Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը հնարավորություն չունի. շաքարային դիաբետով հիվանդները դեղերի մեծ մասը սեփական միջոցներով պետք է ձեռք բերեն

Դեկտեմբեր 11,2012 18:28

Շաքարային դիաբետով հիվանդների թիվը մեր հանրապետությունում  տարեցտարի մեծանում է, եւ հիվանդների մեջ շատ են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները:  Շաքարային դիաբետով տառապող հիվադներին դեղերով ապահովելու «ծանր բեռը» պետությունն է ստանձնել: ՀՀ առողջապահության նախարարությունը այս հիվանդների կենսական նշանակություն ունեցող դեղորայքը տրամադրում է պոլիկլինիկաներին, որտեղից էլ՝ այնտեղ հաշվառված հիվանդները յուրաքանչյուր ամիս ստանում են իրենց հասանելիք դեղորայքը:

Օրերս Aravot.am-ը պարբերաբար տարբեր քաղաքացիներից բողոքներ է ստանում այն մասին, որ պոլիկլինիկաներից չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք «դիաբետոն» տեսակի դեղը, իսկ որպես պատճառաբանություն նշվում է, որ դեղեր չկան:

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի 9-րդ պոլիկլինիկայի տնօրեն Նունե Ավանեսյանը այն հարցին, թե ինչու վերջին 1 ամսվա ընթացքում հիվանդները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք դիաբետոնը, կամ՝ դրա փոխարինողը, ասաց. «Առողջապահության նախարարության կայքում դրված է, նայեք կտեսնեք, այնտեղ գրված է, որ պահանջարկի ընդամենը 30 տոկոսն ենք մենք ստանում: Դիաբետոնը, ինսուլինը, ընդհանրապես շաքարային դիաբետով հիվանդների ցանկացած դեղորայք՝ կենտրոնացված դեղորայք է, եւ մենք նախարարությունից ենք ստանում: Մեզ մոտ խնդիր չի առաջացել, մենք ունենք նաեւ դիաբետոնի փոխարինողը, ու երբ դիաբետոն չի լինում` դա ենք տալիս: Այս հարցում նախարարությունն էլ մեղավոր չէ, քանի որ  պահանջարկի միայն  30 տոկոսն է մատակարարվում»: Թեեւ պոլիկլինիկայի տնօրենը վստահեցրեց, որ դիաբետոնի փոխարինողն ունեն ու դա են տրամադրում, բայց հիվանդները հակառակն են պնդում, ասում են, որ ոչ էլ դա են տրամադրում:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղից էլ  դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը հայտնեց, որ շաքարային դիաբետով հիվանդների ապահովումը Հայաստանում կատարվում է երկու սկզբունքով.«Ինսուլին կախյալ հիվանդների ապահովումը մոտավորապես 100 տոկոս է կազմում եւ աշխատանքներ են տարվում 2013 թվականին լիարժեք 100 տոկոսի հասցնելու ուղղությամբ, իսկ հաբերի հետ կապված ասեմ, քանի որ հիվանդները շատ են ու դեղի պահանջարկը մեծ է, իսկ մեր ապահովվածությունը հիվանդի դեղի ընդհանուր պահանջարկի 25-30 տոկոս է կազմում, չի բավականացնում: Բայց այս առումով եւս աշխատանքներ են տարվում, որ 2013 թվականին այդ ապահովվածության տոկոսը եւս մեծանա, բայց դրա համար մեծ ֆինանասական միջոցներ, հատակացումներ են անհրաժեշտ»:

Հարությունյանը նաեւ նշեց, որ դիաբետոնի եռամսյակի  քանակը հոկտեմբեր ամսին հատկացված է եղել պոլիլինիկաներին, եւ մոտ մեկ ամսվա պաշար էլ կհատկացվի դեկտեմբերի 20-ից հետո: Ըստ նրա՝ «Քանի որ ապահովվածությունը 25-30 տոկոս է կազմում, այդ պատճառով էլ հիվանդը  եռամսյա իր պահանջարկի քանակի 1 ամսվա պահանջարկն է ստանում: Այսինքն՝ հիվանդին հասնում է 90 հաբ, բայց պետությունը նրանց տալիս է 30-ը, մնացած 60-ն էլ իրենց միջոցներով պետք է գնեն»,- ավելացրեց Հարությունյանը, տեղեկացնելով, որ շաքարային դիաբետով տառապողների դեղերը բավականին թանկ են, իսկ ոլորտի դեղապահովման ամենամեծ բյուջեն գնում է այս հիվանդներին ապահովելուն:

Պետությունը միջոցներ չունի, հիվանդներն էլ սոցիալապես անապահով են, ու թե ինչպես պիտի այս խնդիրը հանգուցալուծվի՝ անհասկանալի է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31