«Դեռ 2 ամիս առաջ են սկսվել քաղաքում տարվող աշխատանքները: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փորձել է ձևավորման առումով Ամանորը ավելի հետաքրքիր դարձնել: Այս տարվա ամանորյա խորհրդանիշը մանրանկարչության մեջ հայտնի հրեշտակն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Նրա պնդմամբ՝ փորձելու են ստեղծել հեքիաթային մթնոլորտ.
«Ճիշտ է, գույների վրա կենտրոնանալ չենք կարող, սակայն ընտրվեցին կապույտն ու ոսկեգույնը: Հայաստան են ներմուծվել կենդանիներ, ծառեր, որոնք գիշերային լուսավորությամբ էլ ավելի կգեղեցկացնեն քաղաքը»:
Կարդացեք նաև
Արազ Բաղդասարյանի համոզմամբ՝ օգտագործվելու են ձեւավորման տարբեր լուծումներ, այսօր քաղաքը դեռ ամբողջովին ձեւավորված չէ: Դեկտեմբերի 20-ին ամեն ինչ պարզ կլինի` մայր տոնածառի լույսերի վառման արարողության հետ կազդարարվի նոր տարվա գալուստը, որպեսզի մարդիկ կարողանան զգալ ամանորյա շունչը:
«Երեւանը մեր բոլորի տունն է: Տոները անմոռանալի դարձնելու համար օգտագործվելու են նոր լուսային էֆեկտներ, դեկորատիվ մոմեր, պենոպլաստե տնակներ, 3d պրոյեկցիաներ, տարբեր խաղեր: Հեքիաթային միջավայրը փորձել ենք ապահովել: Հանրապետության եւ Շարլ Ազնավուրի հրապարակներում լինելու են նոր ձմեռային օգտագործվող շատրվաններ, որոնք կսկսեն գործել դեկտեմբերի 20-ին»:
Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու խոսքով՝ չի կարելի աշխատանքները մեկ օրում ավարտել, այն օր օրի կատարվում է.
«Պետք է ասել, որ Երևանում երբևէ չենք ունեցել վերանորոգված կամարանցումներ, ուստի դրանք նախ վերանորոգվել են, հետո միայն նկարազարդվել և լուսավորվել: Լավ կլինի, թե վատ, կդատեք ինքներդ, միայն համոզված եմ, որ նախորդ տարիների համեմատ` անհամեմատելի է լինելու»:
Ամանորյա ծախսերի համար այս տարի Երևան քաղաքի բյուջեով հատկացվել է 20 միլիոն դրամ, մնացած գումարները քաղաքապետարանին հատկացրել են գործընկերները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ