Այսօր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հորդորեց հարց ուղղել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի 11 կետերից ոչ մեկը չի կատարվել: Aravot.am-ը փոխանցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի պնդումը, ըստ որի՝ երկրի նախագահը նույնիսկ տնտեսական ճնգնաժամի պայմաններում Սպիտակում բնակարանաշինության իր նախընտրական խոստումը կատարել է: Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ «Ինքը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը չի կարդացել: Այնտեղ Սպիտակի մասին ոչ մի բան, ոչ մի բարբաջ չկա: Այ, որ նախընտրական ծրագրում նման բարբաջ լիներ, նրանք թող համարեին, որ խոստումներից մեկը կատարել է: Բայց նման բան չկա: Դրա մասին ծպտուն անգամ չկա: Այնտեղ ուրիշ բան կա՝ որ յուրաքանչյուր նորաստեղծ երիտասարդ ընտանիք Հայաստանում հնարավորություն կունենա ավտոմեքենա եւ բնակարան ձեռք բերելու»: Մենք հիշեցրինք, որ նման ծրագիր կա, եթե երիտասարդ ամուսնական զույգի տարիքը միասին չի անցնում 60-ը՝ էժան տոկոսով հիփոթեքով հնարավորություն են տալիս բնակարան ձեռք բերել, Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց. «Այդ ծրագրով մարդիկ մեքենա եւ բնակարա՞ն են ձեռք բերում: Հեսա դա էլ կասեմ իրենից ինչ է ներկայացնում: Ինչպես Երեւանի խանութներում են ստրկամիտները գրում «sale», նախօրոք գները բարձրացնում են 2-3 անգամ, հետո գրում 50 տոկոս զեղչ, ասենք, ցանկացած գառնուկ, ապշահար հորթուկ, բերանը բաց արած գնում է՝ մտածելով, թե կես գնով են վաճառում: Հիմա նույն Sale-ը այստեղ է՝ իրենց ծրագրում է դրված: Ծրագրում չի ասել՝ տոկոսադրույքով, այսպես…այնպես: Այնտեղ ասվել է՝ յուրաքանչյուր երիտասարդ նորաստեղծ ընտանիք բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն կունենա՝ սուտ, խաբեբայություն: Թող ցույց տա մի թոշակառուի, որը սրա կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում բարեկեցիկ կյանքով է ապրում՝ ես ազգանունս կփոխեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև