Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՀ կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարարը նկատողություն տվել Գյումրու մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտորին

Դեկտեմբեր 11,2012 23:49

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 23-25-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ էր կատարել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, մի շարք խախտումներ  բացահայտել , որի պատճառով էլ  պարոն Աշոտյանը  խիստ նկատողություն էր տվել բուհի ռեկտորին:

Քանի որ այս ամենը  կատարվել էր նախագահական ընտրություններին ընդառաջ,  կարծիք  էր ձևավորվել, որ ՀՀԿ-ական նախարարը այս միջոցով պատժում է  ԲՀԿ-ական ռեկտորին, «մեսիջ» ուղարկում նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեցող  Գագիկ Ծառուկյանին: Սակայն Արմեն  Աշոտյանը իր ֆեսբուքյան էջում կտրականապես  հերքել էր  հարցի  քաղաքական երանգ ունենալը  ու լրագրողներին առաջարկել ուսումնասիրել նախարարության ստուգումների արդյունքները: Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆեսբուքյան  էջում նույն առաջարկն էր հնչեցրել նաև ռեկտոր Վարդևան Գրիգորյանը` խորհուրդ տալով հարցը չքաղաքականացնել:

Aravot.am-ը ուսումնասիրեց նախարարության` Գյումրու մանկավարժական ինստիտուտում կատարված վերահսկողության արդյունքում կազմված ակտը:  Այստեղ,  որպես բուհի կողմից թույլ տված խախտում, նշված է այն, որ  բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով , բակալավրի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ`«Թարգմանչական  գործ» մասնագիտության գծով 2010-2013 ուս.տարիներին` ընդունելության սահմանային թույլատրված  15 տեղի վրա ընդունվել է 30 ուսանող: Նման մի խախտում է  արձանագրվել մագիստրոսի որակավորման աստիճանով «Ինֆորմատիկա» մասնագիտության տեղերի համար.  նախատեսված 10 ուսանողի փոխարեն ընդունել են 12-ը:

Այնուհետ նախարարության 5 հոգանոց հանձնաժողովը  պարզել է, որ որոշ դասախոսների աշխատանքային գրքույկները բացակայում են անձնական գործերից: Հանձնաժողովականները  պատահականորեն  ընտրել  ու ուսումնասիրել են  57 հիմնական աշխատող դասախոսների անձնական գործեր, որոնցից 15 –ի փաստաթղթերում նկատվել են թերություններ:Իսկ Անի Սուրենի Սահակյանը,  ըստ նախարարության ակտի, ունի չհավատարմագրված դիպլոմ:

Նախարարության  աշխատակիցները ֆիքսել են նաև, որ աշխատանքային  գրքույկներում կատարված գրառումներում պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները , դրանք  ձևակերպված են  անփույթ,  և վերնագրերը չեն համապատասխանում բովանդակությանը:

Ստուգողները  դժգոհ են  եղել նաև նրանից, որ դասախոսները , «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը  չպահպանելով,  ոչ պակաս,  քան 5 տարին մեկ չեն վերապատրաստվել: 2004-2010թվականերին վերապատրաստվել են ընդամենը 11 դասախոս: Հանձնաժողովը դժգոհ է մնացել նաև ուսանողների անձնական գործերում տեղ գտած թերացումներից, ըստ նրանց, «գործավարությունը կազմակերպված է կոպիտ թերացումներով, ինչի պատճառով այդ մասով որևէ տեղեկատվություն ստանալը դառնում է ժամանակատար գործընթաց»:

Նշվում է նաև, որ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների գերակշիռ մասի հետ ինստիտուտը պայմանագրեր ընդհանրապես չի կնքել:

Նկատենք սակայն, որ նախարարական հանձնաժողովի ոչ բոլոր արձանագրությունների հետ  են համամիտ բուհում, այստեղից գրավոր առարկություններ են ներկայացրել նախարարին: Մասնավորապես չեն համաձայնել այն դիտողությանը, թե «Թարգմանչական գործ» մասնագիտության  գծով 2010-2011 և 20120-2013 ուստարիներին  թուլատրված 15 տեղի վրա ընդունվել են 30 ուսանող: Բուհից պարզաբանել են,  որ «2010-2011 ուստարում 032300 «Թարգմանչական գործ` անգլերեն և հայերեն» մասնագիտության  գծով  բուհի կողմից իրացվել է 9 տեղ` 15 տեղի փոխարեն,   և 032300 «Թարգմանչական գործ` ռուսերեն և անգլերեն» մասնագիտության գծով 12 տեղ` 15 փոխարեն, իսկ 2011-2012 ուստարում` հատկացված տեղերը չեն  իրացվել»:

Բուհի ղեկավարությունը չի համաձայնել նաև նախարարության այն արձանագրության հետ, որ պատահական ընտրված 57 հիմնական աշխատող դասախոսների անձնական գործերից  15-ի  աշխատանքային գրքույկները բացակայում են , իսկ Անի Սուրենի Սահակյանը  ունի չհավատարմագրված դիպլոմ: « Ձեր այդ դիտողությանը պատասխանում ենք, որ բուհի կադրերի բաժնում ուսումնասիրվել է մոտ 100 աշխատակցի անձնական գործ, որոնցից նշված 15 աշխատանքային  գրքույկների բացակայությունը անձնական գործերում ունի  հիմնավորում.Վարդանյան Արուսյակ Ռաֆիկի փոխել է աշխատանքի հիմնական վայրը, 3 աշխատակիցներ` Սուքիասյան Գագիկ Արամի, Առաքելյան Աննա Ազատի, Մութաֆյան Մանյա  Նորիկի ազատվել են աշխատանքից, իսկ 3 աշխատակցի` Խաչատրյան Սոնիկ, Ալիխանյան Նելլի և Մանուկյան Հաբեթի աշխատանքային  գրքույկները կենսաթոշակային հարցերով պայմանավորված ներկայացվել են սոցիալական ապահովության Գյումրու տարածքային կենտրոն, իսկ  բուհի Զինվորական ամբիոնի 8 հիմնական աշխատակիցների աշխատանքային գրքույկները , ըստ կարգի,  ՀՀ Պաշտպանության նախարարությունում են» :

Բուհի ղեկավարությունը նաև առարկում է արձանագրված այն կետին, թե Անի Սուրենի Սահակյանը չհավատարմագրված դիպլոմ ունի: «Անի Սուրենի Սահակյանը սովորել և ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի բակալավրիատը և մագիստրատուրան` ստանալով պետական նմուշի դիպլոմ: Վերոնշյալ համալսարանը ՀՀ-ում գործող պետական մասնակցությամբ բուհերի ցանկում է »:

Մանկավարժականի ղեկավարությունը չի համաձայնում նաև նախարարության այն դիտողության հետ, թե բուհի դասախոսները օրենքով սահմանված  կարգով ոչ պակաս, քան 5 տարին մեկ չեն անցել վերապատրաստում:  «Այս դիտողությանը պատասխանում ենք, որ բուհում 2004-2012 թթ.պրոֆեսորադասախոսական կազմի թվով 84 աշխատակցի շնորհվել է գիտական կոչում և աստիճան, որը համարվում է որակավորման բարձրացում:Վերապատրաստման դասընթացների ` հիմնականում մայրաքաղաքում կազմակերպված լինելու պատճառով մեր բուհը կորում է ֆինանսական որոշակի դժվարություններ, ինչպես նաև առաջանում են ուսումնական գործընթացի կազմակերպման  խնդիրներ», – նշված է  առարկության մեջ:

Ներկայացնելով իր առարկությունները`ռեկտոր  Վարդեվան Գրիգորյանը գրում է , որ  համաձայն է  ակտում տեղ գտած մյուս դիտողությունների հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31