Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի նայեք պատմության թանգարանին, որպես Թուրքիա կամ մեկ այլ թշնամական տարր». Անելկա Գրիգորյան

Դեկտեմբեր 11,2012 17:29

«Այն նյութերը, որ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում, բավարար չեն այս խնդիրը ներկայացնելու, մեկնաբանելու դրանց նշանակությունը եւ հանրությանը ցուցադրելու համար: Նախաձեռնությունն իր մեջ կրում էր այդ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, մեր ունեցածը ճանաչելու ու ճանաչելի դարձնելու նպատակ: Ասել, թե հենց այնպես է որոշվել տեղափոխել՝ այդպես չէ: Ամեն աշխատանք ունի սրբագրման կարիք»,- այսօր պատմամշակութային կոթողների պահպանության համար պատասխանատու մարմինների և պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող ակտիվիստների միջեւ բանավեճ-քննարկման ժամանակ նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

Նրա պնդմամբ բացառիկ հուշարձաններ կան, որոնք բեկորային վիճակում են: Դրանք բեկված, կոտրված, տրոհված կտորներ են: Պատմության թանգարանը իր գրպանով է անում այդ ամենը.

«Ցուցահանդեսը մարմին է, որը կայանում է աչքիդ առաջ: Հուշարձանների պահպանության վարչությունը վերանայել եւ նպատակահարմար է գտել տալ այնքան կոթողներ, ինչքան կար: Այն նյութերը, որոնք պահպանվում են պատմության թանգարանում, բավարար չեն հանրությանը մատուցելու համար: Հուշարձանների ցուցակագրումը, ինչպես նաև ցուցահանդեսի կազմակերպման ընթացքը գիտական վերահսկողության տակ էին։ Հիմա պատմության թանգարանը սկսել է անել այդ գործը: Մի նայեք պատմության թանգարանին, որպես Թուրքիա կամ մեկ այլ թշնամական տարր»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ տնօրենն Վլադիմիր Պողոսյանի համոզմամբ պետությունն ինքն է որոշում իր սեփականությունն ինչպես օգտագործի եւ այստեղ հարցը իրավական դաշտում է:

«Բնատաճար» հասարակական նախաձեռնության ղեկավար Ապրես Զոհրաբյանն էլ ասաց, որ 20 տարի է ինչ մենք անկախացել ենք, սակայն հուշարձանների հին ցուցանակները դեռ չեն փոխվել.

«Ինչու են դրանք անմխիթար վիճակում, եթե դա պետական կառավարման գործն է, ապա պետության կառավարման մեջ հանրությունը պետք է իր մասնակցությունն էլ ունենա: Աչքաչափով արված գործեր են, 115 հուշարձանից 63-ն են ներկայացվում, իսկ հետո 51-ը եւ այլն: Հարցը չի դրվել մասնագիտական լայն քննարկման»:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով բոլոր բեկորները ուսումնասիրվել են, պետությունը բազմաթիվ, հազարավոր բեկորներ ունի, որոնք հաշվառված չեն.

«Սա շատ գեղեցիկ, գիտականորեն, համոզիչ ծրագիր է: Պետք է ունենալ գիտական հիմնավորումը, որը մենք ապահովել ենք, սիրողական մոտեցումը սխալ է:

Հուշարձանները անձի կարգավիճակ ունեն, չի կարելի սիրողական մոտեցում ցուցաբերել: Սա ուղղակի տեղափոխություն չէ, սա ցուցադրություն է հետ վերադարձնելու նպատակով»:

«Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնության ակտիվիստ Ռուբեն Բաղդիշյանը, ի հակադրումն այս տեսակետի, նշեց, որ հուշարձանները պետությանը չեն պատկանում, այլ հանրությանն են.

«Արխիվային լուսանկարների հիման վրա կատարվել է ցուցակագրում, այդ պատճառով էլ թվի նման տատանում կա: Հուշարձաններին ոչնչացում չէր սպառնում»։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31