Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ստացել ենք ծանուցագիր:
Դեկտեմբերի 24-ին, ժ.10-ին հրավիրվել ենք դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ նշանակված «Առավոտի» դեմ հայցով նախնական դատական նիստին:
Դատարանը ուղարկել էր նաեւ նոյեմբերի 29-ի իր որոշումը, համաձայն որի՝ հայցն ընդունվել է վարույթ:
Հայցվորը 9 տարվա ազատազրկման դատապարտված, ազատազրկման վայրից վերջերս վերադարձած, 2-րդ խմբի հաշմանդամ, 69-ամյա Ռազմիկ Աբրահամյանն է, ով վիճարկում է «Առավոտում» տողերիս հեղինակի կողմից 2003թ.սեպտեմբերի 26-ին տպագրված «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հրապարակումը, գտնելով, որ այդ հրապարակմամբ ոտնահարվել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:
Կարդացեք նաև
Մինչ դատարան դիմելը, հայցվորը դիմել էր նաեւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի քրեական գործ հարուցվի լրագրողիս նկատմամբ: Ես գրավոր բացատրություն եմ տվել ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչին,, ինչպես նաեւ ներկայացրել այն դատավճիռը, համաձայն որի հայցվորը դատապարտվել է ազատազրկման: Նշեմ, որ հայցվորը նույնաբովանդակ հայցով դիմել է դատարան նաեւ «Հայկական ժամանակի» իմ մյուս գործընկերոջ դեմ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ