Հատված ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի հետ հարցազրույցից
– Ներկայիս քաղաքական անորոշ իրավիճակը, երբ մի կողմից խոսակցություններ կան, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու 2013 թ. նախագահական ընտրություններում, մյուս կողմից քաղաքական այլ ուժերը, այդ թվում եւ ՀԱԿ-ը, դեռ չեն շտապում հայտարարել իրենց դիրքորոշման մասին, Դուք ինչի՞ արդյունք եք համարում։ Չի՞ ստացվում, որ, իսկապես, Կոնգրեսը սպասում է Ծառուկյանի խոսքին եւ միայն դրանից հետո կհրապարակի իր որոշումը։
– Ենթադրում եմ, որ Կոնգրեսը ոչ թե հատուկ Ծառուկյանին է սպասում, այլ որոշակի որոշակիությունների։ Որովհետեւ բավականին բարդ խաղ է գնում, ավելի ճիշտ՝ անմաքուր խաղ, եւ այս պահին դեռ վերջնական պարզություն չկա։ Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա վստահ եմ, որ նա շուտով տղամարդու իր խոսքը կասի։
– Եվ, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի այդ «տղամարդու խոսքը», եթե հետեւենք վերջին զարգացումների տրամաբանությանը։
Կարդացեք նաև
– Դեռ ոչինչ պարզ չէ, բացարձակապես ոչինչ, թե Գագիկ Ծառուկյանն ինչպիսի որոշում կկայացնի։ Դրական որոշման դեպքում մի բան է, բացասական որոշման դեպքում՝ մեկ այլ բան։ Ծառուկյանի բացասական դիրքորոշումը, այսինքն՝ իշխանության կողմն անցնելը կամ նման քայլեր անելը իր համար վատ հետեւանքներ ունեցող իրադրություն կստեղծի։ Ինչպես, օրինակ, այդպես արեցին 1998 թ. ընտրությունների ժամանակ, 2003թ. եւ 2008թ.-ին, այսինքն՝ Ծառուկյանը կարող է միանալ ԱԽՔ-երի շարքին։
– Այսինքն, եթե չառաջադրվի՞…
– Եթե ՀԱԿ-ի հետ համագործակցությունը չհասցնի տրամաբանական ավարտին։
– Ի՞նչ ասել է տրամաբանական ավարտ, այսինքն՝ առաջադրման դեպքում ՀԱԿ-ում պատրաստ են սատարե՞լ ԲՀԿ ղեկավարին կամ ԲՀԿ այլ թեկնածուի, թե՞ դուք դեռեւս հույսեր եք տածում, որ հակառակ տարբերակը հնարավոր է։
– ՀԱԿ-ը վաղուց այն դիրքորոշմանն է, որ հարկավոր է այս իշխանություններին վերացնել, քանի որ նրանք կերտել են ավազակապետություն։ Նկատի ունենանք թե ինչ խոշոր դրույքներ են դրված այս գործի մեջ, սա Հայաստանի ապագան է, որը որոշվում է 5 տարվա համար, ինձ թվում է՝ նորից 5 տարի դիմանալ հնարավոր չէ, եւ սա իսկապես կործանարար է։ Նշանակում է՝ Ծառուկյանից մեծ քաջություն է պահանջվում, տղամարդկություն, որպեսզի հասկանա, որ հենց իր հարցերի համար է կարեւոր համագործակցությունը, իր օգնությունը ՀԱԿ-ին։ Այստեղ իշխանական լինել-չլինելու հարցերը չեն, առաջին հերթին լուծվում է մեկ հարց՝ երկիրը կործանման տանող այս իշխանությունից փրկվել։ Ծառուկյանն այս ամենակարեւոր եւ տարրական հարցը պետք է հաշվի առնի։
– Պարոն Աբգարյան, բայց Ծառուկյանն այս իշխանության մեջ էլ կարծես իրեն վատ չի զգում, եւ որտեղի՞ց Ձեզ եւ շատ ՀԱԿ-ականների այդչափ լավատեսություն եւ հավատ, որ Ծառուկյանն ուզում է իշխանություն փոխել եւ, առավել եւս, դրանում օգնել ՀԱԿ-ին։
– Ես ոչնչի չեմ հավատում առանց երաշխիքների, բայց միաժամանակ մարդիկ են, փոխվում են, առաջ չեն հասկանում, կարող է հիմա հասկանում են, առաջ նրանց գլխի քցող չկար, հիմա գլխի քցող կա, մի խոսքով, հազար ու մի հարց կա։
– Այդուհանդերձ, ինչո՞ւ եք այդքան լավատես, եթե, իհարկե, լուրջ պայմանավորվածություն չկա, որ ԲՀԿ-ին դարձի կբերեք, առավել եւս, որ 450 հազար ձայն ստացած կուսակցությունը կօգնի ՀԱԿ-ին եւ ոչ հակառակը։
– Եկեք հարցին այսպես նայենք. այն ծանր բեռը, որ ընկնելու է ապագա նախագահի վրա, որ գալու է այս իշխանությունը տապալելուց հետո, պահանջում է շաաաաաատ ծանր եւ շատ հաշվարկված քայլեր, իսկ ԲՀԿ-ն դրան պատրաստ չէ։ Եվ տնտեսական, եւ քաղաքական հարցե լուծելու համար ԲՀԿ-ն համապատասխան կադրային բազա չունի, իսկ ՀԱԿ-ն այդ առումով խնդիր չունի, կան եւ փորձված, եւ անփորձ մարդիկ։ Տեսեք՝ ՀԱԿ-ից մենակ ես եմ դուրս եկել ակտիվ քաղաքականությունից, մնացած բոլորի տարիքը թույլ է տալիս պաշտոններ զբաղեցնել եւ քաղաքականություն իրականացնել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»