Երեկ մեր թղթակիցը փորձել է Հանրապետական կուսակցությունից ձեռք բերել դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ստորագրված արձանագրությունը, որին միացել էր նաեւ ՀՀԿ-ն։ Այդ փաստաթուղթը, ինչպես տեղեկացրել ենք, կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար եւ, ըստ էության, առաջին քայլն է «Եվրասիական միության» ստեղծման եւ դրան Հայաստանի անդամակցության ճանապարհին։ ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասել է, որ չի կարող փաստաթուղթը տրամադրել եւ կարճ խոսակցությունից հետո անջատել է հեռախոսը: Իսկ մինչ այդ՝ մեր թղթակցի եւ Զաքարյանի միջեւ ծավալվել է հետեւյալ հարցուպատասխանը։
– Պարոն Զաքարյան, կարո՞ղ եք մեզ տրամադրել այդ փաստաթուղթը։
– Ինչի՞ համար եք ուզում։
– Որ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ, ինչպես հասկանում ենք, դա շատ կարեւոր եւ լուրջ բան է:
Կարդացեք նաև
– Իսկ ո՞վ է ձեզ ասում, որ շատ կարեւոր եւ լուրջ բան է։
– Ուզում եք ասել՝ կարեւոր, լուրջ բան չէ՞։
– Քանի որ հարցով հետաքրքրվում եք, ասեմ, այն, ինչ կարեւոր է եւ լուրջ է, կոչվում է հուշագիր, որը դեռ չի ստորագրվել, որը ստորագրվելու է 201 3-ի առաջին կեսին, եւ մենք կուսակցություններով միմյանց մեջ համաձայնեցրել ենք։ Իսկ այն, ինչ ստորագրվել է, կոչվում է արձանագրություն, որը նշանակում է, որ այս, այս, այս կուսակցությունները հավաքվեցին, քննարկեցին եվրասիական ինտեգրման հետ կապված խնդիրները, վերջ։ Եթե դուք դա համարում եք լուրջ… այսինքն, երբ ժողով եք անում, արձանագրում եք, չէ՞։
Արտակ Զաքարյանը, ուշադրություն դարձրեք, կասկածի տակ չի դնում հուշագրի ստորագրումը, ավելին՝ փաստում է, որ դրա տեքստն արդեն համաձայնեցված է։ Այսինքն, ՀՀԿ-ն պատրաստվում է Հայաստանը դարձնել «եվրասիական միության» անդամ։
«Հայկական ժամանակ»