Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Իշխան Զաքարյանի, ներքին աուդիտը չի կայանա, եթե այն ուղիղ ենթակա է տվյալ հիմնարկին

Դեկտեմբեր 11,2012 17:21

Հունվարի 1-ից լիարժեք գործելու է «Ներքին աուդիտի մասին» օրենքը, իսկ այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց  ներքին աուդիտի համակարգի ներդրման գործընթացը. թե ինչպե՞ս է այն գործելու եւ ներքին աուդիտներն ի՞նչ ֆունկցիաներ են իրականացնելու: Մասնավորապես, ֆիննախարարի ներկայացմամբ՝ ներքին աուդիտը ոչ թե ուղղակի ստուգող մարմին է, այլեւ խորհրդատու, այսինքն աուդիտի միջոցով հայտնաբերում են խնդիրները, ռիսկերը եւ ղեկավարին ներկայացնում դրանք: Ընդ որում, աուդիտները նշանակվում են տվյալ գերատեսչության ղեկավարի կողմից:

Խորհրդարանական լսումների ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր բարձրացրեց: Օրինակ՝ օրենքում նշված է, որ ներքին աուդիտորն անկախ է, պարոն Մինասյանն էլ փորձեց ճշտել, թե ումից կամ ինչից է անկախ, հատկապես, եթե նա նշանակվում է այն գերատեսչության ղեկավարի կողմից, որտեղ պետք է աուդիտ անի, եւ արդյոք պետական աշխատավարձը, որն այսօր բարձր չէ եւ նույն չափով էլ վճարվելո՞ւ են ներքին աուդիտորները, բավարա՞ր է մասնագիտական որակյալ աշխատանք կատարելու համար:

Ֆինանսների նախարարն էլ նշեց, եթե ներքին աուդիտորն անկախ լինի այն կառույցից, որտեղ պետք է աշխատի, ապա դա չի լինի ներքին, այլ՝ արտաքին աուդիտոր կլինի, եւ ներքին աուդիտորը բացի իր ղեկավարից, որեւէ մեկին չի ենթարկվելու: Ըստ Վաչե Գաբրիելյանի, սրանով, աուդիտորի ավելի բարձր անկախություն անհնար է. «Չի բացառվում, որ լինի երկակի ենթակայություն, կարելի է քննարկել, որ օրինակ միեւնույն ժամանակ մեկ այլ մարմնի էլ ենթարկվի, իսկ եթե ղեկավարի հետ կապ չունենա, դա ներքին աուդիտին կթուլացնի: Չեմ կարծում, դա կլինի առավել արդյունավետ»:

Ինչ վերաբերում է աուդիտորների աշխատավարձերին, ապա պարոն Գաբրիելյանը նշեց, որ շատ ոլորտներում՝ հարկային մասնագետների, իրավաբանների եւ այլն, կա այդ խնդիրը, երբ պետական աշխատավարձերը շուկայականի հետ չեն համապատասխանում:

Լսումների ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ հարց ուղղեց նախարարության ներկայացուցիչ Մակար Ղարիբյանին՝ թե ինչ նպատակ է ունենալու ներքին աուդիտը եւ կարո՞ղ է մի նախարարության օրինակով ներկայացնել, թե աուդիտորը ասենք, առողջապահության կամ քաղաքաշինության նախարարությունում ինչպես է ռիսկերը բացահայտելու. «Որովհետեւ այն ինչն օրենքում գրված է, մի քիչ հեշտ է ստացվում, բայց օրինակ բերեք, թե աուդիտորը ինչպես օգնի հիմնարկի ղեկավարին, որ ռիսկերը քիչ լինեն կամ չլինեն»:

Մակար Ղարիբյանն էլ իր սեփական փորձից օրինակ բերեց՝ երբ մի կառույցում տարբեր հաշվարկների միջոցով բյուջետային մուտքերի ահռելի տարբերություն  է եղել, եւ ներքին աուդիտի միջոցով կարողացել են տվյալ կառույցի համար ընդունելի հաշվարկային մեթոդ սահմանել»:

Ըստ էության այս պատասխանն այնքան էլ չբավարարեց պարոն Զաքարյանին, որն իր ելույթում ասաց. «Ես հեռու եմ այն մտքից, որ ներքին աուդիտորական համակարգը կկայանա, եթե այն ուղիղ ենթակա է հիմնարկի ղեկավարին: Ես կարծում եմ, որ ներքին աուդիտը պետք է ֆինանսների նախարարությանը  ենթարկվի, որովհետեւ այս նախարարությանն են ներկայացնում բյուջետային հայտերը, իսկ ներքին աուդիտորները պետք է օժանդակեն, որ բյուջեն ճիշտ ձեւավորվի եւ ճիշտ որոշում կայացվի»:

Ըստ պարոն Զաքարյանի, ներքին աուդիտը պետք է կարողանա հստակ գնահատել, թե ասենք տվյալ շինարարության համար իրականում բյուջետային որքան գումար է հարկավոր, թե չէ, այսօր գումարը հատկացվում է, հետո արտաքին աուդիտը պարզում է,  որ միլիոններ են փոշիացվել. «Օրինակ՝ շինարարության եւ գնումների ոլորտը, պիտի խիստ լինենք, եւ բյուջեի կատարողականին լրջագույն վերահսկողություն իրականացնենք, որպեսզի արատավոր երեւույթները վերացնենք:  Ատկատները որտեղի՞ց են գալիս, հո՞ օդի մեջից չեն գալիս»:

Պարոն Զաքարյանի դիտարկմամբ, ներքին աուդիտի կայացումը կարեւոր է արտաքին աուդիտի համար եւ եթե լավ կայանա, ապա հնարավոր կլինի 100 տոկոսանոց վերահսկողություն իրականացնել պետական բյուջեի ծախսային մասերին:

Aravօt.am-ի այն հարցին, արդյոք պարոն Զաքարյանի դիտարկումների հետ համաձա՞յն է ֆինանսների նախարարը, Վաչե Գաբրիելյանն ասաց. «Պարոն Զաքարյանը բերեց այն նորմերը, որոնք գոյություն ունեն դրսում, դրանք  երկակի ենթակայություն են: Հայաստանում այդ հարցը լուծվել է այնպես, որ մեթոդապես բոլորը ենթարկվում են ֆիննախին: Բավարա՞ր է դա, թե՝ ոչ ժամանակը ցույց կտա: Մենք պատրաստ ենք քննարկելու առաջարկությունը: Իսկ հիմնականում մենք նույն դիտարկումներն ունեինք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31