Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդին մարդ է ուղարկել Սամվել Բալասանյանի վրա

Դեկտեմբեր 11,2012 18:48

Ականատեսների վկայությամբ, այսօր կեսօրին «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի  աշխատակիցները, թվով  մոտ 30-40 հոգի,   բողոքի ցույց են կազմակերպել քաղաքապետարանի նախամուտքի մոտ`Սամվել Բալասանյանից  պահանջելով իրենց աշխատավարձը: Նրանք իրենց գումարը նախևառաջ պահանջել են գործատուից` Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակից ու նրա մոտ ընկեր Արման Բադալյանից, ովքեր,  սակայն, նրանց ուղղորդել են դեպի քաղաղաքապետարան` ասելով, որ թող քաղաքապետարանը ՍՊԸ-ի պարտքերը տա, մենք էլ`  ձեր պարտքերը:

Հիշեցնենք, որ դեռևս ավագանու արտահերթ  նիստի ժամանակ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը դժգոհեց, որ  «Գյումրեցի ընկերներ»  ՍՊԸ-ն  իբրև թե փոսալցման աշխատանքներ է կատարել Գյումրիում, սակայն,   իրականում պայմանագիր չունենալով քաղաքապետարանի հետ,  յուրացրել է բյուջեի փողերը. աշխատավարձ տալու փոխարեն 335 միլիոնի դոտացիա  հատկացվել է այս ՍՊԸ-Ին: Իր հեռանալուց հետո էլ  Վարդան Ղուկասյանն այնպես էր արել, որ Սամվել Բալասանյանը ակամա 427 միլիոն  գումարի պարտք մնա իր որդուն: «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն  էլ Սամվել Բալասանյանի` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես, նամակ էր գրել ու սպառնացել իր պարտքը չվճարելու դեպքում դատի տալ:  «Զարմանալի պարտք է՝ 427 միլիոն: Տարվա ընթացքում փոխանցվել է 335 միլիոն, դոտացիայի գումարները, որը որ աշխատավարձ պետք է տրվեր, փոխանցվել են այս ընկերությանը, մեծ գումարներ: Ի՞նչ է կատարվել, 335 միլիոնին գումարենք 427, մոտավորապես 750 միլիոն դրամ այս ընկերությունը  ասֆալտապատման աշխատանքներ է կատարել, այդ ասֆալտապատումը եղել է փոսային նորոգումներով, եւ դա եղել է հիմնականում հուլիս ամսից հետո: Հուլիս ամսից հետո մենք էդքան աշխատա՞նք ենք կատարել փոսալցման: Ճիշտն ասած, ինձ համար աուդիտ կանչելը ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի՝ արդյոք սա իրատեսակա՞ն է համարվում, թե՞ ոչ, որովհետեւ ես խիստ կասկածում եմ՝ հուլիսից հետո փոսի նորոգում ես միայն Սովխոզի վրա եմ տեսել, բենզակալոնկի մոտ, ուրիշ տեղ ես փոսի նորոգում չեմ տեսել: Չունեն լիցենզիա, լիցենզիան չենք կարող գտնել, իրավունք չունեին ասֆալտապատման աշխատանք իրականացնել, բացի դրանից՝ չկան պայմանագրեր, պայմանագիրը 400 միլիոն է եղել, չէր կարող լինել 700 միլիոն, հիմա դուք մտածեք, թե ինչ է կատարվել, ո՞նց կարող ենք աուդիտ չբերել», – երկու ամիս առաջ ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր  պարոն Բալասանյանը: Ու քանի որ  նրան չհաջողվեց աուդիտ հրավիրել, այսօր Սպարտակ Ղուկասյանին պատկանող կազմակերպության բանվորները իրենց  գումարը պահանջել են Սամվել Բալասանյանից: Նրանց ընդունել է քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն  ու  քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, ովքեր և մատչելի բացատրել են , որ  այս ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիր չկա, հետևաբար և փողերը պետք է պահանջեն գործատուից: Վերջիններս, կռահելով , որ  իրենք ընկել են  նախորդ քաղաքապետի կազմակերպած խաղերի մեջ, առայժմ  հեռացել են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31