Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ժողովրդի հետ շփվելու «հատուկ ոճ» ունի

Դեկտեմբեր 11,2012 20:42

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ ՀՀԿ-ից գոնե ակտիվ են 15-20 պատգամավոր: Ուստի հարց առաջացավ՝ եթե դուք 71 հոգի եք, ինչո՞ւ են ակտիվ 20-ը, բա մնացած 50-ը ինչո՞վ են զբաղված: Պատգամավորի բացատրելով՝ «Այս պահին են ակտիվ 20-ը, միգուցե նախընտրական ժամանակահատվածում տեսնեք 69-ի ակտիվ գործունեություն: Մենք նաեւ ԱԺ-ում տեսնում ենք, որ մեր բոլոր գործընկերները տարբեր ոլորտներում՝ մեկը հրապարակային դաշտում, մեկը՝ ժողովրդի հետ շփումներում իրեն դրսեւորում է որպես ակտիվ գործունեություն ծավալող պատգամավոր: Եվ պատգամավոր չի նշանակում միայն ակումբներում հանդիպել լրագրողների հետ կամ ամբիոնից հայտարարություններ անել»:

Aravot.am-ը Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ո՞ր դաշտում է ակտիվ՝ ժողովրդի՞ հետ շփումներում, ամբիոններում, թե՞ակումբներու՞ւմ՝ նա պատասխանեց. «Առաքել Մովսիսյանը մի յուրահատուկ տեսակ է, որը ե՛ւ կռվել է եւ հատուկ ոճ ունի ժողովրդի հետ շփվելու»: Մեր հարցին, բայց շփվո՞ւմ է ժողովրդի հետ եւ ո՞ր ժողովրդի հետ է շփվում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, իր տարածքի ժողովրդի: Ինչպես ինքն է նշում՝ իր տան դարպասները երբեւէ փակ չի: Առաքել Մովսիսյանը, որն իր տարածքում, ասենք՝ Փարաքարի շրջանում խնդիր գիտի՝ դպրոցի հետ, կգա կբանակցի խմբակցության ղեկավարի հետ, մեր հետ, կնստենք կխոսենք, այնուհետեւ վարչապետին 2-3 անգամ ասելով՝ կփորձի որեւէ միջամտություն, որպեսզի դպրոցի տանիք վերանորոգվի եւ այլն, եւ այլն: Ունի լավ, մեծ ընկերական շրջապատ դուրսը, ովքեր որոշակի հեղինակություն ունեն, գումար, կարողություն: Կխնդրի, կբերի կվերանորոգեն դպրոցի ենթադրենք  տանիքը, ջեռուցումը»:

Մեր դիտարկմանը, որ դա առանց պատգամավոր դառնալու էլ կաներ՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ եթե այդպես նայելու լինենք՝ առանց պատգամավոր դանալու էլ հնարավոր է օրենք գրել ու անցկացնել: Զարմանալի էր հատկապես պարոն Սահակյանի այն պնդումը, թե  Առաքել Մովսիսյանի տան դարպասները միշտ բաց են ժողովրդի առաջ: Հարցին՝ անգամ նրա աշխատասենյակի դուռն է մշտապես փակ լրագրողների առաջ, ինչպե՞ս կարող են տան դարպասները բաց լինել, նա պատասխանեց. «Միգուցե օգնականն է ուշ գալիս: Անկեղծ ասած, իմ կարծիքը Առաքել Մովսիսյանի մասին բավականին բարձր է, որպես հայրենասեր հայ մարդ, բավականին մեծ հեղինակություն ունի իր տարածքում՝ որպես լավ մարդ, որպես ժողովրդի կողքին կանգնած պատգամավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31