Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ՀՀ ԿԳ նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը պարգեւատրեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող- մարզիկներին:
Նախարարը փաստեց, որ ուսանողական մարզական ֆեդերացիան այս տարի գրանցել է հաջողություններ, մասնավորապես` անդամագրվել է Եվրոպական ուսանողական մարզային ասոցիացիային. «Դա մեր լավագույն ուսանող-մարզիկներին հնարավորություն տվեց մասնակցել համաուսանողական խաղերի: Հաջորդ տարի Երեւանում կկայանա Եվրոպական ուսանողական մարզային ասոցիացիայի նախագահող նիստը: Մեր խնդրին է` որոշել այն մարզաձեւերը, որոնք կարող են Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսանալ եւ մեդալներ նվաճելու հնարավորություն ընձեռել»:
ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը հայտնեց, որ 13-րդ հանրապետական ուսանողական խաղերին մասնակցել է ՀՀ 20 բուհի շուրջ 2000 ուսանող` մրցելով 8 մարզաձեւում:
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի անցկացմանն աջակցած հիմնադրամը շարունակելու է իր նպաստը բերել ուսանողական նախաձեռնություններում: Արմեն Աշոտյանը Կարեն Ավագյանին հանձնեց ԿԳ նախարարության եւ ուսանողական մարզական ֆեդերացիայի շնորհակալագիրը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ