ ոքի չի գործուղել ոչ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սակայն նույն կառավարությունը դեկտեմբերի 6-ին «ավետեց», որ ս.թ. դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք: 21-25 հոգու փոխարեն նշված է հինգ հոգու անուն: 1053-Ա եւ 1054-Ա որոշումներում հստակ արձանագրված է, թե պաշտոնատար որ անձի ծախսը որ աղբյուրը պիտի հոգա: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման մասին հաղորդագրությունում խոսք չկա ոչ վարչապետի կնոջ, ոչ նրա պատվիրակության կազմում լինել-չլինելու, ոչ էլ արվելիք կամ չարվելիք ծախսերի մասին:
Կարդացեք նաև
Եթե վարչապետը մտադիր էր գործուղվել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապա հասկանալի չէ, թե ինչու է գործուղումից ընդամենը երեք օր առաջ չեղյալ հայտարարում գործուղման մասին մեկ ամսվա վաղեմություն ունեցող որոշումները եւ ինչու չկա գործուղման մասին գործող որոշում: Եթե մտադիր էր գործուղվել կնոջ ուղեկցությամբ, ապա հասկանալի չէ, թե այդ մասին որոշումներում հստակ գրած կառավարությունը ինչո՞ւ վարչապետի կնոջ մասին ոչ մի բառ չի գրում պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի վերջո, վարչապետին կարելի է մեղադրել շատ բաներում, միայն ոչ «անթափանց» աշխատելու մեջ: Կառավարության եւ գործադիր իշխանության տարբեր կառույցների աշխատանքը էապես թափանցիկ դարձավ հենց այս վարչապետի օրոք: Թափանցիկության կողմնակից մեր վարչապետը, սակայն, ոչ այնքան թափանցիկ ու հասկանալի որոշումներ է կայացրել եւ իրագործել: Ու առայժմ դեռ «հանելուկ» է՝ ինչո՞ւ է կառավարությունը առանց որոշման գործուղում ուղարկում ՀՀ վարչապետին ու պաշտոնատար այլ անձանց եւ լռում վարչապետի կնոջ՝ պատվիրակության կազմում լինել-չլինելու, արվելիք կամ չարվելիք ծախսերի մասին:
P. S. Գործուղման որոշման բացակայությունը կարծես անցողիկ է եւ «բարի» ավանդույթ մեր կառավարությունում: Օրինակ՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հետո՝ Իրաք, իսկ գործուղման 1095-Ա որոշումը վարչապետը կայացրել է նոյեմբերի 8-ին՝ գործուղումից 4 օր անց: Կամ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նոյեմբերի 26-29-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատականի նահանգ, իսկ գործուղման 1184-Ա որոշումը կայացվել է նոյեմբերի 29-ին՝ գործուղման ավարտից հետո:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ