Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանն այսօր ամփոփել է 2012թ.-ի 11 ամսվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները, խոսել ձեռքբերումների, առկա խնդիրների եւ եկող տարվա համար նախատեսված ծրագրերի մասին: «Առողջապահության ոլորտում մեր հիմնական խնդիրը մնում է բժշկական կադրերի համալրման հարցը: 2009-2012թթ. ընթացքում մոտ 20 նորավարտ բժիշկներ ընդունվել են աշխատանքի մարզի բուժհաստատություններում, բայց դեռեւս 41 բուժկադրերի պահանջարկ կա մարզում: Քայլեր են ձեռարկվում ուսանողների հետ պայմանագրեր կնքելու ուղղությամբ, որպեսզի ավարտելուց հետո որոշակի ժամանակահատված աշխատեն մարզի տարածքում», – ասաց Աշոտ Ծատրյանը:
Այս տարվա ընթացքում Սյունիքի մարզի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստացել 9765 հիվանդ, իսկ 2011թ-ին` 9175 հիվանդ: Պետպատվերով ստացիոնար բուժում են ստացել 8520 հիվանդ, վճարովի հիմունքներով` 1120, իսկ 455-ը` համավճարի սկզբունքով: Ըստ վարչության պետի` Սյունիքի մարզում այս տարի որոշակի ավելացել է ծնելիությունը: Եթե անցած տարի 11 ամսում արձանագրվել է 1406 ծնունդ, այս տարի գրացվել է 1418 ծնունդ, իսկ մահացությունը մարզում նվազել է 19-ով: 2011թ.-ին գրանցված 1171 մահվան դեպքերի փոխարեն, այս տարի եղել է 1152 մահ: Ցածր է նաեւ մինչեւ մեկ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, իսկ մայրական մահացության դեպք, ըստ պատասխանատուի, վերջին 8 տարիներին չի եղել: Մանկական մահացության պատճառները, ինչպես մյուս բնակավայրերում, սիրտանոթային համակարգի, օնկոլոգիական եւ մի շարք այլ հիվանդություններով եւ որոշ դժբախտ դեպքերով են պայմանավորված:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում ստեղծել երեխաների վերակենդանացման մարզային կենտրոն, որի աշխատանքները ընթացքի մեջ են: Համաշխարհային բանկի ՀՀ կառավարության միջոցներով նախատեսվում են իրականացնել Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման եւ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի համալիրի կառուցման աշխատանքներ: Նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ավարտվել են եւ մոտակա օրերին արդեն կսկվեն շինաշխատանքները: «Կապանի բժկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնանորոգման աշխատանքների համար ընդհանուր ներդրումները կազմում են 1 մլդ 75 մլն դրամ, իսկ Մեղրու հիվանդանոցինը` 1 մլդ 402 մլն դրամ: Այս տարվա ընթացքում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման համար ծախսվել է 46 մլն 125 հազար դրամ գումար», – Սյունիքի մարզպետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց Աշոտ Ծատրյանը:
Գորիսում սկսվել են նաեւ դիարանի կառուցման աշխատանքները, որի արժեքը կազմում է 16 մլն դրամ: Իսկ ԶՊՄԿ-ի կողմից ներդրած 550 մլն դրամ գումարով այժմ հիմնանորոգվում է Քաջարանի բժշկական կենտրոնը, որի աշխատանքները կավարտվեն մոտ 4-5 ամսից: Այս կենտրոնում նախատեսվում է զարգացնել նոր բժշկական ուղղություն` էնդոսկոպիկ ծառայություններ, որի համար կան անհրաժեշտ կադրեր եւ բուժսարքավորումներ:
Կարդացեք նաև
«Մեղրու պոլիկլինիկայի առաջին եւ երկրոդ հարկերը տրամադրվելու են մեզ: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել է, որպեսզի առաջին հարկում ձեւավորվի ընտանեկան բժիշկների գրասենյակները, իսկ երկրոդ հարկում մարզ գործուղված բժիշկների համար բնակարաններ կլինեն: Այդ ծրագիրը 2013թ-ին կյանքի կկոչվի: Մեղրիում կա նեղ մասնագիտության գծով բժիշկների պահանջարկ` աչք, քիթ-կոկորդի եւ այլն: Քաջարանում նույնպես այդ խնդիրը կար, բայց ԶՊՄԿ-ի կողմից նախաձեռնած եւ կյանքի կոչած ապահովագրական ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում ապահովագրվել են ոչ միայն կոմբինատի աշխատակիցները, այլեւ` իրենց ընտանիքների անդամները, Քաջարանի բնակչության գերակշիռ մասն այսօր որեւէ խնդիր չունի առողջապահական հարցերի կազմակերպման գործում: Տվյալ ապահովագրական ընկերությունն ամեն ամիս նեղ մասնագետների այցեր է կազմակերպում Քաջարան քաղաք: Ցանկալի կլիներ, որ մյուս հիմնարկ-ձեռնարկությունների տնօրինությունները նույնպես հետեւեին այս օրինակին, որովհետեւ այն լուրջ խնդիրներ է լուծում», – հավելեց Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը:
Մերի ՍՈՂՄՈՆՈՅԱՆ